Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես հաղթահարել անհամարձակությունը

Մենք հաճախ ենք ստանում հարցեր ինքնավստահության մասին։ Օրինակ` «Ես շատ փակ և ամաչկոտ մարդ եմ: Փորձում եմ փոխվել, բայց երբ պետք է ինձ ցույց տամ, կաշկանդվում եմ: Ես վախենում եմ և ամաչում եմ շատ բաներից, հատկապես խոսել անծանոթ մարդկանց հետ: Աշխատում եմ չշփվել անծանոթների հետ, ինձ թվում է` նրանք ձանձրանում են իմ հետ շփվելիս, չգիտեմ, ինչի՞ մասին խոսել նրանց հետ: Ուզում եմ սովորել, թե ինչպես լինել ավելի բաց, շփվող, չմտածել ուրիշների կարծիքի մասին, չամաչել: Վախենում եմ, որ ընդմիշտ այդպիսին կմնամ...»:

Մի քանի կարևոր խորհուրդ հոգեբաններից:

Եթե փորձես պայքարել քո դեմ, հաջողության չես հասնի: Աշխատիր գտնվել համերաշխության մեջ սեփական «ես»-ի հետ: Անհրաժեշտ է սիրել և աջակցել ինքդ քեզ, օգնել և ոչ թե քննադատել: Հիշիր, որ դու քեզ համար ամենամտերիմ մարդն ես: Խնդիրները դիր այնպես, որ ինքդ քեզ աջակցես և ոչ թե փնտրես բացասական կողմերդ ու նախատես քեզ դրանց համար:

Փորձիր վերաձևակերպել քո հարցադրումներն այնպես, որ դրանք պարունակեն ավելի շատ դրական կողմեր` ինքդ քեզ ընդունելու, գնահատելու և աջակցելու տեսանկյունից:

Օրինակ այսպես`

  • Ես դժվարանում եմ անծանոթ իրավիճակներում, քանի որ ուզում եմ  ինձ պահել ճիշտ ձևով և դրական տպավորություն ստեղծել մարդկանց մոտ:
  • Ես ուզում եմ հետաքրքիր լինել ուրիշների համար:
  • Ես չգիտեմ, ինչով կարող եմ հետաքրքիր և համակրելի լինել ուրիշների համար:
  • Ես փորձում եմ խուսափել նոր իրավիճակներից, երբ չգիտեմ, ինչպես վարվել, վախենում եմ, որ այդ իրավիճակները ինձ համար կմնան նոր և անհասկանալի:

Այդ խնդիրներից յուրաքանչյուրը հնարավոր է լուծել: Ինչպես նկատեցիր, այստեղ չկան քո հասցեին նախատինքներ, դրանք բնութագրում են քեզ միայն դրական կողմից:

Հերթով անդրադառնանք այդ խնդիրներին.

  • Անծանոթ իրավիճակները դժվար են մարդկանց մեծ մասի համար: Ինքդ քեզ հետ կռվելու և դժվարությունն անտեսելու փոխարեն` ավելի լավ է ծանոթանալ իրավիճակին: Սովորիր, թե ինչպես վարվել տարբեր իրավիճակներում` ինչպես կանչել տաքսի, ինչպես վճարել սրճարանում, ինչպես խոսել, ինչ կարելի է անել այս կամ այլ կոնկրետ իրավիճակում: Որտեղի՞ց  իմանալ: Զննիր քո շրջապատը, գիրք կարդալիս և ֆիլմ դիտելիս` ուշադիրություն դարձրու, թե ինչպես են մարդիկ գործում տարբեր իրավիճակներում և ինչին է դա բերում: Հայտնվելով նոր միջավայրում` ուսումնասիրիր և վերլուծիր մարդկանց վարքագիծը և դրա հետևանքները:
  • Ուրախացիր քո ցանկության համար: Եթե ուզում ես ավելի լավ կողմից քեզ ցույց տալ, ուրեմն անտարբեր չես շրջապատող մարդկանց հանդեպ, ձգտում ես շփվել նրանց հետ, պատրաստ ես ընդունել նրանց կարևորությունը, փորձում ես գտնել քո սեփական տեղը նրանց մեջ, հարգում և հաշվի ես նստում ուրիշների կանոնների հետ: Սրանք շատ դրական հատկանիշներ են:
  • Վերլուծիր քո սեփական նախասիրությունները. ի՞նչ ես սիրում անել, ի՞նչը քեզ հաճույք է պատճառում, ի՞նչ չես սիրում կամ տանել չես կարող: Քո ուժեղ կողմերով դու առավելապես հետաքրքրական կլինես ուրիշների համար: Ինչքան շատ հետաքրքրություններ ունենաս, այդքան ավելի մեծ շանսեր կունենաս դառնալ հետաքրքիր նաև ուրիշների համար
  • Փորձիր քեզ տարբեր ոլորտներում, փնտրիր քո սիրած զբաղմունքը: Դա պահանջում է ժամանակ, բայց ընթացքում հաստատ չես ձանձրանա 🙂 Գտնելով քո ուզած զբաղմունքը` կգտնես նաև համախոհներ: Մարդու անկեղծ նվիրվածությունը գործին միշտ համակրանք է առաջացնում: Հատկապես, եթե մարդը պատրաստ է կիսել իր հետաքրքրությունները ուրիշների հետ` ընդունելով նրանց առանձնահատկությունները և կանոնները:

 

  • Նոր, անծանոթ իրավիճակներում վախի և անվստահության զգացում ունենալը նորմալ է: Ավելի վատ է ներխուժել անծանոթ միջավայր` առանց երկար մտածելու և հաշվի առնելու բոլոր հետևանքները և հնարավոր վտանգները: Աստիճանաբար ծանոթացիր նոր և անհասկանալի իրավիճակին, ուսումնասիրիր ուրիշների վարքագիծը, մտածիր դրա շուրջ, վերլուծիր: Անհրաժեշտության դեպքում դիմիր մտերիմ մեծահասակների օգնության` քննարկելու քո դիտարկումները և եզրահանգումներն այս կամ այլ իրավիճակի վերաբերյալ:
  • Մի՛ շտապիր անմիջապես արձագանքել և արտահայտվել, որոշ ժամանակ լուռ մնա և ավելի շատ լսիր մյուսներին: Եթե դու ցուցադրես քո ուշադրությունը և լսելու ունակությունը, իսկ շփոթված լինելու պարագայում` բաց տեքստով ասես, որ իրավիճակը քո համար անսովոր է և չգիտես` ինչպես վարվել, ապա դրանով միմիայն համակրանք կառաջացնես քո նկատմամբ:

Որոշ օգտակար խորհուրդներ կարող ես գտնել նաև այս հոդվածում:

 

Հոդվածի աղբյուր` http://teenslive.info (հարց հոգեբանին):