Շփում ծնողների հետ: Ինչպես խոսել ծնողների հետ «դժվար» թեմաներով

Պատկերացրու, որ դու ունես վատ լուր ծնողներիդ համար: Հնարավոր է, քիմիայի կամ հայոց պատմության առարկայի հետ ունես պրոբլեմներ կամ ստացել ես շատ վատ գնահատական: Եվ ինչպե՞ս այդ մասին ասել ծնողին կամ ընտանիքի որևէ մեծահասակ անդամին: Բայց չէ՞ որ, միևնույն է, ստիպված ես ասել… Իսկ հնարավոր է, դու ուղղակի ուզում ես կիսվել քո ուրախությամբ կամ կարևոր մի բանով: Չէ՞ որ Կարինեն համաձայնվեց քո հետ կինո գնալ, իսկ նա այնքան լավն է….. Իսկ միգուցե ինչ-որ կարևոր բան ես ուզում հարցնել մայրիկին կամ հայրիկին, բայց մի քիչ քաշվում ես ….
Ոչ այնքան հաճելի կամ կարևոր նորություններ հայտնելը ծնողներին հեշտ բան չէ: Ինչպե՞ս սկսել զրույցը, գտնել ճիշտ խոսքեր, մնալ հանգիստ, չնայած, որ ծնողներդ, հավանաբար, շատ սուր են ընդունում քո ասածը: Նման իրավիճակներում հեշտ չէ տալ միանշանակ խորհուրդներ, քանի որ շատ բան կախված է քո բնավորությունից, ծնողներիդ հետ ունեցած հարաբերություններից, ձեր ընտանիքում ընդունված շփման եղանակներից և շատ այլ բաներից: Այնուամենայնիվ, եթե չես ցանկանում իրավիճակը թողնել բաղտի քմահաճույքին, հնարավոր է նախապատրաստվել այս տեսակ զրույցին:
Քայլ 1. Կողմնորոշվիր, թե կոնկրետ ի՞նչ ես ուզում ստանալ ձեր սպասվող խոսակցությունից:
Կախված իրավիճակից, քո նպատակները կարող են փոխվել: Բայց, ամենայն հավանականությամբ, դու կուզենայիր, որ ծնողներդ.
- ուղղակի քեզ լսեն և հասկանան, թե ինչ է կատարվում քո հետ: Եվ ոչ մի խորհուրդ քեզ առայժմ հարկավոր չէ,
- թույլ տան քեզ ինչ-որ մի բան անել կամ օգնեն քեզ որևէ հարցում,
- օգնեն քեզ դուրս գալ ինչ-որ դժվար իրավիճակից և քեզ չմեղադրեն:
- «Մա՛մա, ես պրոբլեմներ ունեմ և կուզեի քո հետ խոսել: Բայց, եթե կարելի է, դեռ ոչինչ ինձ խորհուրդ մի տուր, միայն թե լսիր, լա՞վ»:
- «Մա՛մ, պա՛պ, ես շատ կուզենայի, որ ինձ թույլ տաք գնալ դասարանով արշավի, դա ամսվա վերջում է լինելու: Եկե՛ք, ձեզ ամեն ինչ պատմեմ»:
- «Պա՛պ, ես ուզում եմ քեզ մի բան հարցնել: Կարո՞ղ ենք խոսել»:
Քայլ 2. Լսիր ինքդ քեզ, հասկացիր քո սեփական զգացմունքները:
Անձնական ապրումները (ինչպես օրինակ` սերը) քննարկելը միշտ էլ շատ դժվար է, հատկապես, երբ խոսքը գնում է սիրո կամ սեռական հարաբերությունների մասին: Իսկ ծնողների հետ` էլ ավելի դժվար է: Այդ պատճառով, իհարկե, բնական է հուզվել նման խոսակցությունից առաջ:
Կամ դու վախենում ես ծնողներիդ մեղադրանքներից, քննադատությունից, բարկությունից կամ հնարավոր պատժից: Շատ մարդիկ, այդ թվում նաև մեծահասակները, չկարողանալով հաղթահարել սեփական վախերը, ուղղակի հրաժարվում են դժվար խոսակցությունից: Բայց չէ՞ որ քեզ պետք է, որ քո մտերիմները քեզ լսեն և հասկական: Ուրեմն, փորձիր ուղղակիորեն արտահայտել քո զգացմունքները, դարձնել դրանք ձեր զրույցի մասը: Օրինակ, այսպես`
- «Մամա՛, ինձ պետք է խոսել քո հետ, բայց ես վախենում եմ քեզ վրդովեցնել…»:
- «Պապա՛, ես շատ անհարմար եմ զգում, բայց ինձ անպայման պետք է քեզ պատմել…… մասին»:
- «Դուք երևի թե չեք ուրախանա իմ նորություններից, բայց իմ համար շատ կարևոր է, որ դուք ինձ լսեք»:
Երբեմն դու ի սկզբանե գիտես, որ ծնողներիդ հաստատ դուր չի գա այն, ինչ պատմելու ես, կամ դու գիտես, որ նրանք քո վրա կհարձակվեն քննադատական կամ մեղադրական խոսքերով: Նման դեպքերում խոսակցությունը կարելի է մեղմացնել, եթե սկսես, օրինակ, այս բառերից`
- «Մամա՛, ես շատ վատ բան եմ արել և գիտեմ, որ դու շատ կբարկանաս: Բայց մեկա, ինձ պետք է պատմել քեզ դրա մասին: Դու կարո՞ղ ես ինձ լսել»:
Քայլ 3. Ճիշտ ընտրիր զրույցի պահը:
Եթե տեսնում ես, որ ծնողներդ զբաղված են կարևոր կամ շտապ գործերով, չարժե սկսել լուրջ զրույցը:
Ինչքան ավելի լուրջ է այն թեման, որի մասին ուզում ես խոսել, այնքան կարևոր է լսված լինելը: Դու արդեն գիտես, որ լսել և ասածն ընկալել կամ հասկանալ նույնը չէ: Ձեր խոսակցության ժամանակ ծնողներից կախված է շատ բան, իսկ ծնողները շատ տարբեր են, ինչպես և երեխաները: Մեկի հետ հեշտ է խոսել և կիսվել, մյուսը շատ լավ ունկնդիր է, մեկ ուրիշի հետ էլ ավելի դժվար է լեզու գտնել: Բայց հիշիր, որ զրույցը երկկողմանի է, և շատ բան կախված է հենց քեզանից:
Եվ այսպես, ինչպե՞ս:
Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօնեն անել այնպես, որ ծնողներդ քեզ լսեն և հասկանան:
- Հստակ և պարզ արտահայտիր այն, ինչ մտածում ես, զգում և ցանկանում: Բաց մի թող ոչ մի մանրունք. ինչքան լավ պատկերացում կազմեն ծնողներդ, թե ինչ է տեղի ունենում, այնքան ավելի հեշտ նրանք քեզ կհասկանան:
- Խոսիր անկեղծ և ճշմարիտ: Եթե սովորաբար ծնողներիդ հետ անկեղծ ես, նրանք անպայման կհավատան քո պատմածին: Բայց եթե ժամանակ առ ժամանակ դու սուտ ես խոսում, բաներ ես հորինում կամ սովորաբար ամեն ինչ չափազանցնում ես, ծնողներիդ համար ավելի դժվար կլինի լուրջ ընդունել քո խոսքերը:
- Փորձիր հասկանալ հակառակ տեսակետը: Քո տեսակետը պաշտպանելիս, արդյո՞ք դու միշտ ուշադրություն ես դարձնում ծնողներիդ կարծիքին: Եթե այո, ապա ասա նրանց այդ մասին, ցույց տուր, որ հասկանում ես նաև նրանց տեսակետը, գիտես, թե ինչ են մտածում կամ զգում: Այսպիսով, դու ավելորդ անգամ ծնողներիդ ուշադրությունը կդարձնես այն վրա, թե ինչ դու ինքդ ես մտածում կամ զգում:
- Մի՛ վիճիր: Մի՛ նվա: Ուզածիդ հասնելու համար կիրառելով այս եղանակները կարող են առաջացնել միայն դժգոհություն և զրույցն ընդհատելու ցանկություն: Եվ հակառակը, քո հանգիստ և բարյացկամ խոսելու ձևը, իրար հասկանալու լավագույն միջոց է: Իհարկե, դժվար է հանգիստ մնալ, երբ քեզ խեղդում են զգացմունքները, և շատ մարդիկ, և՛ երիտասարդներ, և՛ մեծահասակներ, դա անել չեն կարող: Սակայն, եթե քո համար կարևոր է, թե ինչին կբերի ձեր զրույցը, գտիր միջոց մինչ զրույցն սկսելը ազատվել ավելորդ էմոցիաներից և լարվածությունից, օրինակ` հարվածիր գնդակին կամ հին փափուկ խաղալիքին, բարձր միացրու սիրած երաժշտությունը և մի քիչ թռվռա, կամ էլ մտածիր լիցքաթափվելու այլ մեթոդ:
Իսկ քո մոտ ստացվու՞մ է խոսել ծնողների հետ կարևոր թեմաների մասին: Ուղարկիր մեզ քո պատմությունը, և մենք կտեղադրենք մեր խմբի էջում:
Ֆոտոների հեղինակներ (сс) Boris van Hoytema, Alex Naanou, Matus Laslofi, refreshment_66: