Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նարկոբում (մաս 1)

ԻՐԱԿԱՆՈՒՄ ո՞ւմ է ձեռնտու թմրանյութերի տարածումը, և ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ դրանց օգտագործումը:

Թմրանյութերը երիտասարդների կայացման ճանապարհին հանդիպող ամենանենգ թակարդն է: Ի տարբերություն թույլատրված՝ չափահասների համար (միևնույն ժամանակ` բացարձակ անօգուտ) ծխախոտի և ալկոհոլի, թմրամիջոցները դասվում են այն նյութերի շարքին, որոնց օգտագործումն օրենքով արգելված է: Այնուամենայնիվ, դրանց կործանարար ազդեցության մասին մեծահասակների անդադար զգուշացումներին հակառակ` որոշ երիտասարդները շարունակում են օգտագործել նման նյութեր:

white noise

Ամենայն հավանականությամբ դու մեկ անգամ չէ, որ լսել ես թմրամիջոցների վտանգների մասին, և ինքդ քեզ հարց ես տալիս, թե ինչո՞ւ շատերը, իմանալով այդ սպառնալիքների մասին, սկսում կամ շարունակում են օգտագործել, թե ինչո՞ւ թմրանյութեր օգտագործողների հետ առնվազն սկզբնական շրջանում արտաքնապես ոչ մի բացասական երևույթ տեղի չի ունենում, և վերջապես, իրո՞ք դրանք այդքան վնասակար են: Ի վերջո, մարդիկ պատրաստել և օգտագործել են թմրամիջոցներ դարեր շարունակ և ոչինչ …

Թմրանյութերը արհեստական կամ բնական նյութեր են, որոնք օգտագործվում են մարդու մտքերը, ընկալումը, տրամադրությունն ու վարքը փոխելու և հաճույք ստանալու նպատակով: Դրանց ընդունումը անխուսափելիորեն հանգեցնում է ֆիզիկական և հոգեկան խանգարումների և ի վերջո` կյանքի կործանման:

ՊԱՏՄԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Որոշ բույսերի՝ մարդկանց գիտակցությունը փոխելու հատկությունը բացահայտվել է դեռ հին ժամանակներում: Հեքիմներն ու քահանաները օգտագործել են այդ բույսերն ու դրանցով պատրաստվող նյութերը որպես դեղամիջոց և հոգիների ու աստվածների հետ կապվելու միջոց: Միջնադարում և մեր ժամանակներում ափիոնը լայնորեն օգտագործվել է որպես ցավազրկող միջոց: Ամերիկան հայտնաբերելուց հետո Եվրոպայում հայտնվեցին կոկայի տերևներ, որից հետագայում սովորեցին կոկաին ստանալ: Արևելյան ապրանքների հետ միասին Եվրոպա բերվեց նաև հաշիշ:

Եկեղեցին դատապարտում էր թմրամիջոցների կիրառումը ոչ բժշկական նպատակներով: Սակայն, 19-րդ դարում Եվրոպայի արևմտյան և արևելյան հատվածներում, հատկապես ազնվականների և մեծահարուստների շրջանում առաջացավ թմրանյութերի «նորաձևություն» հասկացությունը: Դրան ակտիվորեն աջակցում էին թմրավաճառները, ովքեր մարդկանց հետաքրքրասիրության և զուտ «փորձելու» ցանկության վրա մեծ գումարներ էին վաստակում: Հարստության մոլուցքը 19-րդ դարի կեսերին հանգեցրեց երկու «ափիոնային» պատերազմների Չինաստանում, որտեղ բրիտանական և ֆրանսիական թմրավաճառները ցանկանում էին պահպանել և ընդլայնել ափիոնի վաճառքը:

20-րդ դարում գիտնականները սովորեցին թմրանյութեր սինթեզել քիմիական ճանապարհով: Ի սկզբանե, սինթետիկ թմրանյութերը արտադրվում էին փորձարարական նպատակով, և միայն որոշ ժամանակ անց դրանք սկսեցին օգտագործվել նաև որպես զվարճանքի միջոց: Դրանց տարածմանը խթանել են մի քանի երիտասարդական ենթամշակութային շարժումներ և նարկոբիզնեսը:

Ակտիվորեն պաշտպանելով թմրամիջոցների անվտանգության և «ապրել հանուն հաճույքի» սկզբունքները՝ թմրավաճառները շարունակում են հսկայական գումարներ վաստակել: Իսկ նրանք, ովքեր ձեռք են բերում և օգտագործում են թմրանյութեր, վնասում են իրենց առողջությունը և կրճատում կյանքը:

Ի դեպ, վերջին տարիներին թմրամիջոցները տարածվում են համացանցի և սոցիալական ցանցերի միջոցով, լայնորեն կիրառվում են տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ անանուն մնալու նպատակով։


ՓԱՍՏՆ ԱՆԺԽՏԵԼԻ Է. ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԸ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Թմրանյութերի կանոնավոր օգտագործումն առաջացնում է կախվածություն: Դրանց որոշ տեսակներ առաջացնում են կախվածություն հենց առաջին անգամից: Սկզբում ձևավորվում է հոգեկան կախվածություն՝ հերթական չափաբաժինն ընդունելու ուժեղ, գրեթե անդիմադրելի ցանկություն: Եվ շատ շուտով այն վերածվում է ֆիզիոլոգիական վիճակի, և առաջանում է ֆիզիկական կախվածություն, երբ օրգանիզմը չի կարող նորմալ գործել առանց թմրանյութի ընդունման: Եթե անձը ժամանակին չի ընդունում չափաբաժինը, ունենում է ցավի զգացողություն, առաջանում է ջղաձգություն, վերջույթների դող, դողէրոցք, տարբեր վախեր և անհանգստություն: Այս վիճակը կոչվում է աբստինենտային (ժուժկալման, զրկանքի) համախտանիշ` «ломка», որից հնարավոր է դուրս գալ միայն բժշկի օգնությամբ (թմրամոլները, որպես կանոն, հրաժարվում են դրանից) կամ հերթական չափաբաժինն ընդունելով, ինչն ավելի է ուժեղացնում կախվածությունը:

«Ընդունում եմ միայն այն ժամանակ, երբ ուզում եմ» կամ «Եթե ուզեմ, ցանկացած պահին կհրաժարվեմ» համոզմունքները թմրամիջոցի պարագայում չեն գործում: Օրգանիզմը սովորում է և մշտապես պահանջում է նոր չափաբաժին: Իսկ այն «ընկերները», ովքեր քեզ տարել են այդ ճանապարհով, այնքան էլ հեշտ չեն հրաժարվի քեզանից, չէ՞ որ յուրաքանչյուր վաճառված չափաբաժին ավելացնում է նրանց եկամուտը:

Եվ այսպես, փաստն անժխտելի է. թմրանյութերը առաջացնում են կախվածություն, որից դժվար է ազատվել: Եվ հենց սա է պատճառը, որ չնայած բոլոր վտանգներին` մարդիկ շարունակում են օգտագործել թմրանյութեր՝ խաղաքարտին դնելով սեփական ազատությունը, առողջությունն ու կյանքը:

Շարունակելի․․․