Հստակ «այո», թե՞ լուռ համաձայնություն
Ցանկացած հարաբերություններում լինում են և՛ վառ պահեր, և՛ դժվարություններ: Երբեմն կարելի է երկար «հարմարվել»՝ ճանաչելով և ընդունելով միմյանց տարօրինակությունները, որոշ դեպքում վիճել, իսկ երբեմն` համաձայնել, նույնիսկ, եթե որոշումն այդքան էլ սրտովդ չէ: Սակայն ինտիմ հարաբերություններում այս ամենը այդքան էլ հեշտ չէ: Եվ ամենակարևորը՝ ցանկացած որոշմանը պետք է երկուսով համաձայն լինեք: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է իրար հարցնել՝ արդյո՞ք սա ընդունելի է զուգընկերոջ համար, արդյո՞ք դուրեկան է: Թե՞ հակառակը՝ տհաճ է, ցանկություն չկա, տրամադրություն չկա և այլն:
Այսինքն, օրենք համար 1` ո՛չ մի ստիպողականություն:
Սեռական հարաբերություններն առանց համաձայնության անօրինական են: Պարտադիր պետք է հաշվի առնել տարիքը, քանի որ անչափահասի հետ սեռական հարաբերությունը կամ նրա նկատմամբ սեռական բնույթի ցանկացած գործողություն քրեորեն պատժելի արարք է:
Եթե ուզում ես հասկանալ` արդյոք աղջիկը պատրա՞ստ է ինտիմ հարաբերությունների, կամ քո համբույրներն ու շոյանքները դուրեկա՞ն են նրան, պարզապես հարցրու. «Դու դեմ չե՞ս: Եթե ուզում ես, ես շարունակեմ: Եթե ոչ, չեմ անի»:
Ուշադրություն դարձրու դեմքի արտահայտությանը և մարմնի լեզվին: Եթե քո շոյանքներին աղջիկը չի պատասխանում, հակառակը՝ փորձում է փակել դեմքը, մարմնի մասերը, հրում է քեզ, լարված է, ապա քնքշանքների ժամանակը չէ: Պետք է կանգ առնել և խոսել նրա հետ: Ոչ մի դեպքում մի՛ ստիպիր, մի՛ փորձիր ճնշում գործադրել, եթե նա դեռ պատրաստ չէ կամ էլ ցանկություն չունի:
Երբեմն լինում են այնպիսի իրավիճակներ, երբ մարդը ինքը դեռ չգիտի՝ արդյոք ցանկանու՞մ է ունենալ ինտիմ հարաբերություններ, թե՞ ոչ: Այս դեպքում պետք է հնարավորություն տալ մտածելու և կշռադատված որոշում կայացնելու: Սակայն հրաժարվելով ինտիմ հարաբերություններից` աղջիկը կարող է մտածել, որ ընկերոջը նեղացնում կամ վիրավորում է, և ավելի լավ է տեղի տալ: Մինչդեռ երբե՛ք պետք չէ սեփական կամքին հակառակ գնալ կամ մեղավոր զգալ ինտիմ հարաբերությանը պատրաստ չլինելու կամ ընդհանրապես ցանկություն չունենալու պատճառով: Չէ՞ որ անկախ որևէ մեկի կարծիքից` սեռական հարաբերությունը սիրո արտահայտության մեկ բաղադրիչն է, որի հիմքում ընկած են երկու սիրահարված մարդկանց համատեղ հաճելի զգացմունքները:
Եվ մի նրբություն. ալկոհոլը և թմրանյութերը ազդում են կշռադատված որոշումներ կայացնելու կարողության վրա: Ոչ սթափ վիճակում մարդիկ երբեմն չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ, այդ թվում նաև, թե ինչ են ուզում: Այդ իսկ պատճառով սեռական հարաբերությունները հարբած մարդու հետ հավասարազոր են բռնության, հատկապես, եթե հետո նա կհայտարարի, որ ոչինչ չէր հասկանում կամ համաձայն չէր:
Նկարը հոդվածի համար գտել ենք այստեղ: