Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես խոսել զուգընկերոջդ հետ «այդ» մասին

Ունե՞ս մեկ հավատարիմ զուգընկեր, ում վստահում ես, և կարծում ես, որ պաշտպանվելու կարիք չկա՞: Ճիշտ ժամանակն է խոսելու հակաբեղմնավորիչների մասին զուգընկերոջդ հետ: Բայց ինչպե՞ս․․․

Դուք երկուսով եք որոշելու, թե ինչպես պաշտպանվել չպլանավորված հղիությունից և սեռավարակներից: Մեթոդի ընտրության որոշումը կախված կլինի յուրաքանչյուրիդ առողջական վիճակից, սեռական հարաբերությունների հաճախականությունից, ապրելակերպից և ապագայի պլաններից: Մասնագետի հետ խորհրդակցելուց և յուրաքանչյուր բեղմնականխիչ մեթոդի դրական և բացասական կողմերը միասին քննարկելուց հետո, կարելի է ընտրել առավել համապատասխան եղանակ:

dif talk

Երբեմն երիտասարդները չեն մտածում այդ կարևոր հարցի մասին: Այնուամենայնիվ, նրանցից մեկը պետք է քաջություն ունենա և սկսի խոսակցությունն այս թեմայով: Եվ այսպես. եթե դուք արդեն ապրում եք սեռական կյանքով կամ պլանավորում եք, սակայն երեխա ունենալուն դեռ պատրաստ չեք, չկարծեք, որ դուք զերծ եք մնալու նման խնդիրներից: Ժուժկալությունը (սեռական հարաբերություններից զերծ մնալը) կամ եթե արդեն չափահաս եք՝ ժամանակակից հուսալի հակաբեղմնավորիչ մեթոդների օգտագործումը ճիշտ և պատասխանատու որոշում է:

Քո զուգընկերը փորձելու է համոզել, որ այս առումով նա լիովին վստահում է քեզ կամ կապ չունի նման խնդիրների հետ: Դա այդպես չէ: Ինտիմ հարաբերությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը կրում է ձեզնից յուրաքանչյուրը հավասար չափով:

Այդ դեպքում, ինչպե՞ս կարելի է խոսել նման դժվար թեմայով:

1) Ընտրիր հարմար պահ: Նպատակահարմար չէ սկսել խոսակցությունը մարդաշատ վայրում, ուտելուց առաջ, ընկերների հետ երեկույթի ժամանակ, կամ ինչ-որ տեղ շտապելիս: 🙂

2) Վստահաբար արտահայտիր քո տեսակետը այս հարցի վերաբերյալ: Ստորև բերված նախադասությունները կարող են օգնել սկսելու նման զրույցը.

  • «Ես անհարմար եմ զգում այս հարցը բարձրացնել, սակայն ինձ համար շատ կարևոր է իմանալ, թե դու ի՞նչ ես մտածում անվտանգ սեքսի մասին»:
  • «Ես գիտեմ, որ որոշ մարդիկ չեն օգտագործում պահպանակներ սեռական հարաբերությունների ժամանակ, սակայն կարծում եմ, որ դա շատ կարևոր է: Ես նախընտրում եմ անվտանգ սեքսը: Իսկ դու՞»:
  • «Որոշ մարդիկ կարծում են, որ ես չափազանց զգուշավոր եմ, բայց ես ինձ ապահով եմ զգում, երբ օգտագործում եմ պահպանակ սեռական հարաբերության ժամանակ: Դու է՞լ ես այդպես մտածում»:

3) Դու ունես մեկ հավատարիմ զուգընկեր, ում վստահում ես, և կարծում ես, որ հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործելու կարիք չկա՞: Ո՛չ, այդպես չէ:

Նախ, անցանկալի հղիությունից խուսափելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել բեղմնականխիչ որևէ մեթոդ: Պահպանակը լավագույն և առավել մատչելի մեթոդներից մեկն է, որը չի պահանջում բժշկի խորհրդատվություն:

Երկրորդը, եթե դու կամ քո զուգընկերը նախկինում արդեն ունեցել եք սեռական հարաբերություններ, արդյո՞ք համոզված եք, որ ձեր «նախկին զուգընկերները» առողջ են եղել: Բացառված չէ, որ նրանցից ոմանք վարակված են եղել սեռավարակներով, այդ թվում նաև ՄԻԱՎ-ով: 🙁

Ի վերջո, մարդիկ կարող են վարակվել և երկար ժամանակ անտեղյակ լինել, քանի դեռ հիվանդության նշաններ չեն արտահայտվել: Հետևաբար, նախքան սեռական հարաբերություններ ունենալը զուգընկերները պետք է հետազոտվեն ՄԻԱՎ-ի և սեռավարակների նկատմամբ:

4) Եթե պարզվի, որ դուք տեղեկացված չեք տարբեր բեղմնականխիչ մեթոդների մասին, միասին փնտրեք մանրամասն տեղեկություններ հավաստի աղբյուրներից: Օրինակ` TeensLIVE կայքից 🙂

Քո առողջությունը մեծագույն արժեք է: Ուստի, պատասխանատվութամբ վերաբերվելով դրան՝ դու հույսդ չես դնի ուրիշի վրա և ինքնուրույն տեղեկացված և պատասխանատու որոշում կկայացնես սեռական կյանքով ապրելու վերաբերյալ:

200

Նկարն այս հոդվածի համար գտել ենք այստեղ: