Մի՞թե սա չէ երջանկությունը

Հղիության թեստը դրական է… Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) և բժիշկը հաստատեցին` դու հղի ես… Մի՞թե սա չէ երջանկությունը: Ինչպե՞ս վերաբերվել դրան:
Իհարկե, եթե հղիությունը պլանավորված է, սպագա մայրը և իր հարազատները կսկսեն շնորհավորել միմյանց այս առիթով: Սակայն ոչ միշտ է այդպես լինում, հատկապես, շատ երիտասարդ տարիքում, երբ հղիությունը պլանավորված չէ, անսպասելի է, իսկ ապագա մայրը դեռ ինքն է երեխա: Այս իրավիճակում պետք է կատարել ընտրություն`ունենալ երեխա, թե՞ ընդհատել հղիությունը:
Նախ և առաջ, խուճապի մի մատնվիր: Յուրաքանչյուր որոշում պետք է ընդունել հիմնվելով ոչ թե զգացմունքների, այլ առողջ դատողության վրա՝ սթափ մտածելով և գնահատելով բոլոր դրական և բացասական հետևանքները:
Երկրորդ, ոչ մի դեպքում մի գայթակղվիր էժան, գաղտնի և ցանկացած ժամկետներում հղիության արհեստական ընդհատման առաջարկներով: Դա կարող է վտանգավոր լինել ոչ միայն առողջության, այլ նաև՝ կյանքի համար:
Երրորդ, անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկ-գինեկոլոգի հետ.
- պոլիկլինիկայում` ըստ բնակության վայրի,
- ընտանիքի պլանավորման կենտրոնում,
- կանանց առողջության կենտրոններում և
- դեռահասներին բարյացկամ ծառայություններում:
Պետք չէ վախենալ, որ բժիշկը այդ մասին անմիջապես կտեղեկացնի դպրոցին կամ կզանգահարի ծնողներին: Բուժաշխատողները պարտավոր են պահպանել բժշկական գաղտնիքը:
Եվ, իհարկե, դու պետք է քաջություն ունենաս և խոսես ծնողներիդ հետ: Իրենց համար դա ոչ պակաս շոկային իրավիճակ է: Սկզբում նրանք կվրդովվեն, կփնովեն ձեզ, սակայն, ի վերջո, կհանգստանան, և դուք միասին կքննարկեք հետագա անելիքները: Որպեսզի ծնողները արագ հանդարտվեն, ավելի լավ է համբերատար լսել բոլոր մեղադրանքները, համաձայնվել նրանց ասածների հետ, իսկ հետո ամեն ինչ հանգիստ բացատրել և խնդրել իրենց աջակցությունը:
Հիանալի է, եթե դու և ապագա երեխայի հայրը սիրում եք միմյանց և ուզում եք ստեղծել ընտանիք: Խոսեք ձեր ծնողների հետ, այցելեք բժշկի և ստացեք խորհրդատվություն հղիության պահպանման և երեխայի ծննդաբերության վերաբերյալ:
Իսկ եթե քո ընկերը` իմանալով հղիության մասին, լքում է քեզ, մի՛ հուսահատվիր: Վստահ եղի՛ր. քեզ օգնության կհասնեն ծնողները, հարազատները, ընկերները, ծանոթները, և անհրաժեշտության դեպքում` հոգեբանական և սոցիալական ծառայությունների մասնագետները: Դու անպայման կգտնես աջակցություն, եթե չթաքցնես այն փաստը, որ դրա կարիքն ունես:
Երբեմն, իհարկե, լինում է, որ չես կարող խորհրդակցել որևէ մեկի հետ, և խուճապի ես մատնվում: Այդ դեպքում կարող ես զանգահարել թեժ գիծ: Մասնագետ-խորհրդատուները կօգնեն կողմնորոշվել, թե որտեղ կարելի է դիմել:
Չնայած այն հանգամանքին, որ զույգը հավասարապես կիսում է հղիության պատասխանատվությունը, վերջնական որոշումն ընդունում է աղջիկը: Դա նրա իրավունքն է: Ի վերջո, ցանկացած տարբերակում փոխվում է, առաջին հերթին, կնոջ կյանքն ու ապագան:
Հետևաբար, հղիության պահպանման որոշում կայացնելը պետք է ընդունվի գիտակցաբար և կշռադատված, հաշվի առնելով սեփական առողջությունը: Միայն փորձառու բժիշկը կարող է օգնել ճիշտ գնահատելու հղիության ընդհատման և ծննդաբերության վտանգներն ու հետևանքները:
Հղիությունը պահպանելու որոշման պարագայում պետք է նաև հաշվի առնել երիտասարդ մայր դառնալ քո պատրաստակամությունը. միգուցե դու չես ուզում հրաժարվել քո կյանքի նորմալ ընթացքից կամ ուսումից, և ամբողջությամբ նվիրվել երեխային: Իսկ դա կպահանջի մեծ ջանքեր և համբերություն: Անհրաժեշտ է մտածել այն մասին, թե ինչպես կկարողանաք հաղթահարել որոշ խնդիրներ, որոնց հետ բախվում են դեռահաս մայրերը և ով կկարողանա օգնել քեզ այդ հարցերում:
Եվ, նախքան որոշում կայացնելը, ծանոթացիր հղիության արհեստական ընդհատման, այսինքն՝ աբորտի որոշ բժշկական ասպեկտներին, ինչպես նաև հետևանքներին: