Քո դեմքի բշտիկներն ու պզուկները հոգնեցրե՞լ են քեզ: Քո ձայնը փոխվե՞լ է: Ինչ-որ հաճելի, բայց տարօրինակ բան է կատարվում քո արտաքինի հետ: Կամ գուցե քո մարմինը արդեն անճանաչելիորեն փոխվե՞լ է մեկ տարվա ընթացքում: Այդպիսի փոփոխություններին դժվար է ընտելանալ:
Հասունացման այսպես կոչված անցումային շրջանը բոլորի մոտ սկսվում է 10-15 տարեկանում: Վերջապե՜ս: Եվ, չնայած որ ծնողներն ու մեծահասակները քեզ դեռ երեխա են համարում, դու և քո ընկերները վստահ եք, որ մանկությունն ավարտվել է:
Տեղի են ունենում փոփոխություններ, որոնք վկայում են սեռական հասունության մասին.
- փոխվում է ձայնը,
- ակտիվ աշխատում են քրտնագեղձերը և ճարպագեղձերը, ինչի պատճառով փոխվում է մարմնի հոտը, և կարող են առաջանալ պզուկներ,
- անութափոսերում (թևատակերում), արտաքին սեռական օրգանների շրջանում, իսկ տղաների մոտ նաև դեմքին և կրծքավանդակին սկսում են աճել մազեր: Ընդ որում՝ մազածածկույթի խտությունը կախված է ժառանգականությունից:
Հենց այդ ժամանակահատվածում պարզապես աչքի է ընկնում տղաների և աղջիկների տարբերությունը:
Աղջիկների մոտ մեծանում է կուրծքը, լցվում են նախաբազուկները, լայնանում է կոնքը, մարմնի կազմվածքը դառնում է ավելի նուրբ և կանացի, և ամենակարևորը՝ սկսվում է դաշտանը` կանոնավոր ամենամսյա արյունահոսությունը սեռական օրգաններից:
Տղաների մոտ լայնանում են ուսերը, զարգանում և ուժեղանում են մկանները, փոխվում և մեծանում են սեռական օրգանները: Եվ առաջին անգամ տեղի է ունենում գիշերային սերմնաժայթքումը (երազախաբությունը):
Այս փոփոխությունները վկայում են վերարտադրողական ֆունկցիայի ձևավորման մասին:
Բոլոր ժամանակներում և առանց բացառության բոլոր մարդկանց մոտ վերոնշյալ փոփոխությունները տագնապ և շատ հարցեր են հարուցում: Հնարավոր է, որ ստորև զետեղված հարցերի և պատասխանների շարքում դու կգտնես քեզ համար օգտակար ու հետաքրքիր տեղեկատվություն:
Բացվող աղյուսակ, պարզապես սեղմիր «+» աջ անկյունում
Արդյոք հնարավո՞ր է մի բան անել դեմքի վրա գտնվող պզուկների հետ |
+> |
Սեռական հասունության ընթացքում ճարպագեղձերի և քրտնագեղձերի գործունեությունն ակտիվանում է: Երբեմն այս գեղձերի ծորանները խցանվում են, արտազատուկը դուրս չի հոսում և դեմքին, պարանոցին ու մեջքին առաջանում են կորյակներ, պզուկներ, որոնք մեծ անհանգստություն են պատճառում դեռահասներին: Չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ և սեղմել պզուկները, քանի որ հնարավոր է վարակի խորացում, ինչպես նաև սպիների առաջացում դեմքին: Պետք է դիմել բժիշկ-մաշկաբանին կամ բժիշկ-կոսմետոլոգին: Պզուկների առաջացումը կանխելու լավագույն եղանակը առողջ սննդի օգտագործումն է և մաշկի մաքրությանը հետևելը:
|
Ինչո՞ւ է ընկերուհուս կուրծքն ավելի մեծ, քան իմը, չնայած որ մենք նույն տարիքի ենք |
+> |
Երկու բոլորովին միանման մարդ չի լինում: Յուրաքանչյուր կին ունի իր կազմվածքը, դեմքի, քթի կամ շուրթերի տարբեր ձևը: Սա վերաբերում է նաև կրծքի չափին: Անհնար է որոշել, թե որն է ավելի լավ. ունենալ փոքր, թե մեծ կուրծք: Երբեմն մի կուրծքը կարող է լինել ավելի մեծ, քան մյուսը, և դա նորմալ երևույթ է:
|
Ինչքա՞ն արյուն եմ ես կորցնում դաշտանի ժամանակ |
+> |
Դա պարզապես միայն թվում է, որ դաշտանի ժամանակ շատ արյուն ես կորցնում: Նորմայում արյան կորուստը կազմում է 30-80մլ (մինչև 4 նորմալ միջադիր 24 ժամվա ընթացքում): Իսկ ավելի առատ արյունահոսության պարագայում պետք է խորհրդակցել գինեկոլոգի հետ:
|
Ե՞րբ է դաշտանը համարվում առատ |
+> |
Չափազանց առատ կարելի է համարել դաշտանը և դիմել մասնագետի, երբ
- դաշտանը տևում է 7 օրից ավելի,
- միջադիրը փոխելու անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչուր 1-2 ժամը մեկ,
- օրվա ընթացքում 6-8 կամ ավելի հաճախ միջադիր փոխելու անհրաժեշտություն է առաջանում,
- միջադիրը փոխելու անհրաժեշտություն է առաջանում անգամ գիշերը,
- արտադրության մեջ կան արյան մակարդուկներ,
- դաշտանի ընթացքում առաջանում է հևոց, հոգնածություն, թուլություն, քնկոտություն, որոնք սակավարյունության (անեմիայի) նշաններ են:
|
Ի՞նչ է պոլյուցիան (սերմնաժայթքում) |
+> |
Առաջին սերմնաժայթքումը սովորաբար լինում է քնած ժամանակ, էրոտիկ երազների արդյունքում (այդ պատճառով այն կոչվում է երազախաբություն): Արթնանալիս տղաները անկողնում և ներքնազգեստին սպիտակավուն բծեր են նկատում: Սեռահասունացման տարիքում ամորձիներում արտադրվում են մեծ քանակով սերմնաբջիջներ, և սեռական օրգաններում ավելանում է ճնշումը, ինչը նպաստում է ակամա սերմնաժայթքման: Դա բնական երևույթ է, որը վկայում է տղաների հասունացման մասին:
|
Ո՞ր տարիքում է հնարավոր հղիանալ: |
+> |
Անգամ առաջին դաշտանից սկսած` սեռական հարաբերություններ ունենալու դեպքում աղջիկը կարող է հղիանալ:
|
Կարո՞ղ է երբևէ սերմահեղուկը վերջանալ |
+> |
Պետք չէ անհանգստանալ: Սկսած սեռական հասունացումից՝ ամբողջ կյանքի ընթացքում տղամարդու ամորձիները օրական միլիոնավոր սերմնաբջիջներ`սպերմատոզոիդներ են արտադրում: Որոշ հիվանդությունները, սեռական օրգանների վնասվածքները, սթրեսը, ծխախոտի օգտագործումը, նեղ ներքնազգեստն ազդում են սերմնաբջիջների արտադրման գործընթացի վրա:
|
Եթե դեռ ունես հարցեր, պատասխանները կարող ես գտնել «FAQ» բաժնում կամ ուղղել դրանք մեր բժիշկներին և հոգեբաններին «ՀԱՐՑՐՈՒ» բաժնում: