Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Անվտանգ շփման կանոններ (մաս 2)

Առաջին հայացքից խիստ անձնական բնույթի նկարներ կամ հաղորդագրություններ փոխանակելը թվում է անմեղ մի բան, քանի որ հարմոնիկ հարաբերություններում մարդիկ անկեղծ են և չունեն գաղտնիքներ: Սակայն հարաբերությունները և մարդիկ կարող են լինել շատ տարբեր, իսկ դրանց ավարտը` անկանխատեսելի:

Երբեմն նույնիսկ ամենամտերիմ հարաբերություններն ավարտվում են վեճով և փոխադարձ մեղադրանքներով: Մինչև «ուղարկել» կոճակը սեղմելը, արժե մտածել:

Հարցրու ինքդ քեզ.

Արդո՞ք ես պատրաստ  եմ

Հույզերի ազդեցության տակ ընդունված որոշումն ամենաճիշտը չէ, նամանավանդ, եթե որոշման վրա ազդում է ալկոհոլը, ճնշում գործադրելը և համոզելը: Ինտիմ նկարն ուղարկելուց առաջ պետք է լավ մտածել և հաշվի առնել բոլոր ռիսկերը: Չէ՞ որ նույնիսկ ամենալավ և վստահելի հարաբերությունները կարող են խզվել, սիրահարվածությունը` անցնել, և արդյունքում նման նկարները կարող են դառնալ շանտաժի գործիք: Օրինակ, նման իրավիճակում.

Զույգը շփվում էր առցանց, և աղջիկն իր  շատ բաց նկարները ուղարկել էր ընկերոջը: Երբ նրանք սկսեցին վիճել, տղան սպառնաց, որ կտարածի նրա նկարները համացանցում` փաստացի դիմելով շանտաժի: Երբ աղջիկը համարձակորեն մերժեց տղային, և նրանք բաժանվեցին, տղան ուղարկեց այդ նկարները աղջկա ծնողներին…

Արդյո՞ք անհրաժեշտ է գնալ այդ քայլի

Համացանցում կարող ես գտնել տարբեր փաստեր, որ սեքստինգը ավելի համերաշխ է դարձնում անձնական հարաբերությունները: Բայց շատ կարևոր է հիշել, որ դա վերաբերում է միայն կայացած, իրար հետ երկար ժամանակ անցկացրած և լիարժեք իրար վստահող զույգերին: Ինչքանո՞վ ճիշտ է նման բնույթի նկարներ կան հաղորդագրություններ կիսել ձեր հարաբերությունների հենց սկզբից, նամանավանդ` տղային դուր գալու ակնկալիքով: Որոշումը քոնն է, բայց արժե զգուշանալ: Մինչ նման քայլի դիմելը` առնվազն պետք է գնահատես քո ընկերոջ պահվածքը, վերաբերմունքը, խառնվածքը, ինչքանով նա պատրաստ է նման խիստ անձնական նամակագրությանը, ինչքանով վստահելի և մտերիմ են ձեր հարաբերությունները:

Աղջկան շատ էր դուր եկել մի տղա, և նա ամեն ձևով փորձում էր գրավել նրա ուշադրությունը: Արդյունքում աղջիկը որոշեց ուղարկել այդ տղային մի քանի ինտիմ նկարներ: Տղան բոլորովին չէր ուզում մտերմանալ այդ աղջկա հետ, և կիսվեց այդ նկարներով իր ընկերների հետ: Վերջիններս տեղադրեցին նկարները քաղաքի սոց.խմբում և տարբեր սոց.ցանցերում…

Նախազգուշական միջոցառումներ.

Եթե դու կշռադատեցիր բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկները, ապա մինչ այդ քայլի գնալը հիշիր մի քանի կանոնների մասին.

  • Նման նկարներ անելիս` խուսափիր նկարել սեփական դեմքը, որպեսզի հետո, հնարավոր խնդիրների դեպքում, քեզ առնվազն դժվար լինի ճանաչել:
  • Այդ նպատակով մշտապես մշակիր/ հեռացրու նկարի հետին պլանը, քեզ բնորոշ և ճանաչելի դարձնող հատկանիշներ, ինչպես օրինակ` խալեր, դաջվածքներ:
  • Պարբերաբար հեռացրու քո հին նամակները և պահանջիր դա անել նաև զուգընկերոջդ, որպեսզի ձեր անձնական նամակագրությունը և նկարները չտեսնեն ուրիշ մարդիկ:
  • Ինչքան էլ տարօրինակ կարող է հնչել, բայց արժե զուգընկերոջից ուզել նրա խիստ անձնական նկարները, եթե նա ուզել էր քոնը, հատկապես եթե զգում ես անվստահություն կամ կասկածներ: Սա կարևոր է, որպեսզի հետագայում դու էլ ունենաս ապացույցներ և պաշտպանություն 🙂

 

Ի՞նչ անել, եթե այնուամենայնիվ դարձել ես սեքստինգի զոհ.

Եթե արդեն ունես խնդիրներ, խուճապի մի՛ մատնվիր: Նման իրավիճակներում հայտնվել են շատ մարդիկ, այդ թվում ճանաչված` Սկարլետ Յոխանսոնը, Էլիսոն Պիլլը, Էնթոնի Վիները, իսկ հանրաճանաչ “Amazone”-ի հիմնադրի ինտիմ նամակագրությունը նույնիսկ քննարկում էին “New York Times”-ում 🙂

  • Նախ, աշխատիր կարգավորել հարաբերությունները քեզ պոտենցիալ ժանտաժի ենթարկողի հետ: Փորձիր հանգիստ խոսել նրա հետ, զրույցի ժամանակ դիմիր նրա ազնվությանը և նկարագրիր քո դիրքորոշումը: Նույնիսկ սիրո ավարտը և հարաբերությունների խզումը առիթ չէ ձեր միջև եղած լավ պահերը և ձեր հարաբերությունները արժեզրկելու և հանրության դատին հանելու համար:
  • Եթե հանգիստ զրույցը չի օգնում, դիմիր վստահելի մարդկանց օգնության: Պարզ է, որ նման դեպքերում դժվար է դիմել ծնողներին կամ ընկերներին, բայց կարևոր է գտնել քեզ հասկացող վստահելի մեկին: Պետք չէ միայնակ մնալ, մեկուսանալ և փորձել ելք գտնել ինքնուրույն:
  • Եթե խոսքը հասել է կոպիտ ժանտաժի, վստահաբար դիմիր ոստիկանություն և բողոք ներկայացրու նախկին ընկերոջդ դեմ: Նման արարքները քրեորեն պատժելի են:
  • Եթե քո նկարը, այնուամենայնիվ, հայտնվել է համացանցում, դա կյանքի վերջը չէ: Այո՛, շատ տհաճ և վիրավորական է: Շատ հավանական է, որ քեզ թվա, թե բոլորը քննարկում են քեզ և քո նկարը: Բայց դա այդպես չէ, քանի որ քո տեղում կարող էր հայտնվել ցանկացած մարդ, ով դարձել էր սեփական դյուրահավատության զոհ: Իրականում բոլոր մարդիկ այնքան մտահոգված են սեփական պրոբլեմներով, որ շատ շուտ կմոռանան քո նկարների մասին: Եթե կարող ես, փորձիր հումորով վերաբերվել այդ իրավիճակին: Եվ իհարկե, «սովորիր դասը» և հետագայում եղի՛ր ավելի զգույշ:

 

Նույնիսկ շատ սիրահարված լինելով հանդերձ` պետք չէ մոռանալ, որ սեքստինգը բավականին լուրջ և պատասխանատու քայլ է, որի բոլոր ռիսկերի և հնարավոր հետևանքների մասին պետք է նախապես մտածել և զգուշանալ:

 

gif-անիմացիայի համար շնորհակալ են այս աղբյուրին:

Հոդվածը կազմող` Սվետլանա Վերտոլա: