Կրկին հորմոնների մասին. առասպելներ և փաստեր
Բեղմնականխման առաջին հորմոնալ միջոցների, մասնավորապես` հորմոնալ դեղահաբերի օգտագործումից արդեն անցել է ավելի, քան 50 տարի: Այդ ժամանակ՝ կես դար առաջ, հորմոնալ հաբերի օգտագործումն առաջացնում էր կողմնակի երևույթներ, օրինակ՝ սրտխառնոց, մարմնի ավելորդ քաշ և այլն: Եվ չնայած այն հանգամանքին, որ ժամանակակից հորմոնալ հակաբեղմնավորիչներն ավելի արդյունավետ են և նման խնդիրներ չեն առաջացնում, այնուամենայնիվ, գոյություն ունի սխալ համոզմունք, որ հորմոնալ բեղմնականխումը վատ բան է:
Ուստի, փորձենք քննարկել ընտանիքի պլանավորման այդ եղանակի առավել տարածված թյուր կարծիքները: Եթե գտնում ես, որ դա էլ բավական չէ, միշտ կարող ես ուղարկել մեզ քո հարցը և պարզել ամեն ինչ մեր բժիշկների միջոցով:
Ի դեպ, բժիշկի խորհրդատվությունը պարտադիր է հորմոնալ հակաբեղմնավորիչների պատշաճ ընտրության համար:
Բազում ուսումնասիրություններ չեն ապացուցել հակաբեղմնավորիչների օգտագործման և մարմնի քաշի միջև ուղղակի կապը:
Այս առասպելը կապված է նախ և առաջ առաջին սերնդի դեղերի հետ, որոնք պարունակում էին հորմոնների բարձր դեղաչափեր: Ժամանակակից հակաբեղմնավորիչները պարունակում են հորմոնների շատ ցածր դեղաչափեր, և կանանց մեծամասնության մոտ չեն առաջացնում քաշի ավելացում: Դրա մասին վկայում են բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքները: Հետաքրքիր է, որ ուսումնասիրություններում մասնակցած որոշ կանայք նույնիսկ կորցրել են քաշը՝ ընդունելով հորմոնալ հակաբեղմնավորիչներ: Բացի այդ, կարևոր է հասկանալ, որ քաշի ավելցուկը հաճախ կարող է կապված լինել այնպիսի երևույթների հետ, ինչպիսիք են ապրելակերպի և սննդային սովորույթների փոփոխությունը կամ հիվանդությունները:
Իրականում, հորմոնալ հակաբեղմնավորիչները կարող են բարելավել կնոջ դաշտանային ցիկլը:
Սա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Կանանց մեծամասնության շրջանում դաշտանային ցիկլը հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառման պարագայում ոչ միայն չի խանգարվում, այլ, որպես կանոն, դառնում է ավելի կայուն ու կանխատեսելի և պակաս ցավոտ: Հորմոնալ հակաբեղմնավորիչները ստեղծված են այնպես, որ կանայք յուրաքանչյուր անգամ զգան իրենց ավելի հարմարավետ և դրա հետ միասին վստահ լինեն չնախատեսված հղիությունից պաշտպանված լինելու առումով:
Իրականում, հակաբեղմնավորիչների կիրառումն օգնում է կանխել քաղցկեղի որոշ տեսակների զարգացումը:
Կան ապացույցներ, որ հորմոնալ հակաբեղմնավորիչները հիմնականում օգտակար են առողջության համար և կարող են նվազեցնել քաղցկեղի որոշ ձևերի զարգացման ռիսկը: Ընդ որում՝ որքան երկար է տևում դեղերի ընդունումը, այնքան նվազում է այնպիսի հիվանդությունների առաջացման ռիսկը, ինչպիսիք են էնդոմետրիումի (արգանդի ներքին լորձաթաղանթ), ձվարանի քաղցկեղը և այլն:
Կարևոր է իմանալ, որ նման պաշտպանող ազդեցությունը կարող է պահպանվել դեղի ընդունումը դադարեցնելուց նույնիսկ մի քանի տարվա ընթացքում:
Բժշկության ամբողջ պատմության մեջ հորմոնալ հակաբեղմնավորիչները ավելի լավ են ուսումնասիրված, քան որևէ այլ դեղ: Հետազոտություններն ապացուցում են, որ դրանք չեն կարող հանգեցնել անպտղության:
Հորմոնալ հակաբեղմնավորիչները չեն ազդում վերարտադրելու ունակության վրա: Դեղերի մեծամասնությունն արտազատվում է օրգանիզմից 24-48 ժամվա ընթացքում, ինչը նշանակում է, որ երբեմն կարելի է հղիանալ նույնիսկ հորմոնալ հակաբեղմնավորիչների դադարեցումից հետո, 2 օր անց: Իր հերթին, կնոջ կամ նրա ամուսնու անպտղությունը կարող է զարգացած լինել դեռ նախքան դեղերի ընդունման սկիզբը, սակայն, որպես կանոն, զույգը կարող է տեղյակ չլինել մինչև ցանկալի հղիության պլանավորումը:
Հորմոնալ հակաբեղմնավորիչները 99%-ով արդյունավետ են ճիշտ կիրառման պարագայում:
Անցանկալի հղիությունը կանխելու նպատակով հորմոնալ հակաբեղմնավորիչների արդյունավետությունը բավականին բարձր է: Սակայն կարևոր պայման է դեղերի ընդունումն ըստ բժշկի խորհրդի (ամեն օր, միևնույն ժամին): Այսօր հորմոնալ հակաբեղմնավորիչները, ճիշտ կիրառման պարագայում, ընտանիքի պլանավորման բավականին արդյունավետ միջոց են:
Հորմոնալ հակաբեղմնավորիչները միանշանակ ավելի ապահով են և արդյունավետ, քան արհեստական ընդհատումը:
Հղիության արհեստական ընդհատումը ոչ մի դեպքում չի կարող հանդիսանալ ծնելիությունը վերահսկող մեթոդ: Չէ՞, որ դա միշտ ռիսկ է ներկայացնում կնոջ առողջության համար, անկախ այն բանից, թե ինչպես և երբ է (ինչ ժամկետում է) այն իրականացվում: Եթե մոտ ապագայում դու չես պատրաստվում դառնալ հայր կամ մայր, օգտագործիր արդյունավետ և անվտանգ հակաբեղմնավորման մեթոդներ կամ ձեռնպահ մնա ինտիմ հարաբերություններից:
Եթե դեռ ունես հարցեր հորմոնալ հակաբեղմնավորման վերաբերյալ, ապա դիմիր բժիշկներին:
Նկարները մենք գտել ենք այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ: