Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես դառնալ ավելի ինքնավստահ

Շատ երիտասարդներ բողոքում են, որ չափազանց ամաչկոտ են, երկչոտ և կուզենային լինել ավելի ինքնավստահ: Իրականում, վստահություն կարելի է ձեռք բերել ինչպես փորձի, այնպես էլ որոշ հոգեբանական հնարքների միջոցով: Իսկ թե ինչպե՞ս, կարդա մեր հոդվածում:

Հաճախ առաջին խորհուրդն է` ներշնչիր ինքդ քեզ, որ դու ուժեղ ես և ունակ ես վստահ քայլի: Սակայն պետք է հասկանալ, որ ինքնաներշնչումը լավագույն մեթոդը չէ, և իրականում դժվար թե կարող է օգնել:

Նախ, ի՞նչ է ինքնավստահությունը: Դա սեփական ուժերի և կարողությունների մեջ համոզված լինելն է, երբ մարդը հանգիստ է և չի լարվում վստահ գործողություն պահանջող որևէ կարևոր իրադարձությունից առաջ, հավատում է, որ կարող է լուծել ցանկացած խնդիր:

Իհարկե, ինքնավստահությունը 100% չի երաշխավորում, որ ամեն ինչ կհաջողվի, բայց այն թույլ է տալիս դուրս գալ «կոմֆորտի զոնայից», լայնացնել դրա սահմանները և շարժվել դեպի հաջողություն:  Ապացուցված է, որ հաջողությունը ավելի շատ կախված է մարդու ինքնավստահությունից և ոչ թե կոմպետենտությունից (իրական գիտելիքներից և կարողություններից):

Եվ այսպիսով, մի քանի կարևոր քայլ դեպի ինքնավստահություն.

 

  • Ցուցադրի′ր ինքնավստահություն. 

Ինչքան էլ տարօրինակ թվա, բայց իրականում ինքնավստահ լինելու համար սկզբում կարելի է այն նմանակել: Բնությունում որոշ կենդանիներ հենց այդպես էլ վարվում են` ցուցադրելով խիզախություն վտանգի առջև:

 

  • Հետևի′ր քո տեսքին և առողջությանը.

Նկատած կլինես, որ հաջողակ կառավարիչները և ձեռներեցները կանոնավոր կերպով զբաղվում են սպորտով: Եթե դու քեզ չես հետևում, ճիշտ չես սնվում, վարում ես նստակյաց կենսակերպ, անբավարար ես քնում, ապա դժվար կլինի ցուցադրել աշխարհին քո լավագույն  կերպարը: Բոլորովին պետք չէ ժամերով մարզվել. օրական 30-60 րոպե ֆիզիկական վարժանքը (երեխաներին և դեռահասներին խորհուրդ է տրվում ամեն օր ֆիզիկապես ակտիվ լինել առնվազն 60 րոպե), ոտքով դասի կամ աշխատանքի գնալը կամ վերելակից չօգտվելը լրիվ բավարար է էնդորֆինների արտադրության և լավ ինքնազգացողության համար: 🙂 Սկսիր կենսակերպի փոքր փոփոխություններից, աստիճանաբար կընտելանաս ռեժիմին, և դա կդառնա քո առօրյայի անբաժանելի մասը:

 

  • Սովորի′ր արդյունավետ շփման գաղտնիքներ.

Նախապես պատրաստվիր կարևոր զրույցին, սովորիր շփման և արդյունավետ զրույցի վարման կանոններ: Նախապես ծանոթացիր նյութին, զրույցի ժամանակ կենտրոնացիր զրուցակցի և բովանդակության վրա, ցուցադրիր հետաքրքրություն: Ավելին կարդա «Հռետորական արվեստի գաղտնիքները» և «Հաղորդակցության վարպետ» հոդվածներում:

 

  • Մի′ համեմատվիր ուրիշների հետ.

Հիշիր, որ դու անհատականություն ես և քո նմանը չկա: Եթե համեմատվես ուրիշների հետ, միշտ կգտնվի մեկ ուրիշը, ով քեզանից լավը կլինի և քեզանից առաջ կանցնի: Հավատա քո ուժերին, փորձիր գտնել քո սեփական ուղին և ապրիր քո սեփական կյանքով: Պետք չէ կուրորեն հետևել ուրիշների գաղափարներին և մտքերին, այսպես դու չեզ ճանաչի ինքդ քեզ: Մի սպասիր ուրիշների գովաբանությանը, գործիր քո սեփական շահերից ելնելով:

 

  • Շփվի′ր դրական մարդկանց հետ.

Ինքնավստահությունը նաև կախված է դրական մարդկանց հետ շփումից: Հայտնի է, որ ինքնավստահ մարդը հարգում և սիրում է ինքն իրեն և դա տարածում շրջապատի վրա, ինչն օգնում է նաև մյուսներին: Աշխատիր շատ շփվել բաց, կենսախինդ և ուժեղ մարդկանց հետ:  Բացասական զգացմունքները հաճախ վարակիչ են լինում, ճնշում են մարդու ցանկությունները, ձգտումները և նոր գաղափարները:

 

  • Վե′րջ տուր ինքդ քեզ քննադատելուն.

Նույնիսկ բացասական տրամադրվածությունը և «սա կարող էր իմ նման անհաջողակի հետ պատահել», «իմ կյանքում ամեն ինչ վատ է» և նման արտահայտություններ իրականում նպաստում են վատ իրադարձություններին: Հիշի′ր, որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Ընդունիր ձախողումը որպես կյանքի փորձ, որը կօգնի քեզ հաջորդ անգամ չվախենալ և վստահաբար գործել` հաշվի առնելով նախկին փորձը:

Օգտակար է ունենալ մի օրագիր, որտեղ կգրանցես քո կյանքի լավ իրադարձությունները, հաղթանակները և կգովես ինքդ քեզ: Օրինակ` «Ես հաղթահարեցի իմ ալարկոտությունը և առավոտյան վազքի գնացի, ես շատ լավն եմ»: Հաճախ անդրադարձիր այդ օրագրին, և դրական հույզերը միշտ կուղեկցեն քեզ:

 

  • Մի′ կենտրոնանացիր վատ բաների և խնդիրների վրա.

Փորձիր ավելի թեթև վերաբերվել պրոբլեմներին: Շատ մարդիկ սիրում են փոքր բաներից մեծ խնդիր սարքել, դա ճիշտ չէ: Հաճախ մեր տրամադրվածությունից է կախված խնդրի բարդությունը: Եթե անընդհատ քեզ մեղադրես և ծամես խնդիրը, այն չի լուծվի և քեզ շատ վատ վիճակի կհասցնի: Մի´ կառչիր հին բաներից: Մի վատնիր ժամանակդ և ուժերդ հին արարքների կամ անհաջողությունների մասին մտածելով: Դրանք միայն կխանգարեն նոր նպատակներին հասնելուն: Բոլոր մարդիկ սխալվում են, իդեալական մարդ չկա: Սովորիր ներել ինքդ քեզ և առաջ շարժվել: Ավելի լավ է ուժերդ ուղղես դեպի նոր նպատակներ և նոր հաջողություններ:

 

  • Լսի′ր ինքդ քեզ, քո ներքին ձայնը:

Ուշադիր եղիր քո սեփական զգացմունքների և ցանկությունների նկատմամբ: Հաճախ մարդիկ չեն հասկանում, թե ինչ են ուզում 🙂 : Մտածիր, գուցե դու արդեն հասել ես քո երազանքին, բայց դա չես էլ նկատել և շարունակում ես կուրորեն առաջ գնալ: Մտածիր, իրականում քեզ ի՞նչ է պետք, որ լավ զգաս:

 

Եվ ի վերջո, եթե դու երիտասարդ ես, ուրեմն ամեն ինչ քո առջևում է: Դու ունես շատ մեծ հնարավորություններ: Փորձի′ր քեզ տարբեր ոլորտներում, տարբեր գործեր նախաձեռնիր, ունեցիր հոբբի, արա′ այն, ինչ քո մոտ լավ է ստացվում: Դարձրո′ւ քո ուժեղ կողմերը քո առավելությունը և հպարտացի′ր քո փոքր հաջողություններով, կարևոր չէ, թե ինչ բնագավառում: Դի′ր նպատակներ, թեկուզ պարզ և փոքր, փորձիր դրանց հասնել, և կգտնես քո սեփական ճանապարհը:

 

Հոդվածը կազմել է Ե.Մովսեսյանը: