Ինչպես խոսել նրա հետ այդ մասին
Դուք երկուսով եք որոշելու, թե ինչպես պաշտպանվել չպլանավորված հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից: Մեթոդի ընտրության որոշումը կախված կլինի յուրաքանչյուրիդ առողջական վիճակից, սեռական հարաբերությունների հաճախականությունից, ապրելակերպից և ապագայի պլաններից: Մասնագետի հետ խորհրդակցելուց և յուրաքանչյուր բեղմնականխիչ մեթոդի դրական և բացասական կողմերը միասին քննարկելուց հետո, կարելի է ընտրել առավել համապատասխան եղանակ:
Երբեմն երիտասարդները չեն մտածում այդ կարևոր հարցի մասին: Այնուամենայնիվ, նրանցից մեկը պետք է քաջություն ունենա և սկսի խոսակցությունը այս թեմայով: Եվ այսպես. եթե դուք արդեն ապրում եք սեռական կյանքով կամ պլանավորում եք, սակայն երեխա ունենալուն դեռ պատրաստ չեք, չկարծեք, որ դուք զերծ եք մնալու նման խնդիրներից: Ժուժկալությունը (սեռական հարաբերություններից զերծ մնալը) կամ եթե արդեն բավականաչափ մեծ եք՝ ժամանակակից հուսալի հակաբեղմնավորիչ մեթոդների օգտագործումը ճիշտ և պատասխանատու որոշումներ են:
Քո զուգընկերը փորձելու է համոզել, որ այս առումով նա լիովին վստահում է քեզ կամ կապ չունի նման խնդիրների հետ: Դա այդպես չէ: Ինտիմ հարաբերությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը կրում է ձեզնից յուրաքանչյուրը հավասար չափով:
Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է վարել նման դժվար, բայց շատ կարևոր խոսակցությունը:
1) Ընտրիր հարմար պահ: Նպատակահարմար չէ սկսել խոսակցությունը մարդաշատ վայրում, ուտելուց առաջ, ընկերների հետ երեկույթի ժամանակ, կամ ինչ-որ տեղ շտապելիս: 🙂
2) Վստահաբար արտահայտիր քո տեսակետը այս հարցի վերաբերյալ: Ստորև բերված նախադասությունները կարող են օգնել սկսելու նման զրույցը.
- «Ես անհարմար եմ զգում այս հարցը բարձրացնել, սակայն ինձ համար շատ կարևոր է իմանալ, թե դու ի՞նչ ես մտածում անվտանգ սեքսի մասին»:
- «Ես գիտեմ, որ որոշ մարդիկ չեն օգտագործում պահպանակներ սեռական հարաբերությունների ժամանակ, սակայն կարծում եմ, որ դա շատ կարևոր է: Ես նախընտրում եմ անվտանգ սեքսը: Իսկ դու՞»:
- «Որոշ մարդիկ կարծում են, որ ես չափազանց զգուշավոր եմ, բայց ես ինձ ապահով եմ զգում, երբ օգտագործում եմ պահպանակ սեռական հարաբերության ժամանակ: Դու է՞լ էս այդպես մտածում»:
3) Դու ունես մեկ հավատարիմ զուգընկեր, ում վստահում ես, և կարծում ես, որ հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործելու կարիք չկա՞: Բացատրիր, թե ինչու դա այդպես չէ:
Երկրորդը, եթե դու կամ քո զուգընկերը նախկինում արդեն ունեցել եք սեռական հարաբերություններ, արդյո՞ք համոզված եք, որ ձեր «նախկին զուգընկերները» առողջ են եղել: Բացառված չէ, որ նրանցից ոմանք վարակված են եղել սեռավարակներով, այդ թվում նաև ՄԻԱՎ-ով:
Ի վերջո, մարդիկ կարող են վարակվել և երկար ժամանակ անտեղյակ լինել, քանի դեռ հիվանդության նշաններ չեն արտահայտվել: Հետևաբար, նախքան սեռական հարաբերություններ ունենալը զուգընկերները պետք է հետազոտվեն ՄԻԱՎ-ի և սեռավարակների նկատմամբ:
4) Եթե պարզվի, որ դուք տեղեկացված չեք տարբեր բեղմնականխիչ մեթոդների մասին, միասին փնտրեք մանրամասն տեղեկություններ հավաստի աղբյուրներից: Օրինակ` TeensLIVE կայքից 🙂
Քո առողջությունը մեծագույն արժեք է: Ուստի, պատասխանատվութամբ վերաբերվելով դրան՝ դու հույսդ չես դնի ուրիշի վրա և ինքնուրույն տեղեկացված և պատասխանատու որոշում կկայացնես սեռական կյանքով ապրելու վերաբերյալ:
Նկարն այս հոդվածի համար գտել ենք այստեղ: