Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպե՞ս հրաժարվել

Ի՞նչ անել այն իրավիճակներում, երբ քո ներքին «Ես»-ը ասում է` «Չէ´, ես չեմ ուզում դա անել», «Ինձ դա պետք չէ», «Չեմ անելու», իսկ շուրջդ ամեն ինչ ստիպում է քեզ անել մի բան, հակառակ քո կամքին: Իրականում ցանկացած իրավիճակում դու կարող ես վստահ ասել «Ոչ», պետք է ընդամենը իմանալ, թե ինչպես դա անել…

Ամեն օր մենք ստիպված ենք անել բաներ, որոնք իրականում այնքան էլ կամ բոլորովին չենք ցանկանում, օրինակ` արթնանալ վաղ առավոտյան, դասի գնալ կամ աշխատել, տնից աղբը տանել և թափել, ուտել օգտակար և առողջարար սնունդ… Դու կարող ես ինքդ շարունակել այդ ցանկը: Մենք կարող ենք փնթփնթալ, գանգատվել, ընդդիմանալ, բայց ստիպված ենք դա անել, հասկանալով, որ դա անհրաժեշտ է և կարևոր է մեր կամ ծնողների համար, կամ էլ, եթե դա պահանջում են հանգամանքները:

Բայց երբեմն մենք հայտնվում ենք իրավիճակներում, երբ մեզ համառորեն առաջարկում են կամ նույնիսկ ստիպում են անել մի բան` հրապուրելով, չնայած մենք համոզված ենք կամ ներքուստ հասկանում ենք, որ դա անվնաս չէ կամ նույնիսկ վտանգավոր:

Ի՞նչ անել, երբ «ընկերական ձևով», «կայֆի համար», «խնդալու համար», «բոլորն էլ դա անում են»` բացահայտ կամ թաքնված, կատակով կամ լրջորեն առաջարկվում է խմիչք, ծխախոտ, թմրամիջոց փորձել: Ինչպե՞ս վարվել, եթե այս եղանակով առաջարկում են «ապացուցել» սեփական հասունությունը, անկախությունը ծնողներից, «հաստատել» սերը, ընկերությունը, ցույց տալ, որ ընկերներիցդ չես տարբերվում:

12168227775_1c81f3b741_o

Նման իրավիճակներում կարևոր է տեղի չտալ և չենթարկվել:

Իհարկե, այս կամ այլ կերպ բոլոր մարդիկ ենթարկվում են ուրիշների համոզմունքներին, թույլ են տալիս իրենց խաբել, հատկապես, երբ կիրառվում են որոշակի հոգեբանական հնարքներ: Մեր հասարակությունն է նման կերպ կառուցված: Եթե այսպիսի ազդեցության նպատակը ինչ-որ բան ստեղծելն է, բարելավելը, շտկելը, ապա ոչ մի վատ կամ սարսափելի բան չկա: Շատ ավելի վատ բան է, երբ մարդուն համոզում են անել այն, ինչ նրան ոչ միայն անհրաժեշտ չէ, այլ նույնիսկ վնասակար է կամ վտանգավոր` դրդելով վնասի տանող արարքների:

2015-09-03-oscarkeys-barnimages-001
Ճնշման և խաբեության ամենատարածված օրինակը … գովազդն է, որի հետ ամեն օր հանդիպում ենք մենք բոլորս: Արտադրողների հիմնական նպատակն է վաճառել հնարավորինս շատ ապրանքներ: Եվ մեզ առաջարկում են խմել զովացուցիչ ըմպելիք, «տղամարդու բնավորությամբ» գարեջուր (եթե չես խմում, տղամարդ չես), «մի՛ հապաղիր, սնիքերսի՛ր» (այսինքն, ուտել շոկոլադ) և նման շատ բաներ: Ստացվում է, որ եթե դա չես անում, ուրեմն լիարժեք կյանքով չես ապրում: Համաձայնվի՛ր, որ դա հիմարություն է:

Նման կերպով վարվում են մարդիկ, եթե ուզում են մյուսներից մի բան ստանալ: Հաճախ նրանք վիրավորում են, գոռգռում, շանտաժի ենթարկում կամ «թասիբին կպնում»` «ինչա, վախու՞մ ես», «ինչա, քեզ շատ դժվա՞րա», «վե՛րջ տուր ձևեր թափելուն», «կարողա՞ գնաս, մեզ` ընկերներիդ ըստեղ թողնես», «թե ինձ սիրում ես….», «թե լավ/ թասիբով տղա ես …», «բոլոր աղջիկները արդեն վաղուց փորձել են, դու ինչա բոլորից վա՞տն ես» և այլն:

27396139442_4feb8f3707_o
Այս ամենը լսելը, իհարկե, վիրավորական է: Բայց վտանգավոր մի բան անելը միայն թե «ընկերներիդ» ապացուցես, որ մյուսներից պակաս չես և ինքդ էլ «պակաս չես», խելամիտ չէ, ավելի ճիշտ ասած` ակնհայտ հիմարություն է: Չէ՞ որ այս ապացույցի հետևանքներին կբախվես դու, ոչ թե քեզ համոզող ընկերներդ:

Մինչ ընկերներիդ առաջարկին համաձայնելը, լսիր քո սեփական ներքին ձայնը: Եթե դու իսկապես չես ուզում, դա քեզ դուր չի գալիս, քո պլաններին չի համապատասխանում, գիտես, որ դա կարող է լինել վտանգավոր քո առողջության կամ նույնիսկ կյանքի համար, ապա վստահաբար պատասխանիր «Ո´չ»: Մի վախեցիր երևալ «թույլ», «մամայի բալա» կամ «ընկերությունը չգնահատող» մարդ: Դա բոլորովին էլ այդպես չէ:

Դու դժվարություննե՞ր ես ունենում կարևոր որոշումներ կայացնելիս: Հաստատ չգիտես` ե՞րբ պետք է լսել շրջապատողներին և ռիսկի դիմել, իսկ ե՞րբ ավելի ճիշտ է ավելորդ պատասխանատվություն չվերցնել: Մասնակցիր ինտերակտիվ խաղին և ստուգիր քեզ, ինչքանով կարող ես դժվար իրավիճակներում կայացնել ճիշտ որոշում:


Պատասխանել «Ո´չ» և չկորցնել սեփական դեմքը երբեմն դժվար է լինում: Բայց դա հնարավոր է: Բերենք մի քանի տարբերակներ:

  • Պատճառաբանել կարևոր և շտապ գործերով. «Ժողովու´րդ, ես պիտի գնամ, վաղը պարապմունքի եմ, ստուգողական ունեմ» կամ «Ափսո´ս, ուրիշ պլաններ ունեմ»:
  • Գտնել հարգելի պատճառ` «Գիտե՞ս, դեղ եմ խմում, ասել են, չի կարելի խառնել խմիչքի հետ, գուցե մյուս անգամ»:
  • Կարող ես պատճառ բռնել ծնողներիդ կամ շտապ տան գործերը` «Լսի՛, առանց էդ էլ շատ ուշացել եմ,  պիտի վազեմ, թե չէ մերոնք ինձ կսպանեն, դեռ պիտի խանութ մտնեմ»:
  • Կարող ես օգնության կանչել հումորի զգացումը, կատակով պատասխանել` «Շանս դա դուր չի գա, նա խմածներին չի սիրում» կամ «Գիտե՞ս, էսոր հարմար օր չի, աստղագուշակս խորհուրդ չի տվել»:
  • Կարող ես տրամադրություն չունենալը պատճառ բռնել` «Հավես չունեմ», «Տրամ չունեմ»:
  • Եթե քեզ ասում են  «Ընկե՞ր ես, պիտի´ անես», պետք է պատասխանել նույն ձևով` «Թե ընկե՞րս ես, ինձ հանգի՛ստ թող»:
  • Ուշադիր լսել և հանգիստ ու վստահ ասել` «Ես պարզապես չե՛մ ուզում»:
  • Միշտ կարող ես փնտրել և գտնել համախողներին, որպեսզի միասին դիմակայեք և հրաժարվեք: Եթե տեսնես մեկ ուրիշին, ով քո նման տարակուսանքի մեջ է, աչքերը փախցնում կամ լռում է, և երևում է, որ ինքն էլ առանձնապես հավես չունի, ապա միասին հրաժարվելն ավելի հեշտ կլինի:

Որոշ իրավիճակներում ավելի ճիշտ է միանգամից արտահայտել սեփական դիրքորոշումը և հրաժարվել առանց ավելորդ խույս տալու կամ հնարքներ և բացատրություններ փնտրելու, մինչև որ ընկերներդ կձանձրանան քեզ համոզելուց: Կարելի է «փոխվել դերերով» և քո հերթին ճնշում գործադրել` ասելով. «Ի՞նչ ես ինձ կպել: Ինձնից ի՞նչ ես ուզում: Ի՞նչա, ամենախելո՞քն ես: Ի՞նչա, ամենալա՞վն ես»: Կամ պարզապես ավարտել զրույցը, ասելով`«Վե´րջ, թեման փակվեց, ես երկու անգամ չեմ կրկնում»:

Ամանեկարևորն է այս դեպքերում մնալ շատ հանգիստ և ինքնավստահ: Վստահ պահվածքը հարգանք է ներշնչում:
Վստահությունն արտահայտվում է ինտոնացիայում, արտասանելու ձևում, դիրքում, հայացքում, ժեստերում: Հետևիր, թե ինչպես են իրենց պահում ինքնավստահ մարդիկ: Դու կարող ես դա սովորել: Խոսելիս գլուխը պահում են ուղիղ և ուսերը բացված (իջեցված գլուխը և կորացած ուսերը անվստահության նշան է), մեջքը պահում են ուղիղ, աչքերը չեն իջեցնում, չեն փախցնում հայացքը, ձեռքերը չեն տրորում կամ չեն թաքցնում գրպաններում (կարելի է գրպաններում կամ գոտու տակ տեղադրել ձեռքի բութ մատը):

Հուշում +

Մերժել դժվար է միայն առաջին անգամ: Ամեն անգամ հրաժարվելով մի բանից, որը քեզ պարտադրում են, դու քեզ կզգաս ավելի վստահ սեփական ուժերում և շատ ավելի հարգված ուրիշների կողմից:

Եվ վերջում մի պարզ կանոն. քո որոշումը դա միայն քո ընտրությունն է, և պատասխանատվությունը լինելու է միայն քոնը: Ինչքան էլ դա քեզ դուր չգա և ինչ էլ դու պատկերացնես:

Ֆոտոների հեղինակներն են Mies Vandenbergh, Oscar Keys Armando Alonso: