Ինչպես տղան պետք է իրեն պահի, որ չհայտնվի… բռնության մեղադրանքի առջև
Աղջիկներին չես հասկանա. մեկ աղջիկը կոպիտ ու ագրեսիվ է` ֆուտբոլային երկրպագուի նման, մեկ էլ հանկարծակի փոխակերպվում է թախծոտ հայացք ունեցող քնքուշ մի արքայադստեր, որն երազկոտ հայացքով նստած է պարտեզում լուսնի լույսի տակ: Եվ ինչպե՞ս հասկանալ, թե ինչ գործողությունների է նա քեզանից սպասում:
Կարծես թե դուք իրար վաղուց և շատ լավ եք ճանաչում, շատ ժամանակ եք անցկացնում իրար հետ, և բոլոր կարևոր խոստովանություններն արդեն արված են: Սակայն, դու այդպես էլ չհասկացար, աղջիկը պատրա՞ստ է ավելի խորը և մտերիմ հարաբերությունների, անելու կարևոր «վերջին» քայլը: Կամ ամեն ինչ հակառակն էր. մտածելով, որ գրկելը, հպվելը, համբուրելը հաճելի է աղջկա համար, դու որոշեցիր կրկնապատկել քո ջանքերը: Իսկ արդյունքում տեսար արցունքներ:
Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն քեզ վստահ լինել, որ դու ամեն ինչ ճիշտ ես անում.
- մի՛ ստիպիր աղջկան ունենալ սեռական հարաբերություն, եթե նույնիսկ քեզ թվում է, որ նրա ուզածը դա է: Երբեք ուժ մի՛ գործադրիր կանանց և աղջիկների նկատմամբ:
- Եթե աղջիկն ասում է «ո՛չ», միանգամից դադարեցրու սեռական բնույթի ակնարկները կամ գործողությունները: Մի՛ փորձիր գուշակել նրա խոսքի իմաստը, ավելի լավ է` ուղղակի նրան հարցնել:
- Մի՛ եղիր պնդերես և կպչուն: Քո չափազանց սիրալիր և փաղաքշական սիրահետումը նա կարող է ընկալել իբրև սպառնալիք:
- Հիշի՛ր, որ սեռական հարաբերությունները չեն ենթադրում կռիվ կամ պայքար: Եթե քո համար աղջկա հետ հարաբերությունների հիմնական նպատակը նրան հաղթելն է և ուզածիդ հասնելը, ուրեմն դու ավելի մոտ ես բռնության, քան կարծում ես: Սեքսը մրցում չէ: Այստեղ չկան և չեն կարող լինել հաղթողներ և պարտվողներ:
- Սեռական հարաբերությունը չի կարող լինել ժամադրությունների ընթացքում քո ծախսած գումարի կամ ուշադրության համար փոխհատուցում:
- Չարժե սեռական հարաբերություն ունենալ աղջկա հետ, եթե նա հարբած է կամ թմրամիջոցի ազդեցության տակ է: Սթափվելով` նա կարող է քեզ մեղադրել բռնաբարության մեջ, և դու ստիպված կլինես այդ արարքի համար կրել քրեական պատասխանատվություն:
- Եթե ընկերդ քեզ առաջարկում է սեռական հարաբերություն ունենալ իր ընկերուհու հետ, երբեք մի՛ համաձայնվիր: Միայն աղջիկն ինքը կարող է այդպիսի որոշում կայացնել, տնօրինել սեփական մարմինը` համաձայնվելով կամ հրաժարվելով սեռական հարաբերությունից:
Սեքսի առկայությունը քո կյանքում երբեք չի դարձնի քեզ իսկական տղամարդ, մինչդեռ աղջկա նկատմամբ ուշադիր և նրբազգաց վերաբերմունքը և նրան պարգևած ապահովության զգացումը (սա ստուգված բան է) կօգնի քեզ զգալ քո տղամարդ լինելը:
Ուրեմն, եթե քեզ թվում է, որ դու ամեն ինչ ճիշտ ես անում, ուժով ցույց ես տալիս քո սիրահարվածությունը, քո «տղամարդ» կամ «լավ տղա» լինելը, հիշի՛ր վերևում թվարկած մի քանի կետերը: Այդ դեպքում դու կարող ես չվախենալ բռնության մեջ մեղադրվելուց: Հակառակ պարագայում կարող ես շատ արագ հայտնվել բանտում, նույնիսկ անչափահաս լինելով:
Ֆոտոն գտել ենք այստեղ: