Մեր մասին

Դեռ մանկությունից մենք բոլորս երազել ենք դառնալ մեծահասակ, լինել անկախ և իրավունք ունենալ կայացնելու լրիվ ինքնուրույն որոշումներ: Եվ այժմ, երբ դու արդեն 14 տարեկան ես (կամ էլ, հնարավոր է` 12 կամ 16), թվում է, թե ահա եկել է այն վաղուց սպասված անկախության ժամանակը: Ընկերներ, նոր բացահայտումներ, հարաբերություններ, սեր… այդ ամենը գրավում է և ստիպում կորցնել գլուխը, մտորել, երազել … Բայց կյանքի իրադարձությունների այս վառ շրջապտույտում անընդհատ առաջանում են ապրումներ և այնպիսի հարցեր, որոնք իրականում միշտ չէ, որ այնքան հեշտ և անցավ են, ինչպես կարող էր քեզ նախկինում թվալ:

Ինչպե՞ս տիրապետել «անզուսպ», զարգացող մարմնին, որը ժամանակ առ ժամանակ պարգևում է ոչ միշտ հաճելի անակնկալներ: Ինչպե՞ս պաշտպանել քո սեփական դիրքորոշումը, չենթարկվել ուրիշների ճնշմանը և չդառնալ ուրիշների կողմից մանիպուլյացիայի առարկա: Ինչպե՞ս հասկանալ, թե այն, ինչ դու զգում ես, հավերժական սեր է, թե՞ ժամանակավոր հետաքրքրություն, սիրահրապույր: Ե՞րբ արդեն կարելի է և ժամանակն է անցնել ավելի «լուրջ» հարաբերությունների, իսկ երբ ավելի ճիշտ է կանգ առնել և չշտապել … Այնքան շատ հարցեր, որոնց պատասխանել իրականում հեշտ չէ:

Լինել երիտասարդ երբեմն հեշտ չէ: Մենք գիտենք այդ մասին, քանի որ անընդհատ շփվում ենք երիտասարդ աղջիկների և տղաների հետ: Նրանք հաճախ կիսվում են իրենց մտահոգող հարցերով, խոսում են այն խնդիրների մասին, որոնց հետ բախվում են առօրյա կյանքում և հարաբերություններում:

Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք հավաքել այն բոլոր հարցերը, որոնք կարող են հուզել երիտասարդներին, իսկ հնարավոր է` նաև քեզ և քո ընկերներին, և օգնել գտնելու գոնե դրանց մի մասի պատասխանները teensLIVE-ում` դինամիկ, վառ, ուրախ և միևնույն ժամանակ շատ անկեղծ և երբեմն նույնիսկ մի քիչ լուրջ կայքում: Համարյա թե նույնպիսինը, ինչպիսին ես դու և քո կյանքը:

Ի՞նչ կարող ես գտնել teensLIVE կայքում:
  • Փոքրիկ հոդվածներ և խորհուրդներ շատ տարբեր թեմաներով` սեր, հարաբերություններ, սեքս, առողջություն, շփման գաղտնիքներ, հետաքրքրություններ և այլն: Այդ խորհուրդները քո համար նախապատրաստել են հոգեբանները` մարդկային հարաբերությունների մասնագետները, ինչպես նաև ամենաբարի և ամենահասկացող բժիշկները: Այդ բոլոր հոդվածները հավաքված են «Կարդալ» բաժնում: Ի դեպ, այստեղ դու կգտնես նաև հետաքրքիր կայքերի հղումներ, ինչպես նաև կարևոր հեռախոսահամարներ, որոնցով կարող ես զանգահարել տարբեր, այդ թվում նաև կրիտիկական իրավիճակներում:
  • Եթե «Կարդալ» բաժնում տեղադրված հոդվածները քեզ չեն համապատասխանում, կամ դու պարզապես ցանկանում ես ավելի մանրամասն իմանալ մասնագետներից որևէ կոնկրետ բան, ապա առանց կաշկանդնվելու ուղղիր նրանց քո հարցը «Հարցնել» բաժնում: Հատուկ կենտրոններում աշխատող բժիշկները և հոգեբանները, որոնք կոչվում են դեռահասներին/ երիտասարդներին բարյացակամ (ուրեմն, իսկապես հասկանում և հարգում են երիտասարդների խնդիրները) հաճույքով և հնարավորինս սեղմ ժամկետներում կպատասխանեն քո հարցին:
  • Դու ուզու՞մ ես անձամբ խոսել բժշկի կամ հոգեբանի հետ և ունենալ երաշխիք, որ նրանք չեն կարդալու քարոզներ, ուշադիր կլսեն և կաշխատեն քեզ օգնել: Ուրեմն, այցելիր «Գտնել» բաժինը և գտիր քո մոտակայքում գտնվող հատուկ մասնագիտացված կենտրոնը կամ բժիշկներին, որոնք աշխատում են երիտասարդ աղջիկների և տղաների հետ, և ում կարելի է դիմել ցանկացած, քո համար հարմար ժամանակ:
  • Իսկ «Իմանալ» բաժնում դու միշտ կարող ես հետևել հետաքրքիր միջոցառումներին և իրադարձություններին, որոնք կազմակերպվում են երիտասարդների համար, ինչպես նաև իմանալ օգտակար և հետաքրքիր նորություններ երիտասարդների աշխարհից:
Իսկապես, երիտասարդներն երբեմն դժվարություններ են ունենում, բայց մենք կաշխատենք անել այնպես, որ teensLIVE-ն օգնի քեզ լուծել շատ հարցեր: Ի դեպ, դու միշտ կարող ես գրել մեզ այն մասին, թե հատկապես ո՞ր թեմաներն են քեզ հետաքրքրում, հուզում, անհանգստացնում, որպեսզի մենք կարողանանք նոր հոդվածներում և խորհուրդներում գրել այդ մասին:

Մենք միշտ շատ ուրախ ենք տեսնել քեզ մեր կայքում և հուսով ենք, որ դու քեզ լավ կզգաս այստեղ, teensLIVE-ի տիրույթում:

Teenslive Հայաստան թիմ