Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սթափ հայացք

Եթե քո միջավայրում կազմակերպվող խնջույքներին ալկոհոլը սովորական բան է, ապա այդ դեպքում, իհարկե, դժվար է ստանձնել ‹‹սպիտակ ագռավի›› դեր և հրաժարվել ալկոհոլից: Սակայն մարդիկ տարբեր միջոցներ են ձեռնարկում ալկոհոլից հրաժարվելու և միևնույն ժամանակ իրենց ‹‹աքսորյալ›› չզգալու համար:

Ի՞նչ մտքեր են քեզ այցելում, երբ լսում ես «ալկոհոլ» բառը: Դրանք կարող են լինել բավականին դրական, ինչպիսիք են` «խնջույք», «տոն և ուրախություն», «արբել և մոռացության տրվել», «ընկերներ»: Իսկ ինչի՞ հետ է քեզ մոտ ասոցացվում «հարբեցող» բառը: Գուցե՞ պատկերացնում ես նստարանին կուչ եկած հարբած մարդ, հիվանդություն, զարթխում, նվաստացում: 🙁 Դժվար թե դու քեզ այդպիսին պատկերացնես: Բայց, ավաղ, «արբելու և մոռացության տրվելու» սովորությունը շատ դեպքերում հենց դրան էլ հանգեցնում է:

Մի փոքր մանրամասնենք… Ի՞նչ է ալկոհոլն ընդհանրապես:

Ալկոհոլն ստացվում է հացաբույսերի (ցորեն, գարի), մրգերի կամ բանջարեղենի մեջ պարունակվող ածխաջրերի (մասնավորապես`շաքարի) խմորման արդյունքում, որը ժամանակի ընթացքում սպիրտի է վերածվում: Այսպիսով ստացվում է, որ ալկոհոլը բնական հումքից է պատրաստվում: Այդ դեպքում ինչո՞ւ են պնդում, որ ալկոհոլը շատ վնասակար է: Ընդ որում, բավական է նայել շուրջբոլորը և տեսնել, որ ալկոհոլը օգտագործում է բնակչության ճնշող մեծամասնությունը:

Այո,՛ ալկոհոլի օգտագործումն արգելված չէ, և մեր հասարակությունը դրան ավելի քան հանդուրժողական է վերաբերվում: Այնուհանդերձ, նույնիսկ եթե ալկոհոլը բնական հումքից է պատրաստվում, այն կարող է բազմաթիվ անախորժությունների հանգեցնել: 🙁

Գոյություն ունի հարբածության 3 աստիճան` թեթև, միջին և ծանր: Թեթև աստիճանի հարբածության դեպքում մարդու տրամադրությունը բարձրանում է, նա դառնում է ավելի բարեհամբույր, շփվող: Սակայն տեղի է ունենում ուշադրության նվազում, խոսակցությունները կորցնում են իրենց լրջությունը, իսկ սեփական կարողությունները գերագնահատվում են: Հաճախ առաջանում է սեռական ցանկություն: Եվ ահա «հերոսը» կարող է փողոցն անցնել հենց մեքենայի առջևով, ձեռքերի վրա տանել իր սիրելիին` վտանգելով նրա կյանքը, կամ սուզվել ջրի տակ` արագ լողամրցման ռեկորդ սահմանելու համար: Եվ եթե «հերոսին» ժամանակին չկանգնեցնես, այդ ամենը կարող է ավարտվել վատ տրամադրությամբ կամ վնասներով:

Հարբածության միջին աստիճանի դեպքում բարյացկամությունը կարող է փոխարինվել ագրեսիվ պահվածքով, և այստեղ արդեն ոչ միայն ավելորդ բառերի, այլ նաև ավելորդ գործողությունների, վեճերի և կռիվների վտանգ է առաջանում, իսկ դրանք ոչ այնքան հաճելի տեսարաններ են:

Ծանր հարբածության դեպքում ամբողջովին խանգարվում է մարդու կողմնորոշումը տարածության մեջ, շփոթվում, աղավաղվում և դանդաղում է խոսքը, մարդը դժվարությամբ է պահում հավասարակշռությունը, հաճախ լինում է գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, ակամա միզարտադրություն: Երբեմն մարդն անգամ չի հիշում, թե ինչ է կատարվել իր հետ այդ ժամանակ:

Կարծում ենք, այս վիճակի վտանգավորության մասին խոսելու անհրաժեշտություն չկա, քանի որ ամեն ինչ ինքնին պարզ է:

Ալկոհոլի նկատմամբ զգայունության աստիճանը մարդկանց մոտ տարբեր է լինում, սակայն որոշ մարդկանց  բացարձակապես հակացուցված է օգտագործել ալկոհոլային խմիչքներ: Դա երեխաներն են և դեռահասները, հղի կանայք, վարորդները, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, այն մարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց սահմանափակել խմիչքի օգտագործման հարցում և վերջապես նրանք, ում մասնագիտական գործունեությունը մաքսիմալ ուշադրություն և զգոնություն է պահանջում:

Ողջ աշխարհում կան ալկոհոլի օգտագործման տարիքային սահմանափակումներ: Դա ամենևին էլ պատահական չէ, քանի որ ալկոհոլը հատկապես վնասակար է երեխաների և դեռահասների համար:

Մեծահասակների համեմատությամբ` երիտասարդ օրգանիզմն ավելի զգայուն է ալկոհոլի նկատմամբ, և հարբեցող դառնալու հավանականությունն ավելի մեծ է: Ինչո՞ւ:

Ալկոհոլային խմիչքներում պարունակվում է էթանոլ կամ էթիլ սպիրտ, որն անուղղելի վնաս է հասցնում ուղեղին, իսկ վերջինս մինչև 25 տարեկան դեռ գտնվում է կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխության վիճակում և այդ պատճառով էլ ավելի խոցելի է, քան մեծահասակների գլխուղեղը: Արդյունքում խախտվում են ուսուցման, հուզական ոլորտի և ընդհանուր զարգացման համար պատասխանատու գործընթացները: Որքան վաղ է մարդն սկսում ալկոհոլ օգտագործել, այնքան ավելի շատ վնաս է հասցվում նրա առողջությանն ու բանականությանը, և հետագայում այդ սովորությունից ձերբազատվելն ավելի դժվար է լինում: 🙁

Այսպիսով, երիտասարդ տարիքում ալկոհոլի օգտագործման հետևանքներն են`

  • առողջական վիճակի խանգարումներ,
  • ինքնակառավարման նվազում,
  • ինտելեկտի նվազում, դասերից հետ մնալը,
  • կախվածության առաջացում, հարբեցող դառնալու մեծ հավանականություն:
  • Այս ամենի հետ մեկտեղ, ալկոհոլի ազդեցության տակ դեռահասը կարող է կողոպուտի, ծեծի, ինչպես նաև սեռական ոտնձգության ենթարկվել և նույնիսկ ուրիշի ճնշման տակ հանցագործություն կատարել:

Առասպելներ և լեգենդներ

Ըստ ձևավորված թյուր կարծիքի՝ ալկոհոլը օգնում է հաղթահարել կյանքի խնդիրները, անհանգստություններն ու ընկճվածությունը: Սակայն դա բոլորովին այդպես չէ:

Խնդիրներն ամենևին էլ լուծում չեն ստանում ալկոհոլի օգնությամբ: Դրանք ընդամենը ժամանակավորապես մոռացվում են: Չլուծված խնդիրներն ավելի են ուժեղացնում սթրեսային իրավիճակներն և անհանգստությունը:

Այդ խնդիրներին լուծում տալու փոխարեն` ալկոհոլի օգտագործումը միայն նվազեցնում է խնդիրների շրջանակը և կախվածություն է առաջացնում:

Ասում են՝ ալկոհոլը քաջություն է հաղորդում, օգնում է ձերբազատվել բարդույթներից, հնարավորություն է տալիս շրջապատում ավելի պահանջված զգալ և լավ միջոց է շփման ունակությունը զարգացնելու համար: Իրականում ինքնատիրապետման նվազումը կարող է մարդուն այնքան «սանձարձակ» դարձնել, որ հնարավոր չի լինի կանխատեսել նրա արարքների հետևանքները:

Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդն անկարող է վերահսկել սեփական գործողությունները և գնահատել իրական վտանգի աստիճանը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես են դիտվում իր արարքները շրջապատող մարդկանց կողմից:

Այդ պատճառով, այն, ինչ նրան համարձակ քայլ է թվում, պարզապես ռիսկային, կյանքին սպառնացող և անօրինական կարող է լինել: Իսկ այն մարդը, ով իրեն չափազանց պահանջված է զգում ընկերական շրջապատում, իրականում կարող է անմիտ, կոպիտ, ծիծաղելի և գռեհիկ տպավորություն թողնել: Փորձեք հիշել ալկոհոլի ազդեցության տակ  գտնվող աղջիկներին, որոնք վստահ են իրենց անզուգականության մեջ և փորձում են տպավորություն գործել հակառակ սեռի ներկայացուցիչների վրա… Կամ կոպիտ երիտասարդներին, որոնք ալկոհոլի չարաշահման արդյունքում չեն կարողանում ոտքի կանգնել և չնայած դրան փորձում են ամեն գնով ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ… Մի՞թե գեղեցիկ տեսարան է:

Ինչպե՞ս հրաժարվել ալկոհոլից, եթե բոլորն այն օգտագործում են:

Ահա մի քանի օգտակար միջոցներ.

  • Ուղղակի հրաժարվել (շատ պարզ և արդյունավետ):
  • Ալկոհոլը փոխարինել ոչ ալկոհոլային խմիչքով:
  • Պատճառաբանել, որ դեղ եք ընդունում:
  • Ողջ երեկոյի ընթացքում մեկ բաժակ խմել կամ ձևացնել, թե խմում եք:
  • Պարզապես լքել այդ միջավայրը:
  • Խնդրել որևէ մեկին շեղել կամ հանգստացնել նրանց, ովքեր համոզում են ալկոհոլ օգտագործել:

Կարդա՛ ավելին, թե ինչպես վստահ ասել «ոչ» մեր հաջորդ՝ «Ինչպես հրաժարվել» հոդվածում:

Նկար՝ (с) CHRISTOPHER PLEDGER: