Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

ԾԽԵ՞Լ: ԹՈՂՆԵ´Լ

Ինչպե՞ս զերծ մնալ ծխախոտից: Հնարավո՞ր է թողնել ծխելը: Կիսվենք ամենաարդյունավետ խորհուրդներով:

Քո առաջին սիգարետը… Թե ինչո՞ւ այն հայտնվեց քո ձեռքում, պատճառները կարող են լինել տարբեր. գուցե քո ըկերական շրջապատում բոլորը ծխում էին, կամ ծխախոտը ձեռքին դու քեզ զգում ես ավելի վստահ, ավելի մեծ ու հասուն… Դրա հետ մեկտեղ շատ հավանական է, որ առաջին փորձը քեզ բոլորովին էլ դուր չէր եկել: Բայց, ամեն ծխած սիգարետի հետ տհաճ զգացումները կարծես պակասում էին: Եվ ահա գալիս է այն օրը, երբ «ընկերովի մի հատ կպցնեմ»-ի փոխարեն առաջանում է իսկական կախվածություն, այսինքն` անհաղթահարելի ձգտում օգտագործելու ծխախոտի նորունոր չափաբաժիններ: Համոզված ենք, գիտես, որ ծխախոտը պարունակում է նիկոտին` բավականին ուժեղ կախվածություն առաջացնող մի նյութ:

Բացի նիկոտինից, ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4000 տարբեր քիմիական նյութեր, որոնցից 250-ը վնասակար է, իսկ առնվազն 60-ը` քաղցկեղածին: Ծխախոտը զուր չէ, որ անվանում են դանդաղ մարդասպան. յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ աշխարհում մահանում է 1 ծխող` ծխախոտի օգտագործման հետ կապված տարբեր հիվանդությունների պատճառով:

Ի դեպ, ծխախոտի ծուխը վնասակար է նաև ծխով լցված միջավայրում գտնվող մարդկանց` այսպես կոչված պասիվ ծխողների, հատկապես հղի կանանց և փոքր երեխաների համար:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային սիգարետին և նարգիլեին +

Ուրեմն, չարժե´ սկսել, քանի որ թողնելն այնքան էլ հեշտ չէ: Այնուամենայնիվ, հնարավոր է: Ինչպե՞ս:

Բերում ենք ամենաարդյունավետ խորհուրդների ցանկը:

 

  • Գրի´ առ:

Գրի առ ծխելը թողնելու քո որոշումը: Կարող ես գրել քո օրագրում, օրացույցում, նշումների գունավոր թղթի վրա, ցանկացած երևացող տեղ: Լավ կլինի, որ գրես նաև այն բոլոր պատճառները, որոնք քեզ դրդեցին ընդունել այդ կարևոր որոշումը: Օրինակ, դու շնչակտուր ես լինում սպորտով զբաղվելիս կամ արշավների ժամանակ սար բարձրանալիս, կամ քեզ (ընկերուհուդ) դուր չի գալիս, որ քեզանից ծխախոտի հոտ է գալիս, կամ էլ դու այլևս չես ուզում գումար ծախսել սիգարետների վրա և որոշել ես դրամ հավաքել կարևոր մի բան գնելու համար:

  • Պատմի´ր:

Կիսվիր քո որոշման մասին վստահելի մարդու հետ: Եթե դու թաքցնում ես ծնողներից քո ծխելու սովորությունը, ապա պատմիր մեկ այլ մարդուն` ում վստահում ես: Քո շրջապատում հաստատ կգտնվի մեկը, թեկուզ և ընկերների մեջ, նա, ով չի ծխում և կարող է քեզ սատարել և աջակցել քո որոշման մեջ (կամ կարող եք դա անել միասին, ընկերովի):

Դադարեցնելու օրը: 

Ընտրիր կոնկրետ մի օր` «դադարեցնելու օր», երբ դու կթողնես ծխելը: Այն նշիր օրացույցում, պատմիր այդ մասին քեզ սատարող մտերիմ մարդկանց: Թող քո գիտակցության մեջ այդ օրը ֆիքսվի որպես մի սահմանագիծ, որից հետո կսկսվի քո նոր, ծխախոտից ազատ կյանքը: Որոշ մարդիկ փորձում են թողնել ծխելը ոչ թե կտրուկ, այլ աստիճանաբար նվազեցնելով գլանակների քանակը: Սա էլ տարբերակ է, բայց սովորաբար` պակաս արդյունավետ:


  • Ձերբազատվի´ր

Ձերբազատվիր քո ունեցած ծխախոտից, պարզապես դեն նետիր բոլոր սիգարետները: Մի թող ոչ մի «պահուստ»: Առանց երկար մտորելու` ազատվիր նաև մոխրամաններից և կրակայրիչներից:

  • Լվա´ քո հագուստը

Լվա քո ամբողջ հագուստը, որպեսզի լրիվ ձերբազատվես ծխախոտի հոտից:

  • Վերլուծի´ր

Մտածիր, թե ինչի հետ է կապված քո ծխելու ցանկությունը: Դա կարող է լինել սուրճի բաժակը, քաղցը թուլացնելու ցանկությունը, ընկերների հետ հանդիպումը կամ երեկույթը: Նման իրավիճակներում մարդիկ սովորաբար ծխում են անգիտակցաբար, նույնիսկ չունենալով դրա կարիքը:  Եթե դու գիտես, թե ինչն է քեզ դրդում ծխել, փորձիր խուսափել նման իրավիճակներից: Կարող ես մոտդ պահել մաստակ (ծամոն), արևածաղկի սերմ կամ էլ ծծովի կոնֆետ, որոնցով կարող ես այդ պահին փոխարինել ծխախոտի գլանակը:

  • Զբաղեցրու´ ինքդ քեզ

Փորձիր գտնել նոր հետաքրքիր զբաղմունքներ: Դա փորձարկված է և ապացուցված` ինչքան քիչ ազատ/ պարապ ժամանակ թողնես քո առօրյայում, այնքան հազվադեպ ես հիշելու ծխախոտի մասին: Բացի այդ, ինչքան ակտիվ լինի քո կյանքը, այնքան քիչ վտանգ կա, որ կավելացնես քաշ (սա հատկապես մտահոգում է աղջիկներին):

Oops, ես նորից դա արեցի…

Եթե հանկարծ մի օր քո մոտ չստացվեց զսպել ծխելու ցանկությունը, մի ընդունիր դա որպես լուրջ աղետ, որ «խաչ քաշեց» քո բոլոր ջանքերի վրա: Բոլոր մարդիկ կարող են սխալվել, և հասկանալով, թե ինչն էր քո պլանի տապալման պատճառը, հաջորդ անգամ դու ավելի հեշտ կկարողանաս խուսափել այդ իրավիճակից:

Քեզ հաջողությու´ն ենք մաղթում քո այս կարևոր որոշումն իրագործելու մեջ:

Ստացվե՞ց:  Կիսվի´ր մեր Ֆեյսբուկյան խմբում քո հաջողված պատմությունով:

Այս հոդվածում օգտագործվել է Peter Franc –ի և այստեղից վերցրած նկարները: