Ընկճախտի մասին. մաս 3
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` դեպրեսիան կամ ընկճախտը հանդիսանում է ամենատարածված հոգեկան խանգարումներից մեկը: Դեպրեսիայով տառապում է ավելի քան 300 միլիոն մարդ ամբողջ աշխարհում:
Նախորդ հոդվածներում մենք բավականին մանրամասն խոսեցինք ընկճախտի զարգացման պատճառների և հիվանդության արտահայտությունների մասին (կարդա այստեղ և այստեղ): Այժմ` թե ինչպես օգնել:
Ինչպե՞ս է բուժվում ընկճախտը
Նախ հիշենք, որ ընկճախտի որոշ արտահայտություններ կարող են լինել նաև այլ խանգարումների ժամանակ: Ճիշտ ախտորոշումը կարող է դնել միայն բժիշկը, ուստի եթե նկատում եք կասկածելի նշաններ, պարտադիր պետք է դիմել մասնագետի:
Ընկճախտը կարող է ունենալ ծանրության տարբեր աստիճաններ: Միջին ծանրության և ծանր դեպրեսիան պարտադիր բուժում են դեղորայքով, երբեմն` նաև համադրելով հոգեթերապիայի մեթոդների հետ, այդ թվում կոգնիտիվ-վարքագծային և միջանձնային հոգեթերապևտիկ: Օգտագործվում են հատուկ դեղեր` հակադեպրեսանտներ: Դրանք բավականին արդյունավետ են և հիմնականում ազդում են սերոտոնինի կամ այլ նեյրոմեդիատորների նյութափոխանակության վրա:
Բոլոր դեպքերում հիվանդության ախտորոշումը և բուժումն իրականացնում է մասնագետը, որը գնահատում է հիվանդության ծանրությունը և ընտրում համապատասխան բուժման մեթոդ` ամեն դեպքի համար կիրառելով բուժման անհատական պլան:
Հոգեթերապևտը կօգնի.
- հասկանալ հույզերը և դրանք վերբալիզացնել (արտահայտել բառերի միջոցով),
- վերլուծել և խնդիրներին դեմն առնել,
- ձեռքբերել ինքնավստահություն,
- ընդունել և սիրել ինքդ քեզ,
- ազատվել բացասական մտքերից,
- ստանալ դրական հույզեր և լինել ավելի լավատես:
Ցավոք, միշտ չէ, որ բուժումն արագ արդյունք է տալիս: Երբեմն պահանջվում է հոսպիտալացում:
Ինչպե՞ս կարող ես օգնել ընկերոջը
Հաճախ մենք ինքներս կարող ենք նկատել դեպրեսիայի արտահայտություններ և պետք է ճանաչենք վտանգավոր նշանները և օգնենք մեր ընկերոջը կամ ծանոթին:
Քանի որ ընկճախտը զուտ վատ տրամադրություն չէ, չարժե փորձել բարձրացնել ընկերոջդ տրամադրությունը սովորական խրախուսանքի բառերով, օրինակ` «քիթդ մի՛ կախիր, ամեն ինչ լավա» կամ «ամեն ինչ լավ կլինի, չմտածե՛ս», առավել ևս` «բա սա պրոբլեմա՞» կամ «պարզապես մոռացի՛ր»: Կարևոր է հասականալ, որ ընկճախտը լուրջ հիվանդություն է, որն ունի կոնկրետ պատճառներ և պայմանավորված է ֆիզիոլոգիական գործընթացներով:
Եթե նկատում ես, որ ընկերդ երկար ժամանակ ընկճված է, պետք չէ նրան նեղել կամ բզբզել, ճիշտ կլինի լինել բարյացկամ և ուշադիր և համոզել դիմել օգնության:
Կարևոր է հասկացնել նրան, որ դու միշտ պատրաստ ես նրան օգնել, եթե դրա կարիքը լինի: Պետք չէ ստիպել մարդուն խոսել նրա խնդիրների կամ զգացմունքների մասին. միշտ չէ, որ նման բացեիբաց խոսակցությունները օգտակար են:
Պարզապես հասկացրու ընկերոջդ, որ դու նրա կողքին ես և կարող ես լսել և խոսել նրան հուզող հարցերի մասին: Ցույց տուր նրան կյանքի դրական կողմերը և փորձիր զվարճացնել, միասին մի հաճելի կամ հանգստացնող զբաղմունք գտեք:
Դեռահասային տարիքում ընկճախտի առանձնահատկությունները
Անցումային տարիքում, երբ երեխան դառնում է մեծահասակ, նա ունենում է ապրումներ և հույզեր, որոնք ավելի բնորոշ են մեծերին, քան փոքրիկներին: Ուստի պատանեկան ընկճախտը ավելի նման է մեծահասակների հիվանդության, քան մանկական տարբերակին (այո՛, չզարմանաք, ընկճախտը կարող է հանդիպել և փոքր տարիքի երեխաների մոտ) 🙁
Ինչքան մեծ է դեռահասը, այնքան մեծ է հավանականությունը, որ նա կունենա այսպես կոչված տագնապային խանգարումներ, երբ ընկճվածության հետ մեկտեղ նկատվում է մշտական անհանգստություն, նյարդային վիճակ, վախեր: Առավել ևս, հաշվի առնելով նաև այն փաստը, որ դեռահասներն անցումային տարիքում հաճախ ունենում են ընկերների շրջապատում իրենց տեղը գտնելու խնդիրներ, դժգոհություն սեփական արտաքինից, կոնֆլիկտներ ծնողների և ուսուցիչների հետ, ինքնահաստատման փորձեր… Բնականաբար, սթրեսի մակարդակը բարձր է և խնդիրների առաջացման հավանականությունը` ավելի մեծ 🙁
Հաճախ ընկճվածություն ունեցող երիտասարդը (և շրջապատողները) կարող են գլխի չընկնել, որ իր մոտ կան խնդիրներ, ինչևէ, նա կարող է ունենալ տարբեր դժվարություններ առօրյա կյանքում` կենտրոնանալու հետ խնդիրներ, անտարբերություն և ապաթիա, մոտիվացիայի կորուստ, բացակայություն դպրոցից, առաջադիմության անկում: Երբեմն ընկճվածության պատճառով երիտասարդը կարող է դիմել ալկոհոլի կամ հոգեմետ միջոցների օգնության:
Պետք է հասկանալ, որ դեպրեսիայի նշանները ինքնուրույն չեն անցնի, և հիվանդությունը պահանջում է մասնագիտական միջամտություն:
Պատմի՛ր այդ մասին ծնողին կամ մեծահասակներից նրան, ում վստահում ես և միասին դիմեք օգնության:
Եվ վերջում մի քանի պարզ խորհուրդ, թե ինչպես ազատվել բացասական հույզերից և կանխարգելել ընկճվածությունը: Պարզապես անհրաժեշտ է.
- առողջ սնվել,
- նորմալ քնել,
- քայլել, պարել, շարժվել ամեն օր,
- գտնել ազատ ժամանակ լիարժեք հանգստանալու և լիցքաթափվելու համար,
- ունենալ սիրելի զբաղմունք/ հոբբի,
- փորձել գտնել և տեսնել հաճելի և դրական բաներ շրջապատում և առօրյա կյանքում, թեկուզ և մանրուքներում 🙂
Աղբյուրներ` https://ology.sh/healthygrowth/, https://kidshealth.org: