Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ…

Գալիս է մի պահ, երբ դու ձգտում ես ազատվել մեծահասակների վերահսկողությունից և ղեկավարումից և փորձում ես ամեն կերպ ապացուցել ամբողջ աշխարհին և առաջին հերթին ինքդ քեզ, որ դու ի վիճակի ես ինքնուրույն որոշել` ինչ ավել, որտեղ գնալ, ում հետ շփվել, ինչպես հագնվել և ընդհանրապես` ինչպես ապրել…

«Ո՛չ», «Չի՛ կարելի», «Քեզ դեռ շուտ է…», «Կմեծանաս, կհասկանաս»` նման արտահայտությունները քեզ ծանոթ են, չէ՞: Այդ բառերի օգնությամբ ծնողներդ և քեզ շրջապատող մեծահասակները փորձում են քեզ ղեկավարել և պաշտպանել վտանգներից, երբ դու փոքր ես: Բայց դեռահասային տարիքում գալիս է այն շրջանը (տարբեր մարդկանց մոտ տարբեր ժամանակ), երբ ծնողական հսկողությունը և գերխնամքը սկսում են ձանձրացնել: Եվ դու ձգտում ես ազատվել մեծահասակաների խնամքից և ինքնուրույն որոշումներ կայացնել:

Քայլ առ քայլ դու փորձում ես լայնացնել քո անկախության տիրույթը: Մայրիկիդ չլսելով` հագնում ես թեթև վերնաշապիկ տաք բաճկոնի փոխարեն, ընկերոջդ հետ հանդիպելու պատճառով բաց ես թողնում դասերդ, տուն վերադառնում ես երեկոյան ժամը 10-ին` խոստացած 7-ի փոխարեն, գուցե նոր էքստրեմալ սանրվածք կամ դաջվածք ես անում … Եվ էլի լիքը բան կարելի է հնարել, երբ ցանկանում ես հնարավորինս շուտ ազատվել բոլոր արգելքներից և սահմանափակումներից:

Մեծահասակներին բնորոշ վարքագիծ, սովորաբար, ստիպված ես սովորել քո սեփական փորձարկումների և սխալների հիման վրա, և կանցնի դեռ շատ ժամանակ, մինչ դու կընտրես մեծահասակ կյանքի բոլոր գայթակղություններից այն, ինչ լիովին համապատասխանում է քեզ:

Խելացի մարդիկ սովորում են իրենց սխալների վրա, բայց իմաստուն մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա և խուսափում են դրանցից:

 

Եվ քեզանից ակամա դեռ կանես լիքը սխալներ և նույնիսկ հիմարություններ ☺️

Բայց, այդ սխալների մեջ կան ճակատագրական սխալներ: Մազերի վառ գույնը, տարօրինակ սանրվածքը կամ ճչացող շպարը մի բան է, սա մեծ խնդիր չէ, բայց քո «անկախության» որոշակի դրսևորումներ կամ արարքներ  կարող են լուրջ վնաս հասցնել քո առողջությանը և բերել մի շարք խնդիրների այն մեծահասակ կյանքում, որին դու այդքան ձգտում ես: Հավանաբար կռահեցիր, որ խոսքը գնում է ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների մասին: Իսկ անպատասխանատու սեռական վարքագիծը կարող է նպաստել սեռավարակների, ՄԻԱՎ-ի և անցանկալի հղիության (այդ մասին կարդա մեր հոդվածներում):

 

 

Վնասակար սովորությունների մասին շատ-շատ է խոսվում, և հաստատ դու էլ լսած կլինես և՛ ուսուցիչներից, և՛ բուժաշպատողներից, և՛ ծնողներից, և՛ բոլոր այն մարդկանցից, ովքեր զբաղվում են քո լուսաբանմամբ: Եվ դու հաստատ գիտես այն բոլոր վտանգների մասին, որոնք կապված են ծխախոտի կամ հոգեմետ միջոցների օգտագործման հետ: Չենք ուզում կրկնվել: Դու կգտնես անսահման շատ ինֆորմացիա համացանցում այդ թեմաներով, և միշտ կարող ես իմանալ ավելին վնասակար սովորությունների հետևանքների և կախվածության մասին:

Եվ այսպիսով, մենք որոշեցինք, գրել…ԱՆկախության մասին (այսպես է կոչվում մեր կայքի համապատասխան բաժինը):

 

Դժվար թե քո պլաններում ունես կորցնել ազատությունը և ստրկանալ, իսկ ծխախոտից կամ թմրամիջոցներից կախվածությունը հենց ստրկություն է
 

Եվ եթե դու արդեն հասցրել ես ծանոթանալ կամ նույնիսկ «ընկերանալ» այդ վնասակար սովորությունների հետ, ապա հենց քո համար մենք հավաքել են մի քանի խորհուրդներ, որոնք  կօգնեն քեզ ժամանակին ընդհատել այդ կասկածելի «ընկերությունը»:

Եվ այսպես, եթե ցանկանում ես թողնել ծխելը, կարդա «Ծխե՞լ: Թողնե՛լ» հոդվածը: «Սթափ հայացք» հոդվածից կիմանաս, թե ինչպես ճանաչել ալկոհոլային թունավորումը և հրաժարվել խնջույքի ժամանակ առաջարկվող ալկոհոլային խմիչքից, իսկ «Նարկոբում» հոդվածը  նվիրված է թմրամիջոցներին…Այդ թեմաներով մեր կայքում կան նաև հետաքրքիր տեսահոլովակներ`«Oգտակար ռեսուրսներ» բաժնում:

 

Ուրեմն, շարժվենք առաջ` դեպի իրական ԱՆկախություն 🙂