Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետևողական հայացք մարմնին (աղջիկների համար)

Գուցե դու արդեն հասցրել ես հարմարվել քո մարմնի փոփոխություններին, գուցե արդեն գիտես նաև օրացույցում նշված ‹‹կարմիր›› օրերի մասին: Սակայն խոստովանի՛ր, մտածե՞լ ես, թե ի՞նչ է կատարվում քո օրգանիզմում, և ինչու՞ է ամեն ինչ հենց այդպես ստեղծվել:

Այսպիսով, փորձենք հերթականությամբ բացատրել: Կանացի սեռական` այլ կերպ ասած, վերարտադրողական համակարգը կազմում են արտաքին և ներքին սեռական օրգանները, կաթնագեղձերը (կրծքագեղձեր):

Արտաքին սեռական օրգաններն են ցայլքը, սեռական մեծ և փոքր շուրթերը, ծլիկը:

Ցայլքային բարձրությունը գտնվում է որովայնի ստորին մասում, որի մաշկի մակերեսին դեռահասության տարիքում մազածածկույթ է առաջանում: Ցայլքից ներքև տեղակայված են փափուկ մաշկային ծալքերը՝ սեռական մեծ շուրթերը, որոնք նույնպես մազածածկույթ ունեն: Դրանք ծածկում են հեշտոցի մուտքը և կատարում են պաշտպանական ֆունկցիա: Ներսում տեղակայված են սեռական փոքր շուրթերը, որոնք վերևում նեղանում են և ծլիկի մոտ՝ միանում: Ծլիկը նյարդային վերջույթներով հարուստ փոքրիկ օրգան է, այն հանդիսանում է կնոջ մարմնի թերևս ամենազգայուն մասը:

Ներքին սեռական օրգաններն են` հեշտոցը, արգանդը, արգանդափողերը և ձվարանները:

Հեշտոցը առաձգական խողովակավոր մկանային օրգան է (5-9 սմ), որը միացնում է ներքին և արտաքին սեռական օրգանները, և որի միջոցով տեղի է ունենում դաշտանային արյան արտահոսք և ծննդաբերություն: Սեռական հարաբերություններ չունեցած աղջիկների ճնշող մեծամասնության մոտ հեշտոցի մուտքը փակված է այսպես կոչված կուսաթաղանթով, որն էլ, որպես կանոն, փոքրիկ անցք ունի: Առաջին սեռական հարաբերության ժամանակ սովորաբար կուսաթաղանթը պատռվում է, և որոշ չափով արյունահոսություն է տեղի ունենում:

Արգանդի վզիկը մկանային օրգան է, որը տեղակայված է հեշտոցի վերին մասում և վերջինիս միացնում է արգանդի խոռոչին: Արգանդը տանձի մեծության կենտ, խոռոչավոր, մկանակազմ օրգան է: Հղիության ընթացքում սաղմը` ապագա երեխան, գտնվում է արգանդի խոռոչում, որտեղ անցնում է զարգացման ամբողջ ուղին` բեղմնավորված ձվաբջջից մինչև հասուն պտուղ: Արգանդը սաղմի աճի հետ մեկտեղ ձգվում է և մեծանում:

Արգանդափողը (ֆալոպյան փողը) զույգ օրգան է, որը միացնում է ձվարանը և արգանդը: Ձվաբջիջը՝ ձվարանից դուրս գալուն պես, արգանդափողով իջնում է արգանդի խոռոչ: Հենց այստեղ՝ արգանդափողում կարող է տեղի ունենալ սերմնաբջջի և ձվաբջջի միաձուլումը` բեղմնավորումը: Ձվաբջջի (այդ թվում նաև բեղմնավորված) տեղաշարժը արգանդափողով տեղի է ունենում արգանդափողի մկանների կծկման, ներսից ծածկող թարթիչների և լորձի շարժման շնորհիվ:

Ձվարանները զույգ սեռական գեղձեր են (2,5х3 սմ), որոնք գտնվում են փոքր կոնքի խոռոչում` արգանդի երկու կողմերում: Դեռևս մոր որովայնում գտնվելու ընթացքում կնոջ օրգանիզմում շուրջ 400 ձվաբջիջներ են ձևավորվում: Ամեն ամիս, սեռական հասունության սկզբից և ամբողջ վերարտադրողական տարիքի (այն ժամանակահատվածը, երբ կինը կարող է երեխա ունենալ) ընթացքում ձվարաններում հասունանում է մեկ ձվաբջիջ: Ձվաբջջի հասունացման և ձվարանից դուրս գալու պրոցեսը կոչվում է ձվազատում (օվուլյացիա):

Բացի այդ, ձվարանները արտադրում են հորմոններ, որոնք պատասխանատու են վերարտադրողական օրգանների բնականոն գործունեության և երկրորդային սեռական հատկանիշների (կաթնագեղձերի զարգացում և այլն) զարգացման համար: Ձվարանների գործունեությունը կախված է կնոջ օրգանիզմի առողջական վիճակից և տարիքից:

Կարծում ենք, որ այս նկարագրությունից քեզ արդեն հասկանալի է, որ կանացի վերարտադրողական համակարգը գործում է պարբերաբար, այսինքն միևնույն գործընթացը պարբերաբար (ամեն ամիս) կրկնվում է հիմնականում նույն տևողությամբ: Այդ իսկ պատճառով կնոջ սեռական համակարգում տեղի ունեցող կրկնվող գործընթացը կոչվում է դաշտանային ցիկլ:

Դաշտանային ցիկլը հաշվարկվում է սկսած դաշտանի առաջին օրվանից մինչև հաջորդ դաշտանի առաջին օրը: Նորմալ դաշտանային ցիկլի տևողությունը 21-35 (միջինը` 28 ) օր է:
  • Երբ ձվաբջիջը հասունանում է և չբեղմնավորված վիճակում ընկնում է արգանդի խոռոչ, ապա այն որոշ ժամանակ անց քայքայվում է: Այդ ժամանակ արգանդի ներքին մակերեսի լորձաթաղանթը շերտազատվում է, իսկ արյունատար անոթները` պայթում, առաջանում է դաշտանային արյունահոսություն (մենստրուացիա), որից հետո սկսվում է դաշտանային նոր ցիկլը:
  • Ցիկլի առաջին օրը, այսինքն դաշտանային արյունահոսության առաջին օրը, ձվարանում նոր ձվաբջիջ է հասունանում:
  • Դաշտանային ցիկլի 4-5 օրերին արյունահոսությունը ընդհատվում է, արգանդի լորձաթաղանթը սկսում է վերականգնվել, իսկ ձվաբջիջը շարունակում է հասունանալ:
  • Մոտավորապես ցիկլի 14-րդ օրը ձվաբջիջն ամբողջովին հասունանում և դուրս է գալիս ձվարանից, այսինքն տեղի է ունենում ձվազատում (օվուլյացիա): Ձվաբջիջն ընկնում է արգանդափող, որտեղ կարող է բեղմնավորում տեղի ունենալ` սերմաբջջի և ձվաբջջի միաձուլում (եթե իհարկե այդ օրերին իգական սեռի ներկայացուցիչը ունենա սեռական հարաբերություն, և սերմնաբջիջները ներթափանցեն նրա սեռական օրգաններ): Միևնույն ժամանակ արգանդի լորձաթաղանթը զգալիորեն հաստանում է, որպեսզի բեղմնավորված ձվաբջիջը կարողանա ամրանալ արգանդի պատին և սկսել իր զարգացումը:
  • Եթե բեղմնավորում տեղի չի ունենում, ապա սկսվում է դաշտան, երբ օրգանիզմը ձերբազատվում է հասուն, սակայն ոչ պետքական ձվաբջջից, որն անջատվում է արգանդի լորձաթաղանթից, և դուրս գալիս շերտազատված հյուսվածքի հետ միասին:
  • Եվ կրկին սկսվում է նոր պարբերաշրջան:

Նախքան դաշտանային ցիկլի սկսվելն աղջիկները կարող են նկատել, որ կուրծքը դարձել է չափազանց զգայուն և նույիսկ մեծացել է: Դա այդքան էլ զարմանալի չէ, քանի որ կաթնագեղձերը կանացի վերարտադրողական համակարգի մի մասն են կազմում: Օրինակ` երբ կինը ծննդաբերում է, կուրծքը սկսում է կաթ արտադրել: Յուրաքանչյուր կնոջ և աղջկա մոտ կաթնագեղձերը յուրովի են և՛ ձևով, և՛ չափով, իսկ կուրծքը փոփոխության է ենթարկվում ողջ կյանքի ընթացքում: Կուրծքը կարող է մյուսից մի փոքր մեծ լինել. դա միանգամայն նորմալ է: Կուրծքը, հատկապես, պտուկները բազմաթիվ նյարդային վերջավորություններ են պարունակում: Վերջիններս չափազանց զգայուն են և համարվում են մարմնի էրոգեն գոտիներ, որոնց հպման կամ խթանման ժամանակ մարդը հաճույք է ստանում:

Իսկ ընդհանուր զարգացման համար (եթե դու դեռ տեղեկացված չես) հիշիր հետևյալ տերմինը` միզասեռական համակարգ: Հարցն այն է, որ սեռական (վերարտադրողական) և միզազատման համակարգերը սերտորեն կապված են միմյանց հետ: Օրինակ` միզուկի միջոցով մեզը դուրս է գալիս միզապարկից և այնուհետև նաև օրգանիզմից: Կանանց մոտ միզուկի ելքը գտնվում է սեռական փոքր շուրթերի միաձուլման մասում: Եվ այսպիսով, այս երկու համակարգերը մարդկային օրգանիզմում շատ մոտ «հարևաններ» են, և նրանց առողջական վիճակը սերտորեն կապված է միմյանց հետ:

Այս հոդվածում ներկայացված են միայն հիմնական տեղեկություններ կանացի սեռական օրգանների կառուցվածքի և գործունեության մասին, և քեզ մոտ կարող են բազմաթիվ հավելյալ հարցեր ծագել, սակայն միշտ չէ, որ հարմար է դրանց մասին հարցնել ծնողներին կամ ընկերուհիներին: Գո՞ւցե այն հարցերը, որոնք մեզ են ուղղել մեր կայքի ընթերցողները «Հարցեր» խորագրի ներքո, կարող են քեզ օգնել: 🙂

Վերջերս ես որոշ դեղնաճերմակավուն հետքեր եմ նկատում իմ ներքնազգեստի վրա: Արդյո՞ք դա նորմալ է +

Դաշտանային ցիկլից առաջ տրամադրության փոփոխություններ են նկատվում, սակայն իմ ընկերուհիների մոտ այդպիսի երևույթներ չեն լինում: Արդյո՞ք դա նորմալ է: +

Դաշտանային ցիկլի առաջին օրը ես ցավեր եմ ունենում որովայնի շրջանում: Ի՞նչ անել այդ դեպքում: +

Արդյո՞ք անհրաժեշտ է գրանցել դաշտանի օրերը: +

Ուշադրությո՛ւն: Եթե քեզ մոտ նկատվում է թանձր արտադրություն, որն ուղեկցվում է տհաճ հոտով և քորով, ապա անպայման դիմի՛ր բժշկի, քանի որ դա կարող են հիվանդության նշան լինել: Եվ որքան շուտ դիմես բժշկի օգնության, այնքան արագ և հեշտությամբ կձերբազատվես այս խնդրից:

Եթե դեռևս անպատասխան հարցեր են մնացել կանացի սեռական օրգանների վերաբերյալ, կամ ցանկանում ես անձնական հարց ուղղել, ապա այցելիր «Հարցեր» էջը:

Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ կամ կարդալ հատուկ դեռահասների համար գրված ձեռնարկը: