Ինչպես հաղթահարել ալարկոտությունը
Ժամանակ առ ժամանակ կարելի է քեզ թույլ տալ մի քիչ ծուլանալ, չլարել ուղեղը և պարզապես ոչինչ չանել ու հանգստանալ: ԱՄՆ-ում նույնիսկ կա հատուկ ազգային օր, որ կոչվում է «Առանց ուղեղը լարելու օր» (No Brainer Day): Այդ օրը առաջարկվում է նշել` խուսափելով ուղեղի լարում և մեծ ջանքեր պահանջող ցանկացած գործից 🙂
Ինչևէ, դա կարելի է թույլ տալ հազվադեպ և չդարձնել վատ սովորություն:
Մեր առօրյա կյանքում հանդիպող շատ խնդիրների և անհաջողությունների հիմքում ընկած է հենց ծուլությունը: Դրան հետևում են հուսալքությունը, մոտիվացիայի կորուստը, անգործությունը: Բոլորին հայտնի է, որ երբ պետք է գնալ դասի կամ աշխատանքի, դու ինքդ քեզ ստիպում ես վեր կենալ անկողնուց կամ բազմոցից, քեզ կարգի բերել, շարժվել, քանի որ պետք է: Իսկ եթե չունես զբաղմունք կամ կարևոր գործ, հատկապես արձակուրդներին, քեզնից անկախ ալարկոտանում ես …
Ինչպե՞ս հաղթահարել ալարկոտությունը. օգտակար խորհուրդներ:
Իհարկե, պետք է կամքի ուժ դրսևորել: Հաստատ նկատած կլինես, որ ինչքան երկար ես անգործ մնում և ալարկոտությանդ տեղի տալիս, այնքան շատ է այն խորանում 🙁
Ուրեմն, ինքդ քեզ ստիպի՛ր գործել, մի բանով զբաղվել: Զանգիր ընկերոջդ, պայմանավորվեք հանդիպել, ընկերների կամ ընտանիքի անդամների հետ միասին նախաձեռնեք մի բան: Դու կարող ես, օրինակ, գրանցվել սպորտի, պարի, յոգայի, ցանկացած խմբակ` ըստ քո ճաշակի, միանալ արշավախմբին կամ որևէ կամավորական շարժմանը կամ պարզապես սկսել առավոտյան վազել: Փորձիր մի օգտակար բան պատրաստել ինքդ, քո ձեռքերով, և ոգեշնչվիր արդյունքով:
Բնականաբար, պետք է ջանք գործադրես. եթե սկզբից քեզ ստիպելով կանես, հետո դա կդառնա սովորական մի բան, և առանց հետաքրքիր զբաղմունքի արդեն կձանձրանաս և միշտ կձգտես ակտիվ լինել:
Reddit հարթակի օգտատերերը կիսվել են լայֆհաքերով, որոնց օգնությամբ նրանք կարողացել են հաղթահարել սեփական ալարկոտությունը: Այդ հարցի շուրջ քննարկումը շատ արագ դարձավ պոպուլյար և հավաքեց ավելի քան 8000 քոմենտներ: Եվ այսպես.
- Որպես ամենակարևոր խորհուրդ նշվեց նոր սովորություններ ձեռք բերելը: Ալարկոտ մարդիկ նկատեցին, որ առօրյա նույն գործերը ձանձրացնում են և առաջացնում են մոտիվացիայի կորուստ: Սակայն, եթե կարողանաս մի քիչ ջանք գործադրել և դուրս գալ քո անձնական կոմֆորտի գոտուց, ապա կարող ես սկսել լրիվ նոր կյանք: Եթե տանը շուն պահես, նա քեզ հաստատ ավելի կարգապահ կդարձնի. ուզես թե չէ, պետք է առավոտյան և երեկոյան զբոսնես շան հետ:😊
- Մյուս խորհուրդը ֆիզիկական ակտիվությունն է՝ որևէ հաճելի սպորտաձևով կամ պարով զբաղվելը: Ֆիզիկական վարժանքները ոչ միայն օգտակար են գեղեցիկ կազմվածքի և առողջության համար, այլ նաև տալիս է դրական լիցքեր: Այդ մասին մենք բազմիցս ենք խոսել (կարդա այստեղ): Եթե կանոնավոր, բայց առանց ավելորդ լարվածության հաճախում ես պարապմունքների, դա քեզ կարգավարժեցնում է, այսինքն` ավելի կարգապահ է դարձնում և օգնում է ճիշտ կառավարել ժամանակդ:
- Շատ կարևոր է ժամանակին հայտնաբերել և բուժել ընկճվածությունը, չի՛ կարելի անտեսել հոգեկան խնդիրները: Երբեմն ալարկոտությունը լուրջ խնդրի արտահայտություն է, հատկապես երբ ուղեկցվում է անտարբերությամբ և կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստով: Եթե խոսքը գնում է լուրջ և տևական ախտանշանների մասին, պարտադիր պետք է դիմել բժշկի, հետազոտվել և ընդունել համապատասխան բուժում:
- Շատերին օգնում է առօրյա գործերի ցուցակի և աշխատանքային պլանի կազմելը: Շատ հաճախ կարևոր գործերը և օրինակ՝ պարապմունքի գնալու անհրաժեշտությունը ստիպում են մոռանալ ալարկոտության մասին: Երբեմն մարդկանց օգնում է արտաքին տեսքին կանոնավոր հետևելու անհրաժեշտությունը, որը ժամանակի հետ դառնում է առօրյա սովորություն:
- Որոշ մարդիկ պարգևատրում են իրենք իրենց արած գործի կամ արդյունքի համար՝ լինի դա փոքրիկ նվեր կամ համեղ ուտելիք 🙂
- Մյուս օգտատերերը նշեցին «5 րոպեի կանոնը». որևէ բան անել առնվազն 5 րոպեի ընթացքում, որպեսզի դանդաղ քայլերով, բայց շարժվես դեպի նպատակդ:
Եվ վերջում կարևոր մի պահ. անպայման գովի՛ր ինքդ քեզ, որ կարողացար հաղթահարել ալարկոտությունդ: Հաջողություններդ գրանցիր օրագրում, պարբերաբար կարդա գրանցումները և մոտիվացրու ինքդ քեզ: Կարող ես նաև գրառում անել սոց.ցանցերի քո էջում, հաստատ լիքը լայքեր և հետևորդներ կունենաս, և դա քեզ էլ ավելի կմոտիվացնի: 😊
Կազմեց` Ե.Մովսեսյանը: