Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետևողական հայացք մարմնին (տղաների համար)

Հավանական է, որ դու արդեն կարող ես տղամարդու մարմնի վերաբերյալ փոքր դասախոսություն կարդալ կրտսեր եղբորդ համար: Ամեն դեպքում ճիշտ կլինի որոշ եզրույթների ճշգրտում կատարել՝ մի կողմից հնարավոր թյուրիմացությունից խուսափելու, մյուս կողմից՝ սեփական մարմինն ավելի լավ ճանաչելու համար:

Թլիպ, սերմնաժայթքում, երազախաբություն …

Անկասկած այս բառերը քեզ արդեն ծանոթ են, և գուցե արդեն կարող ես տղամարդու մարմնի կառուցվածքի և տեղի ունեցող երևույթների վերաբերյալ փոքր դասախոսություն կարդալ կրտսեր եղբորդ համար: Ամեն դեպքում ճիշտ կլինի որոշ եզրույթների ճշգրտում կատարել՝ սեփական մարմինն ավելի լավ ճանաչելու համար: Նույնիսկ, եթե մտադիր չես «տղամարդու» բժիշկ դառնալ, այս տեղեկատվությունը կյանքում քեզ շատ կօգնի:

Տղամարդու արտաքին սեռական օրգաններն են առնանդամը և ամորձապարկը:

 

 

Առնանդամը տղամարդու ամենակարևոր օրգանն է: Նախքան երեխայի ծնունդը դեռևս չձևավորված առնանդամի պարագայում էլ հնարավոր է որոշել պտղի սեռը՝ օգտագործելով հատուկ ուլտրաձայնային հետազոտական սարք:

Առնանդամի գլխիկը ծածկված է բարակ, շարժվող մաշկով, որը կոչվում է թլիպ: Առնանդամի միջով անցնում է միզուկը:

Առնանդամը շատ յուրօրինակ օրգան է: Քնի ժամանակ, արթնանալուց առաջ, ինչպես նաև սեռական գրգռվածության ժամանակ այն մեծանում և պնդանում է: Սա կոչվում է էրեկցիա և տեղի է ունենում դեպի առնանդամ արյան արագ հոսքի հետևանքով: Իսկ եթե արյունը հետ է քաշվում առնանդամից, ապա էրեկցիան թուլանում է, իսկ առնանդամը՝ փոքրանում:

Ամորձապարկը մաշկային պարկանման օրգան է, որի մեջ են գտնվում ամորձիներն ու մակամորձիները: Պատահական չէ, որ ամորձապարկը մարմնից դուրս է տեղակայված: Սերմի հասունացման համար անհրաժեշտ է մարմնի ջերմաստիճանից ցածր ջերմություն: Բարձր ջերմաստիճանը (38°С-ից բարձր) իջեցնում է սպերմատոզոիդների ակտիվությունը:

Ներքին սեռական օրգանների թվին են պատկանում ամորձիները, շագանակագեղձը, սերմնածորանները և միզուկը:

Ամորձին սեռական գեղձ է, որի մեջ առաջանում են արական սեռական բջիջները՝ սպերմատոզոիդները: Հենց ամորձիների մեջ է արտադրվում և արյան մեջ անցնում  տղամարդու ամենակարևոր սեռական հորմոնը` տեստոստերոնը, որը նպաստում է սեռական ցանկության ձևավորմանը: Տղամարդն ունի 2 ամորձի, որոնցից մեկը, սովորաբար, ավելի ներքև է տեղակայված:

Շագանակագեղձը գտնվում է միզապարկի հետևում: Այն շատ կարևոր օրգան է, քանի որ հենց շագանակագեղձում է արտադրվում սերմնահեղուկի բաղադրամաս հանդիսացող հեղուկը, որը նպաստում է սերմնաբջիջների ակտիվ տեղաշարժին:

Սերմնածորանները բարակ խողովականման զույգ օրգաններ են, որոնք ապահովում են սպերմատոզոիդների տեղաշարժը մակամորձիներից դեպի միզուկ:

Միզուկը խողովակ է, որը դուրս է գալիս միզապարկից և անցնում է շագանակագեղձի և առնանդամի միջով: Դրա միջով է արտազատվում մեզը և սերմնահեղուկը, սակայն, իհարկե, ոչ միաժամանակ: էրեկցիայի ժամանակ շագանակագեղձը փակում է մեզի ճանապարհը՝ փոխարենը բացելով ճանապարհ սերմնահեղուկի համար:

Սերմնահեղուկը արտահոսում է առնանդամից սերմնաժայթքման ժամանակ: Այն պարունակում է սերմնաբջիջներ (սպերմատոզոիդներ) և մի շարք հեղուկներ, որոնք ապահովում են սպերմատոզոիդների տեղաշարժն ու կենսունակությունը:

Այս նյութն, իհարկե, պարունակում է միայն նախնական ինֆորմացիա տղամարդու սեռական համակարգի մասին: Եվ տարօրինակ կլիներ, եթե քեզ մոտ որոշ հարցեր չառաջանային այս առնչությամբ: Հավանաբար, միշտ չէ, որ հարմար է դրանք ուղղել ծնողներին, ընկերներին: Հուսով ենք, որ այս կայքի ընթերցողների կողմից մեզ ուղղված որոշ հարցերի պատասխաններ ինչ-որ չափով օգտակար կլինեն քեզ:

Հարց. Ես և ընկերս հասակակիցներ ենք: Բայց նրա առնանդամն ավելի մեծ է, քան իմը: Ինչո՞ւ: +
Հարց. Ի՞նչ է երազախաբությունը: +
Հարց. Հնարավո՞ր է, որ իմ սերմնահեղուկը երբևէ վերջանա: +
Տղամարդու սեռական օրգաններին առնչվող կամ անձնական այլ հարցերի համար կարող ես այցելել «Հարց և պատասխան» էջը:
Նկարը այս հոդվածի համար մենք գտել ենք այստեղ: