Փաստ. հաճախ մեզ թվում է, թե այնքան ենք մեծացել, որ կարող ենք սեռական հարաբերությունների մեջ մտնել: Սակայն արդյո՞ք մենք պատրաստ ենք դրա հնարավոր հետևանքներին: Դեպքերը կարող են այլ ընթացք ունենալ: Այնպիսի ընթացք, որը դու չէիր պլանավորել:
Կյանքում հնարավոր չէ միշտ ապահովագրված լինել տհաճ անակնկալներից և անցանկալի իրավիճակներից: Հնարավոր է, որ շատ զգույշ մեքենա վարեք, սակայն, այնուամենայնիվ, վթարի ենթարկվեք: Անկասկած, ճանապարհին ուշադիր լինելը նվազեցնում է վտանգը, բայց, ցավոք, դա վատ միջադեպերից խուսափելու երաշխիք չի կարող լինել:
Նույնը կարելի է ասել նաև ինտիմ հարաբերությունների մասին: Ընդհատված սեռական հարաբերությունը կամ հակաբեղմնավորիչ միջոցները օգնում են կանխել չպլանավորված հղիությունը: Իսկ եթե կիրառված մեթոդը չի գործե՞լ… կամ վատագույն դեպքում, «դա» տեղի է ունեցել հակառակ քո ցանկությա՞ն (օրինակ՝ տեղի է ունեցել բռնաբարություն)… Նման իրավիճակներում հնարավոր է հղիանալ: Իսկ ի՞նչ անել այդ դեպքում: Դժվար է հարցին միանշանակ պատասխան տալ, սակայն կարելի է փորձել միասին դուրս գալ նման իրավիճակից:
Անցանկալի հղիությունը, հատկապես վաղ տարիքում, առաջացնում է ծանր հոգեկան ապրումներ, հոգեբանական խնդիրներ և մարդուն կանգնեցնում է դժվար ընտրության առջև: Այդպիսի հղիության (ինչպես նաև դրա ընդհատման) պատճառով զույգի և նրանց ծնողների ու հարազատների հարաբերությունները կարող են վատանալ կամ նույնիսկ խզվել: Երեխային լույս աշխարհ բերելը կամ հղիությունն ընդհատելը դժվար որոշում է: Չէ՞ որ, ամեն դեպքում, հետևանքներն առաջին հերթին աղջկա համար են անխուսափելի:
Անցանկալի հղիության ընդհատումն անվնաս միջամտություն չէ: Այն կարող է ծանր հետևանքներ ունենալ ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Դրա համար, նախքան հանուն սիրո պայքարելը, ամեն դեպքում մտածիր՝ արդյո՞ք պատրաստ ես դեպքերի այնպիսի ընթացքի, որը կարող է ազդել քո ողջ ապագայի վրա: Սա շատ լուրջ փորձություն է նույնիսկ մեծահասակների համար:
«Աբորտ» լատիներեն բառ է և թարգմանաբար նշանակում է «դուրս նետել, վիժել», այսինքն ընդհատել հղիությունը:
Ի՞նչ է նշանակում հղիության արհեստական ընդհատում և վիժում: |
+> |
Արհեստական կոչվում է այն աբորտը, որն իրականացվում է հիվանդանոցում աղջկա կամքով կամ բժշկական ցուցումով (կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող իրավիճակի պատճառով, երբ երեխային ծննդաբերելը հակացուցված է): Երբեմն հղիությունն ընդհատվում է աղջկա կամքին հակառակ՝ օրգանիզմի ռեակցիայի հետևանքով: Սա կոչվում է վիժում:
|
Աբորտը շարքային բժշկական միջամտություն չէ: Ըստ վիճակագրական տվյալների` հղիության արհեստական ընդհատման դեպքերի զգալի մասը բարդություններ են ունենում:
Հղիության ընդհատումը դեռահասության տարիքում անպտղության և գինեկոլոգիական բարդությունների վտանգ է պարունակում:
Հղիության ընդհատման կամ երեխային լույս աշխարհ բերելու որոշումը կայացնելիս պետք է առաջնորդվել կյանքի և առողջության, ինչպես նաև հոգեկան վիճակի պահպանման տեսանկյունով: Այդ իսկ պատճառով, նախքան որոշում կայացնելը, ծանոթացեք խնդրին առավել մանրամասնորեն:
1. Հղիության ընդհատումը բժշկական և իրավաբանական տեսանկյունից |
+> |
- Հղիության ընդհատումն իրականացվում է բուժհաստատության պայմաններում (հիվանդանոց, կլինիկա կամ ծննդատուն) և միմիայն բժիշկ-գինեկոլոգի կողմից:
- Արհեստական ընդհատումը նախընտրելի է իրականացնել հղիության վաղ ժամկետում (մինչև 6-7 շաբաթական):
- Ռուսաստանում աբորտի ինքնուրույն որոշում աղջկան թույլատրվում է կայացնել 15 տարեկանից: Իսկ Ուկրաինայի օրենսդրության համաձայն, 14 տարեկանից աղջիկն իրավունք ունի նման խնդրով դիմել ցանկացած բուժհաստատության գինեկոլոգի (ծննդատուն, հիվանդանոց, կանանց առողջության կենտրոններ, մասնավոր կլինիկա): Հայաստանում` 18 տարեկանից սկսած:
- Հայաստանում անչափահաս աղջկա (18 տարեկան չլրացած) հղիության արհեստական ընդհատումը կատարվում է նրա օրինական ներկայացուցիչների`ծնողների, խնամակալների գրավոր համաձայնությամբ:
- Ընդհանուր առմամբ, հղիության արհեստական ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: Բժշկական ցուցումների դեպքում ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը իրականացվում է կնոջ գրավոր համաձայնությամբ:
- Եթե հղիությունը 12-22 շաբաթական է, ապա ընդհատումը հնարավոր է միայն լուրջ բժշկական և որոշ սոցիալական ցուցումների համաձայն (օրինակ՝ բռնաբարության հետևանքով առաջացած և մի շարք այլ դեպքերում):
- Աբորտի բժշկական և սոցիալական ցուցումները յուրաքանչյուր երկրում կարգավորվում են օրենքով:
Հղիության ընդհատումը ոչ մասնագետի կողմից, ոչ հիվանդանոցային պայմաններում քրեորեն պատժելի արարք է:
Հղիության ընդհատման մի քանի մեթոդներ գոյություն ունեն: Նախկինում չծննդաբերած երիտասարդ աղջիկների համար առավել անվնաս մեթոդը դեղորայքային աբորտն է: Այս միջամտությունը հնարավոր է իրականացնել միայն մասնագիտացված բուժհաստատությունում և միայն որակավորված բժշկի կողմից:
Նախքան որոշում կայացնելը անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի և հոգեբանի հետ: Բժիշկը պետք է տրամադրի անցանկալի հղիության ընդհատման մեթոդների, հնարավոր վտանգների և հետևանքների մասին ամբողջական ինֆորմացիա: Ահազանգի՛ր, եթե բժիշկը փորձում է ճնշում գործադրել և ազդել քո որոշման վրա: Այդ դեպքում ավելի լավ է այլ մասնագետի դիմել:
Եթե հղիությունը բռնաբարության հետևանք է, ապա հոգեբանի օգնությունն անխուսափելի է:
Այս դեպքում էլ կա ընտրության հնարավորություն. կարելի է ընդհատել հղիությունը կամ ծննդաբերել և հանձնել որդեգրման, եթե ինքդ չես կարող մեծացնել երեխային: Շատ են այն ծնողներն, ովքեր չեն կարող սեփական երեխան ունենալ և պատրաստ են որդեգրել:
Պետք չէ արագ որոշում կայացնել և ոչ էլ ձգձգել այնքան, որ աբորտի թույլատրելի ժամկետներն անցնեն:
Հոգեբանական աջակցություն հնարավոր է ստանալ դեռահասների մասնագիտացված կլինիկաներում (կենտրոններում) բարյացկամ ծառայություններ տրամադրող մասնագետների կողմից: Այնտեղ աշխատում են տարբեր մասնագետներ, և նրանք բարյացկամ են, իսկ դա նշանակում է, որ քեզ կլսեն, կաջակցեն, քո խնդրին նուրբ մոտեցում կցուցաբերեն և կօգնեն կայացնել ճիշտ որոշում:
Եվ, որ ամենակարևորն է՝ բժիշկները պարտավոր են գաղտնի պահել հիվանդի վիճակի և բուժօգնության դիմելու մասին տվյալները: Սակայն, եթե քո առողջությունը վտանգված է, ապա բժիշկն իրավունք չունի թաքցնել դա քո ծնողից:
|
2. Հնարավոր հետևանքներ |
+> |
Աբորտը ցանկացած տարիքում կարող է առողջության համար վտանգավոր լինել, հատկապես, եթե այն իրականացվել է վիրաբուժական ճանապարհով: Բարդությունները պատահում են նույնիսկ հղիության դեղորայքային ընդհատումից հետո: Դրանք կարող են ի հայտ գալ ինչպես միջամտության ընթացքում, այնպես էլ դրան հաջորդող մի քանի օրերի, երբեմն նույնիսկ տարիների ընթացքում:
Աբորտի հետևանքներից ու բարդություններից են.
- ներքին սեռական օրգանների (արգանդ, արգանդի վզիկ) վնասում
- Վարակի ներթափանցում և դրա հետևանքով առաջացող սեռական օրգանների վարակիչ հիվանդություններ
- Արյունահոսություն
- Դաշտանային ցիկլի խանգարում
- Հորմոնալ խանգարումներ
- Վիժումների բարձր հավանականություն
- Արտարգանդային հղիություն
- Արգանդի, արգանդի վզիկի, կաթնագեղձերի ուռուցքների առաջացման բարձր ռիսկ
- Անպտղություն։
Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ շատ աղջիկներ աբորտի պատճառով անհանգստություն, հոգեկան խնդիրներ և մեղքի զգացում են ունենում: Շատերը դառնում են դյուրագրգիռ, առաջ է գալիս դեպրեսիա`ընկճախտ, տրամադրության կտրուկ տատանումներ: Ոմանց մոտ՝ նույնիսկ հիստերիաներ, վախեր, մղձավանջներ:
|
Քիչ չեն դեպքերը, երբ աղջիկները վախի ազդեցությամբ գաղտնի են պահում հղիությունը, ինքնուրույն են փորձում «մասնագետ» գտնել, ովքեր ոչ հիվանդանոցային պայմաններում կատարում են հղիության արհեստական ընդհատում:
Կարևորը հաստատուն օրենքն է այն մասին, որ «հղիության ապօրինի ընդհատումը» կյանքի և առողջության համար մեծ սպառնալիք է: Ապա թե ոչ, այն չէր կատարվի ապօրինի կերպով:
Եվ այսպես, եթե հղի ես, ուրեմն, նախ և առաջ, խուճապի մի′ մատնվիր: Փորձիր խոսել ծնողներիդ կամ որևէ հարազատ մեծահասակի հետ, ինչքան էլ դա դժվար կամ անհնարին թվա:
Մի′ թաքցրու հղիությունդ քո զուգընկերոջից, չէ՞ որ այդ հարցում նա ունի պատասխանատվության իր բաժինը: Ի վերջո, իսկական երջանկությունը այն տղամարդու կողքին է, ով սիրում է, ում կարելի է վստահել, երբեք չվախենալ անսպասելի հղիությունից, սեռավարակներից: Դրա համար պետք չէ շտապել և սեռական կյանք վարել ամեն պատահած երիտասարդի հետ:
Որպեսզի զերծ մնաք անցանկալի հղիությունից և դրա հետևանքներից, խորհուրդ ենք տալիս քեզ և քո զուգընկերոջը միասին ծանոթանալ հակաբեղմնավորման մեթոդներին: Եթե քեզ այդքան էլ հաճելի չէ նման թեմայով զրուցել զուգընկերոջ հետ, մենք քեզ առաջարկում ենք կարդալ ««Ինչպես խոսել նրա հետ այդ մասին» հոդվածը:
Իսկ եթե քեզ լրացուցիչ հարցեր են հետաքրքրում, կամ շտապ օգնության կարիք ունես,
դիմի′ր մեր կայքի մասնագետին՝ խորհրդատվություն ստանալու համար:
Հ.Գ.
Մեզ հաճախ հարցնում են. «Ինչո՞ւ է հղիության ընդհատման թեման քննարկվում: Չէ՞ որ աղջիկը նախ մտածում է երեխային լույս աշխարհ բերելու, այլ ոչ թե հղիությունն ընդհատելու մասին»: Ուրեմն այսպես․ մենք վստահ ենք, որ հղիության ընդհատման մասին պետք է իմանալ ոչ թե այդ քայլին դիմելու, այլ անցանկալի հղիության արհեստական ընդհատման դեպքերից խուսափելու համար: Իսկ դա կարող է ծանր հետևանքներ ունենալ ֆիզիկական և հոգեկան առողջության համար: Տեղեկացված ես, ուրեմն պաշտպանված ես: Այնպես չէ՞:
Նկարները մենք գտել ենք այստեղ և այստեղ: