Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Զգուշացե′ք էներգետիկ ըմպելիքներից

էներգետիկ ըմպելիքները լայնորեն օգտագործվում են դեռահասների կողմից բոլոր երկրներում։ Այսպես, ԱՄՆ-ում դեռահասների 30-50% նշել են դրանց օգտագործման մասին։ Վերջին դիտարկումները ցույց են տվել, որ էներգետիկ ըմպելիքների օգտագործումը զգալիորեն ավելացել է նաև Հայաստանում։ Արդյոք դրանք անվտա՞նգ են։

Էներգետիկ ըմպելիքները կոֆեին, ավելացված շաքար, թեթև խթանիչ նյութեր (գուարանա, տաուրին, Լ-կարնիտին) պարունակող ըմպելիքներ են, որոնք հաճախ օգտագործվում են երիտասարդների կողմից թարմանալու, ուժերը վերականգնելու և էներգիա ստանալու նպատակով։

Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը նմանեցնում են սուրճի ազդեցության, ինչևէ, այդ ըմպելիքները ավելի վնասակար են, հատկապես երեխաների և որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Ապացուցվել է դրանց անբարենպաստ ազդեցությունը ուղեղի և սրտի աշխատանքի վրա՝ առաջացնելով հաճախասրտություն, անհանգստություն, գրգռվածություն, ջրազրկում, անքնություն և այլ խանգարումներ։

Իհարկե, այդ ըմպելիքների օգտագործումը ժամանակ առ ժամանակ և փոքր քանակով վտանգավոր չէ։ Ինչևէ, պետք է իմանալ, որ էներգետիկ ընպելիքներն առաջացնում են կախվածություն։

Ամերիկյան մանկաբուժական ակադեմիայի մասնագետները հաստատում է, որ կոֆեինը և այլ խթանիչ նյութերը չպետք է օգտագործվեն երեխաների և դեռահասների կողմից։

«Էներգետիկ» տերմինը մոլորեցնող է․ երիտասարդը կարծում է, որ խմում է նորաձև, գեղեցիկ փաթեթավորված մի ըմպելիք, որ էներգիա է տալիս։ Նաև էներգետիկ ըմպելիքները պետք չէ շփոթել սպորտային ըմպելիքների հետ (օգտագործվում եմ մարզիկների կողմից կորցրած հեղուկը, միներալները և շաքարը արագ վերականգնելու համար)։

! Հատկապես վնասակար է էներգետիկ ըմպելիքների զուգակցումը ալկոհոլի հետ։ Այս պարագայում ալկոհոլի ազդեցությունը դառնում է ավելի ուժեղ, մարդը ավելի շուտ է կորցնում ինքնատիրապետումը, կարող է ունենալ սրտխառնոց, գլխապտույտ և արագ վատանալ։

 

Կազմեց՝ Ե․Մովսեսյան

Նյութի աղբյուր՝ https://www.cdc.gov/healthyschools/nutrition/energy.htm