Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Բացահայտումների 9 ամիսները

Երկրագնդի վրա ամեն վայրկյան ծնվում է 4 երեխա: Նրանք, մինչ ծնվելը, արդեն հասցնում են մի շարք գրեթե անհավանական փոփոխությունների միջով անցնել: Փոփոխություններ, որոնք 2 փոքր բջիջներից ստեղծում են բարդ և անկրկնելի մարդկային օրգանիզմ: Իսկ դու գիտե՞ս, թե այս ամենն իրականում ինչպես է տեղի ունենում: Ո՞չ: Դե, ուրեմն, բացթողումը լրացնելու ճիշտ ժամանակն է:

Նոր կյանքի սկիզբը հրաշք է: Հղիության ընթացքում տեղի են ունենում բազմաթիվ անհավանական փոփոխություններ. երկու բջիջներից՝ սպերմատոզոիդից (սերմնաբջիջ) և ձվաբջջից զարգանում է բարդ և երբեք չկրկնվող նոր օրգանիզմ: Այս երևույթը գրեթե հրաշք է, քանի որ նույնիսկ գիտնականները չեն կարող հստակ պատասխանել այն հարցին, թե ինչու է հենց այս կամ այն պրոցեսը տեղի ունենում:

Այնուամենայնիվ, այս զարմանալի երևույթը հասկանալու համար դա մեզ չի խանգարում: Եվ հավանաբար, դու նույնպես ունես որոշակի պատկերացումներ այն մասին, թե իրականում ինչպես է այս ամենը տեղի ունենում:

 

ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄ

Սեռական հարաբերության ժամանակ կնոջ հեշտոցի մեջ մի քանի միլիլիտր սերմնահեղուկ է թափվում, որը պարունակում է մի քանի տասնյակ միլիոն սերմնաբջիջ: Բայց դրանցից միայն 3 հազարն են հասնում ֆալլոպյան (արգանդային) փող, և միայն մեկն է բեղմնավորում ձվաբջիջը:

ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Այդ երկու սեռական բջիջների միաձուլումը նորմայում կատարվում է կնոջ արգանդային փողի մեջ, որտեղ ձվաբջիջը հայտնվում է` ձվարանից դուրս գալուց հետո (ձվազատում):  Բեղմնավորված ձվաբջիջը սկսում է արագ բաժանվել և արգանդային փողի միջով շարժվել դեպի արգանդի խոռոչ: Այս պրոցեսը տեղի է ունենում փողի մկանային կծկումների և էպիթելիումի  թավիկների շարժումների շնորհիվ:

Մի քանի օրվա ընթացքում բեղմնավորված ձվաբջիջը հասնում է արգանդի խոռոչ, որտեղ էլ տեղի է ունենում ներպատվաստում (իմպլանտացիա) արգանդի լորձաթաղանթում: Այդ պահից սկսած սաղմի սնուցումը ապահովում է մոր օրգանիզմը:

Հղիությունը տևում է միջինում 280 օր (37-40 շաբաթ) և ավարտվում է ծննդաբերությամբ:

ԱՃՈՂ ՊՏՈՒՂ

Մեր պատկերասրահում կգտնեք հղիության ընթացքում սաղմի և պտղի զարգացման գործընթացը պատկերող  նկարներ:

Previous Image
Next Image

info heading

info content

 

Հղիության ընթացքում կնոջ քաշը ավելանում է 11-14 կգ, ներառյալ պտղի քաշը:

Ապագա մայրիկի, ինչպես նաև նրա հարազատների համար փոփոխություններն ակնհայտ են դառնում հատկապես հղիության 2-րդ կիսամյակում: Այդ ժամանակահատվածում երեխան սկսում է ակտիվ շարժվել: Ցանկության դեպքում հնարավոր է զգալ պտղի շարժումները՝ ձեռքով շոշափելով կնոջ որովայնը:

 

giphy (10)

 

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Երեխայի զարգացումն ուղղակիորեն կապված է ծնողների առողջության և ժառանգական գործոնների հետ: Շատ կարևոր է նաև ապագա մայրիկի վարքագիծը և սովորությունները:

  • Ծխող մայրիկի երեխան հաճախակի կհիվանդանա:
  • Հղիության ընթացքում ծխախոտի օգտագործումը նպաստում է երեխայի զարգացման արատների առաջացմանը: Հղիության և կրծքով կերակրման ընթացքում ծխախոտի օգտագործումը կարող է դառնալ նորածին երեխայի հանկարծամահության պատճառ:
  • Նույնիսկ փոքր քանակությամբ ալկոհոլի օգտագործումը կարող է ազդել երեխայի աճի և զարգացման ընթացքի, լսողության, տեսողության վրա: Հնարավոր է նաև բնածին արատների և մի շարք այլ հիվանդությունների առաջացում:
  • Թմրանյութերի օգտագործումը վաղաժամ ծննդաբերության, պտղի մահվան կամ զարգացման արատների պատճառ կարող է լինել:

Բնական ճանապարհով բեղմնավորումը մեծ խնդիր է երեխա պլանավորող որոշ զույգերի համար: Պատճառներից մեկը սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետևանքներն են զույգի կամ զուգընկերներից մեկի մոտ:

Ժամանակակից բժշկությունը գտել է անպտղության խնդրի լուծումը արհեստական (արտամարմնական,  փորձանոթային) բեղմնավորման ճանապարհով: Սակայն դա երկար և բավականին բարդ գործընթաց է, որը չի երաշխավորում 100% արդյունք: Բացի այդ, արհեստական բեղմնավորումը բավականին թանկ է և հասանելի  չէ բոլորին:

Նույնիսկ եթե ներկա պահին երեխայի մասին պլաններ կազմելը դեռ վաղ է, լավ է, որ մտածես նաև ապագայի մասին: Հավանաբար, մի քանի տարի անց դու կհանդիպես այն մարդուն, ով կփոխի կյանքի հանդեպ քո պատկերացումները: Հանուն այդ օրվա արժե պահպանել առողջությունը և մտածել ապագա փոքրիկների մասին: Միայն այդ պարագայում կարող ենք վստահաբար ասել, որ հղիությունը կդառնա քեզ համար հրաշալի բացահայտումների 9 ամիսներ:

 

Նկարները գտել ենք այստեղ, այստեղ և այստեղ: