Մի՞թե ես հղի եմ
Մեկ գումարած մեկ հավասար է երե՞ք: Մաթեմատիկորեն, սա սխալ է: Բայց կյանքում հենց այդպես էլ լինում է: Սիրահար զույգը՝ երկար ժամանակ անցկացնելով միասին, հանկարծ բացահայտում է, որ իրենց մերձեցման հետևանքով լույս աշխարհ է գալու նոր մարդ` իրենց երեխան:
Ոմանց համար դա կլինի երկար սպասված նորություն, մյուսները նման իրադարձությունների զարգացմանը բոլորովին պատրաստ չեն լինի: Ավելորդ հուզմունքից խուսափելու և խուճապի չմատնվելու համար` հստակեցնենք այն նախանշանները, որոնք կարող են վկայել կամ ժխտել հղիության առկայությունը:
Եթե կա հղիության կասկած, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել աղջկա օրգանիզմում որոշ փոփոխությունների, որոնք կարող են լինել հղիության նախանշաններ.
- դաշտանի ուշացում կամ ժամանակին, բայց նոսր դաշտան,
- «վաղ տոքսիկոզի» նշաններ (սրտխառնոց, փսխում, հատկապես առավոտյան, գերզգայունություն հոտերի նկատմամբ և այլն),
- ախորժակի փոփոխություն,
- կրծքագեղձերի մեծացում, ծանրության զգացում,
- տրամադրության հաճախակի փոփոխություններ (հուզականություն, դյուրազգացություն) և հոգնածություն:
Նույնիսկ եթե բոլոր թվարկած նախանշանները առկա են, դա դեռ չի նշանակում, որ աղջիկը հղի է: Հետևյալ եղանակներով հնարավոր է առավել ստույգ որոշել հղիության առկայությունը.
- հղիության թեստի (այն ազատ վաճառվում է դեղատներում) օգնությամբ՝ սկսած դաշտանի ուշացման 3-5-րդ օրվանից: Թեստի կիրառումը հեշտ է, քանի որ դրան անպայման կցվում է ուղեցույց:
- ուլտրաձայնային հետազոտության միջոցով (ՈւՁՀ) դաշտանի ուշացումից 1,5-2 շաբաթ հետո,
- գինեկոլոգիական զննման միջոցով` դաշտանի ուշացումից 2 և ավելի շաբաթ հետո:
Բժիշկը կորոշի հղիության ժամկետը, որը հաշվարկվում է շաբաթներով՝ սկսած վերջին դաշտանի առաջին օրվանից:
Հիանալի կլինի, եթե աղջիկը սպասի այդ ուրախալի լուրին: Այս դեպքում բժիշկը խորհուրդ կտա գրանցվել տեղամասային պոլիկլինիկայում՝ բժիշկների կողմից հղիության ընթացքը հսկելու և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու նպատակով:
Իսկ եթե հղիության մասին լուրը հակասական զգացմունքներ է առաջացնում, և զույգը պատրաստ չէ հղիության մասին որոշում կայացնել, անհրաժեշտ է խորհրդակցել հարազատների հետ, ինչպես նաև ընտանիքի պլանավորման կենտրոնների կամ այլ կլինիկաների բժիշկների հետ: Մոտակա կլինիկան կարելի է գտնել այստեղ: