Ուղերձ ծնողներին
Շատ ծնողներ շփոթվում են, երբ երեխան սկսում է հարցեր տալ այն մասին, թե որտեղից են հայտնվում երեխաները, ինչով են տարբերվում տղաները աղջիկներից կամ ինչ է սեքսը: Այդ և մի շարք այլ հարցերի նկատմամբ հետաքրքրությունը դառնում է հատկապես նկատելի, երբ որդին կամ դուստրը մտնում են դեռահասության շրջան: Եվ հաճախ այնպես է պատահում, որ ոչ թե ծնողները, այլ տեղեկատվության այլ աղբյուրները` ընկերները, հասակակիցները, լրատվամիջոցները և համացանցը հանդիսանում են դեռահասի համար ավելի հեղինակավոր, քան ծնողական կարծիքը:
Այդ իսկ պատճառով, շատ կարևոր է, որ դեռահասներն ունենան սեփական առողջության, հարաբերությունների և շատ այլ հարցերի վերաբերյալ ճիշտ և վստահելի տեղեկատվության հասանելիություն, այդ թվում նաև համացանցում, որտեղ նրանք անցկացնում են իրենց ազատ ժամանակի զգալի մասը: Այդ նպատակով ստեղծվեց առաջին հայալեզու մասնագիտացված տեղեկատու հարթակը` teensLIVE կայքը:
Բոլոր դեպքերում, այն, որ դուք այցելել եք այս կայք, նշանակում է, որ Ձեր երեխայի բախտը բերեց: 🙂 Ձեր հետաքրքրությունը վկայում է երեխայի դաստիարակության, ներառյալ և նրա կարևորագույն բաղկացուցիչ մասի` սեռական դաստիարակության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին: Ոչ բոլոր մեծահասակներն են գիտակցում, որ այս գործընթացում կարևորագույն դերը պատկանում է հենց իրենց` ծնողներին:
Սեռական դաստիարակությունը իրենից ներկայացնում է շարունակական գործընթաց. մեկ երկար զրույցի փոխարեն ավելի նպատակահարմար են կարճ և հաճախակի զրույցները:
Սեռական դաստիարակությունն երեխայի ընդհանուր դաստիարակության մի մասն է: Այն նույնքան կարևոր է, ինչպես և երեխային սովորեցնել պահպանել անձնական հիգիենան, փողոցն ճիշտ անցնել կամ շփվել: Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան մեծանա ոչ միայն ֆիզիկապես առողջ, այլ նաև կարողանա ճիշտ կառուցել հարաբերությունները, անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել նաև սեռական դաստիարակության հարցերին:
- հարաբերություններ, ընկերություն, սեր, ամուսնություն և ընտանիքի կազմում, երեխաների ծնունդ և դաստիարակություն,
- հոգևոր և բարոյական արժեքներ, մշակութային և սոցիալական նորմեր,
- շփում, մերժելու և պայմանավորվելու ունակություններ, ճնշմանը դիմակայելու, ուրիշների ազդեցության չենթարկվելու, պատասխանատու որոշումներ կայացնելու հմտություններ,
- մարդու վերարտադրողական իրավունք,
- գենդեր և գենդերային հավասարություն հասկացությունները, բռնության կանխարգելում և հաղթահարում,
- կնոջ և տղամարդու անատոմիա և ֆիզիոլոգիա, սեռական հասունացում,
- ինչպես պատրաստվել ծնող լինելուն, անցանկալի հղիության կանխարգելում և ընտանիքի պլանավորում,
- հիվանդությունների կանխարգելում և վերարտադրողական առողջության պահպանում,
- ռիսկային վարքագիծ և դրա կանխարգելում:
Այս թեմաները մասամբ դասավանդվում են դպրոցում, տարբեր առարկաների շրջանակներում: Մասնավորապես, Հայաստանում, ինչպես և մի շարք այլ երկրների դպրոցներում, 8-ից 11-րդ դասարաններում դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» առարկան, որտեղ ներառված են վերատադրողական առողջության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին, սեռավարակներին, վնասակար սովորություններին և այլ հարցերին նվիրված թեմաներ: (Նոր կրթական չափորոշչի համաձայն «Առողջ ապրելակերպի» թեմաների շրջանակը ընդլայնվել է և սկսվելու է 5-րդ դասարանից)։ Շատ դպրոցներում անցկացվում են նաև ֆակուլտատիվ դասեր` նշված թեմաներով: Սակայն միայն ուսուցիչների ջանքերը բավարար չեն: Հենց ընտանիքում ճիշտ և ժամանակին սկսած սեռական դաստիարակությունը` երեխայի մոտ համընդհանուր մարդկային արժեքների, այդ թվում և ընտանեկան կյանքի արժևորման, առողջ և անվտանգ ապրելակերպի, սեփական և շրջապատողների առողջության և կյանքի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորման գրավականն է:
Այդ իսկ պատճառով փորձե՛ք սատարել Ձեր երեխային հասունացման շրջանում, դարձե՛ք նրա ընկերը, եղե՛ք բաց` երեխայի հետ ցանկացած, նույնիսկ ամենանուրբ և «ամոթ» հարցերը քննարկելու համար: Երբ ծնողները քննարկում են սեռական հարաբերություններին վերաբերող թեմաները և անկեղծ պատասխաններ են տալիս իրենց երեխաների հարցերին, նրանք ոչ միայն տեղեկություններ են տրամադրում, այլ տալիս են դիրքորոշում և պատվաստում արժեքներ, որոնք կօգնեն երեխաներին մեծանալ առողջ, հաջողակ և երջանիկ:
- ծնողները հանդիսանում են լավ լսողներ,
- ծնողները երեխայի հարցերին տալիս են ճիշտ և անկեղծ պատասխաններ,
- երեխան ունի սեռական հարցերի վերաբերյալ սեփական կարծիք ունենալու և այն ազատ արտահայտելու իրավունք, առանց վախենալու, որ դա կբերի ծնողի բարկանալուն կամ պատժի,
- ծնողները չեն պարտադրում շատ խիստ և ոչ ճկուն վարքագծային նորմեր,
- երեխան զգում է, որ ծնողները լսում են նրան, հասկանում են և սատարում:
Ավելի մանրամասն տեղեկություններ այն մասին, թե ինչպես պատրաստվել, որպեսզի սեռական դաստիարակության գործընթացն լինի հարմարավետ և՛ ձեր, և՛ երեխայի համար` ստանալով մասնագիտական պարզ խորհուրդներ, կարելի է գտնել այս կայքերից (ռուսալեզու աղբյուրներ):
Իսկ եթե դուք ունենաք մեր նյութերի հետ կապված հարցեր կամ առաջարկություններ, կապնվեք մեզ հետ: Մենք սիրով կանդրադառնանք Ձեր առաջարկություններին, որպեսզի էլ ավելի լավ, հասկանալի և մատչելի դարձնենք կայքում տեղադրված տեղեկատվությունը: