Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Յուրովի մոտեցում

Մեր օրերում գիտնականները ստեղծել են բեղմնականխման բազմաթիվ մեթոդներ, իսկ դա նշանակում է, որ բոլորը հնարավորություն ունեն ընտրելու ամենահարմար տարբերակը: Այնուամենայնիվ, մեզ շարունակում են հետաքրքել ավելի «բնական» միջոցները: Եկեք քննարկենք խնդիրը մանրամասնորեն:

Երբ մենք լսում ենք «հակաբեղմնավորիչ» բառը, անմիջապես պատկերացնում ենք պահպանակ, հորմոնալ հաբեր և այն ամենն, ինչ ստեղծել են գիտնականները և բժիշկները երեխա պլանավորող զույգերին օգնելու համար: Եվ, չնայած որ դրանք ամենահուսալի մեթոդներն են, որոշ աղջիկներ, ելնելով սեփական համոզմունքներից կամ առողջական վիճակից, օգտագործում են (կամ փորձում են օգտագործել) ընտանիքի պլանավորման այսպես կոչված «բնական», սակայն ոչ այդքան հուսալի մեթոդներ:

Բեղմնականխման բնական մեթոդները հիմնված են դաշտանային ցիկլի ընթացքում բեղմնավորման հավանականության որոշման վրա՝ ըստ ֆիզիոլոգիական նախանշանների:

Եվ այսպես, ինչի մասին է խոսքը:

Հակաբեղմնավորման բնական մեթոդներից ամենահայտնին օրացուցային հաշվարկն է:

 

10609811454_4073700388_o
Որպես կանոն, աղջկա օրգանիզմում ամեն ամիս զարգանում է մեկ ձվաբջիջ, որն ունակ է բեղմնավորման: Ձվազատման ժամանակ այն անջատվում է ձվարանից և գրեթե 2 օր պահպանում է կենսունակությունը (իսկ սերմնաբջիջը՝ 5 օր): Այսինքն, բեղմնավորման հավանականությունը հենց այդ օրերին է մեծ: 28-օրյա դաշտանային ցիկլի պարագայում «վտանգավոր» են համարվում (բեղմնավորման հավանականությունը մեծ է) 10-17-րդ օրերը: 1-9-րդ և 18-28-րդ օրերը համարվում են «անվտանգ», քանի որ հղիանալու հավանականությունը այդ օրերին բավականին ցածր է:
Հիշեք. դաշտանային ցիկլի ցանկացած տևողության պարագայում ձվազատումը տեղի է ունենում դաշտանը սկսվելուց մոտավորապես 2 շաբաթ առաջ (ոչ թե ցիկլի մեջտեղում): «Վտանգավոր» են ձվազատումից առաջ և հետո 4-5-րդ օրերը:

Եվ այսպես, որոշ զույգեր փորձում են խուսափել սեռական հարաբերություններից ձվազատման՝ այսպես կոչված «վտանգավոր» օրերին: Այդ օրերը տեսականորեն հնարավոր է հաշվարկել, բայց ամեն ինչ շատ անհատական է:

counting

 

Նախ, ձվազատումը տարբեր աղջիկների մոտ կարող է դաշտանի տարբեր օրերին տեղի ունենալ: Երկրորդը, բնական մեթոդները կանոնավոր ցիկլի պարագայում են արդյունավետ, պահանջում են ուշադրություն օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների հանդեպ և դրանց վերաբերյալ ամենօրյա գրանցումներ: Այդ իսկ պատճառով սա լիարժեք պաշտպանություն չի կարող լինել, հատկապես երիտասարդ աղջիկների համար, ում մոտ դաշտանը սովորաբար անկանոն է:

Այս մեթոդի առավելությունն այն է, որ կիրառելի է թե՛ չպլանավորված հղիությունից խուսափելու, թե՛ ցանկալի հղիություն պլանավորելու համար: Բացի այդ, չունի կողմնակի ազդեցություններ, իսկ ծախսերի բացակայությունը ավելի հրապուրիչ է դարձնում այս մեթոդը:

Այս մեթոդը կիրառելի չէ անկանոն ցիկլ ունեցող աղջիկների համար: Բացի այդ, այս մեթոդով հնարավոր չէ պաշտպանվել սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից և ՄԻԱՎ-ից:

Իսկ եթե դու այնուամենայնիվ գտնում ես, որ օրացուցային հաշվարկի մեթոդը քեզ հարմար է, ապա անպայման խորհրդակցիր բժշկի հետ: Մասնագետը հաշվի կառնի բոլոր հակացուցումները և կօգնի ճիշտ օգտվել այդ մեթոդից:

 

Ընդհատված սեռական հարաբերություն

Բոլոր նրանց, ովքեր դեռևս չգիտեն,նախազգուշացնում ենք, որ ընդհատված սեռական հարաբերությունը չի համարվում հուսալի հակաբեղմնավորման մեթոդ: Չէ՞ որ նախքան հիմնական չափաբաժնով սերմնաժայթքումը, սերմնահեղուկի որոշ քանակություն կարող է ներթափանցել հեշտոց, հասնել ձվաբջիջ և կատարել բեղմնավորում, այսինքն անցանկալի հղիության վտանգը մեծ է:

Ընդհատված սեռական հարաբերությունը կարող է առաջացնել ոչ միայն սեռական ցանկության անկում, այլ նաև արյան կանգ փոքր կոնքի օրգաններում, ինչը սեռական բնույթի հիվանդությունների վտանգ է պարունակում: Բացի այդ, ընդհատված սեռական հարաբերությունը չի պաշտպանում սեռավարակներից և ՄԻԱՎ-ից:

Հակաբեղմնավորման առավել հուսալի (և գործնական) մեթոդների մասին կարող եք կարդալ «Հուսալիորեն պաշտպանված» և «Բարի հորմոններ»:

 

Նկարները տրամադրել են Alba Soler և Oleh Slobodeniuk: