Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ֆիզիկական ակտիվություն

Շարժումը, ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը և առհասարակ ակտիվ կենսակերպը շատ կարևոր է մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության համար:

Հետազոտությունները փաստում են, որ ֆիզիկական ակտիվության պակասը, պասիվ, նստակյաց կենսակերպը նպաստում են տարբեր հիվանդությունների առաջացմանը, իսկ կանոնավոր ֆիզիկական վարժանքն ունի բազմաթիվ օգուտներ: Ի շնորհիվ ֆիզիկական ակտիվության ամրանում են ոսկրերն ու ջլերը, զարգանում մկանները, բարելավվում է սիրտանոթային և շնչառական համակարգերի վիճակը, օրգանիզմի պաշտպանական ֆունկցիան, պահպանվում է նորմալ քաշը: Բացի այդ,  ակտիվ մարդն ունենում է լավ ինքնազգացողություն, տոկունություն, բարձր տրամադրություն, ավելի ինքնավստահ է, հեշտությամբ է կատարում առօրյա գործերը և նույնիսկ ունի ավելի բարձր աշխատունակություն (երեխաների պարագայում` դպրոցական առաջադիմություն): 🙂

Կարծում ենք, տպավորիչ է: Եվ դրական ազդեցությունների ցանկը կարելի է շարունակել…

Ժամանակակից գիտությունն ապացուցել է, որ կանոնավոր ֆիզիկական վարժանքներն իջեցնում են տարբեր հիվանդությունների ռիսկը, որոնցից են սիրտանոթային հիվանդությունները, որոշ տեսակի ուռուցքները, շաքարային դիաբետը և այլն: Նույնիսկ վատառողջ և քրոնիկ հիվանդություններ ունեցողների կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը (իհարկե, ըստ մարդու կարողությունների) օգնում է լավացնել ընդհանուր առողջական վիճակը, նվազեցնել հիվանդության հոգեբանական և սոցիալական ազդեցությունն ու բեռը մարդու և նրա ընտանիքի վրա:

Մասնագետները 5-17 տարեկան երեխաներին և դեռահասներին խորհուրդ են տալիս օրական առնվազն 60 րոպե լինել ֆիզիկապես ակտիվ` մարզվել կամ մասնակցել տարբեր դինամիկ ակտիվություններին (լող, պար, աէրոբիկա, ֆուտբոլ և այլն):

Ֆիզիակկան վարժությունները լինում են 2 հիմնական տեսակի՝ դինամիկ (աէրոբ) և մկան-ամրացնող (ստատիկ կամ անաէրոբ)։ Առհասարակ բոլոր տեսակները օգտակար են, բայց առավել օգտակար են առողջության համար դինամիկ վարժությունները, ինչպես օրինակ՝ արագ քայլքը, վազքը, պարը, լողը և այլն։

Ուրեմն, առաջարկում ենք քեզ չխուսափել դպրոցում ֆիզկուլտուրայի դասերից, զբաղվել որևէ սպորտով կամ պարզապես առավոտյան մարմնամարզություն կատարել, շատ քայլել, ոտքով բարձրանալ աստիճաններով, մասնակցել տարբեր արտադպրոցական միջոցառումներին, արշավներին, ակտիվ խաղերին, պարել, լողալ, հեծանիվ վարել և այլն: Ընտրությունը բավականին մեծ է: Եվ բոլորովին պարտադիր չէ այցելել սպորտ ակումբ և շատ գումարներ ծախսել՝ ակտիվ լինելու համար։

Եվ ի վերջո` բարեկազմ, ձգված մարմին ունենալը գեղեցիկ է։ Իհարկե, պետք չէ չափն անցնել և մոռանալ անվտանգության մասին: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է առաջացնի միմիայն դրական էմոցիաներ, չբերի գերհոգնածության, ուժասպառ վիճակի: Բացի այդ, մարզվելու վայրը և սպորտային պարագաները պետք է լինեն հարմարեցված և անվտանգ, հագուստը և սպորտային կոշիկները` հարմարավետ:

Չմոռանա՛ս ընդունել բավարար քանակությամբ հեղուկներ (նախընտրելի է` մաքուր ջուր): Եթե զբաղվում ես սպորտով, քո սննդակարգը պետք է լինի ադեկվատ էներգետիկ ծախսերին, այսինքն, անհրաժեշտ է ընդունել բավարար քանակությամբ սննդանյութեր: Սպորտով զբաղվող երիտասարդների մոտ ընդհանուր կալորիաների և սպիտակուցի պահանջը ավելի բարձր է:

Եվ իհարկե, եթե ունես որևէ առողջական խնդիր, ապա նախքան ինտենսիվ Ֆիզիկական վարժանք կատարելը կամ կոնկրետ սպորտաձևի գրանցվելը, խորհրդակցի՛ր բժշկի հետ:

Կազմեց Ե.Մովսեսյանը: