Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ծնողները դեմ են մեր հարաբերություններին…

Կարող է պատահել այնպես, որ ծնողներդ այս կամ այլ պատճառով դեմ լինեն քո համար ամենակարևոր մարդու հետ հարաբերություններին: Իսկ դու արդեն ձեր համատեղ ապագայի վերաբերյալ պլաններ ես կազմել... Իհարկե, հուսով ենք, որ խնդիրն այնքան լուրջ չէ, ինչպես Ռոմեոյի և Ջուլիետի ազգականների միջև, և ամեն ինչ կկարողանաք հարթել խաղաղ ճանապարհով: Ի՞նչ անել: Ինչպե՞ս վարվել: Կարդա մեր հոդվածում:

Նախ կարևոր է պարզել, թե ինչով է պայմանավորված ծնողներիդ դժգոհությունը, և հետո մշակել համապատասխան գործողությունների ծրագիր` հաշվի առնելով մեր խորհուրդները:

 

Նուրբ տարիք

Ծնողների համար մենք մշտապես մնում ենք երեխա, նույնիսկ երբ դառնում ենք 50 տարեկան: Իսկ եթե դու 16 տարեկան ես, նրանց անհանգստությունը կարելի է հասականալ: Նամանավանդ, եթե դու հայտնում ես, որ հանդիպել ես ՔՈ կյանքի միակ մարդուն: Նրանք կարող են պնդել, որ այս ամենը լուրջ չէ, որ դուք դեռ պատրաստ չեք այսպիսի հարաբերությունների, և առհասարակ ձեր տարիքում պետք է մտածել սովորելու և ոչ` այլ բաների մասին:

Լուծման ուղին. Ապացուցիր ծնողներիդ, որ դու մտածում և գործում ես մեծահասակի պես: Եթե խոստացել ես ժամադրությունից վերադառնալ կոնկրետ ժամին, այդպես էլ արա: Պարբերաբար զանգիր ծնողներիդ և հայտնիր, որ ամեն ինչ կարգին է: Բացի այդ, օգնիր ծնողներիդ տնային գործերում, մի մոռացիր դասերի մասին, իսկ ավելի լավ է` ուրախացրու նրանց քո հաջողություններով: Այսպես նրանք կհամոզվեն, որ դու պատասխանատու մարդ ես, ում խոսքերին և գործերին կարելի է վստահել, և որ քո երկրորդ կեսի հետ հարաբերությունները դրականորեն են ազդում քո և քո կյանքի վրա:

 

Տարիքային տարբերություն

Շատ ծնողներ թերահավատորեն են վերաբերվում զույգի միջև տարիքային մեծ տարբերությանը: Անվստահության պատճառներից մեկն այն է, որ նրանք վախենում են, որ դու ավագ զուգընկերոջ ազդեցության տակ կարող ես վաղ սկսել սեռական կյանքը: Կամ գուցե դու ամբողջությամբ կենթարկվես քո սիրած մարդու ազդեցությանը և կանես այն, ինչ նա պահանջում է:

Լուծման ուղին. Ցույց տուր ծնողներիդ, որ նրանք մնում են քո համար կարևոր և հեղինակություն վայելող անձինք: Եթե նրանք դեռ չեն ծանոթացել քո ընկերոջ հետ, ժամանակն է դա անելու:

Ընդգծիր, որ քո համար կարևոր է նրանց կարծիքը, և դու ուզում ես, որ նրանք ավելի լավ ճանաչեն քո սիրած մարդուն: Առերես շփման ընթացքում  նրանք կկարողանան համոզվել, որ ձեր հարաբերությունները լուրջ են, և որ ձեր տարիքային տարբերությունը ոչ մի ազդեցություն չունի:

Կարողության և ներուժի մասին

Ծնողներիդ կարող է վրդովվեցնել, որ քո ընկերը չունի բարձրագույն կրթություն, լավ աշխատանք, չկան լավ հեռանկարներ ապագայի համար, կամ նա ունի ինչ-որ տարօրինակություններ, առողջության հետ խնդիրներ կամ վտանգավոր զբաղմունքներ… Մի խոսքով, նրանք մտածում են, որ այդ մարդը քեզ չի համապատասխանում, և  դու կարող ես գտնել ավելի լավին:

Լուծման ուղին. Այս դեպքում պետք է լցվել համբերությամբ և խոսել այն մասին, որ դու իսկապես սիրում ես քո ընկերոջը և հավատում ես նրա ուժերին:  Կարող ես հաջողակ մարդկանց օրինակներ բերել, ովքեր կարողացան կառուցել փայլուն կարիերա, չնայած չեն ավարտել Օքսֆորդի համալսարանը կամ չեն ծնվել բարեկեցիկ ընտանիքում: Բացատրիր, որ դու արժևորում ես այդ մարդու անձնական հատկանիշները և քո ընտրյալի մեջ տեսնում ես ներուժ զարգանալու, բոլոր խոչընդոտները հաղթահարելու և հաջողության հասնելու համար: Ինչպես ասում են, կաթիլը քար է տաշում: Անընդհատ լսելով այդպիսի խոսքեր` քո ծնողները աստիճանաբար կհամակերպվեն: Իհարկե, ցանկալի է, որ քո երկրորդ կեսն իսկապես իր գործով ցույց տա, որ առաջ է շարժվում և հասնում է հաջողությունների, այդ թվում ձեր համատեղ ապագայի համար:

 

Անվերադարձի կետից հետո

Եթե այդպես պատահեց, որ քո ծնողների և ընկերոջ միջև վեճ տեղի ունեցավ, պետք չէ հուսահատվել: Անհրաժեշտ է պարզել, թե ինչ կատարվեց, որն էր դրա պատճառը: Անկեղծ խոսիր քո ընկերոջ հետ, և թող նա կատարի առաջին քայլը հաշտության համար: Աշխատեք երկուսդ էլ լինել ավելի հանդուրժող և ցանկացած իրավիճակում մնալ լավ զրուցակիցներ:

Իրավիճակը կրիտիկական է, նյարդերը չեն դիմանում, դու ուզում ես հանգիստ պատրաստվել և գնալ ժամադրության, իսկ ձերոնք քեզ տնից դուրս չե՞ն թողնում: Խորը շունչ ենք քաշում և հաշվում մինչև 10-ը: Պարզ ասած, տիրապետում ենք մեր հույզերին: Հարաբերությունների հետագա վատթարացումից խուսափելու նպատակով զերծ մնա.

  • պայմաններ առաջ քաշելուց և ծնողների շանտաժից, թե իբր տնից կհեռանաս կամ առհասարակ կխզես հարաբերությունները,
  • անել ինչ-որ բաներ` հակառակվելով նրանց, սա կարող է հրահրել իսկական պատերազմ ծնողների հետ,
  • ստելուց կամ տնից փախչելուց. քո սուտը միևնույնը կբացահայտվի, իսկ ծնողներիդ մոտ կմնա վատ հիշողություն և քո նկատմամբ անվստահություն,
  • քո սիրածի հետ կռվելուց հետո նրանց բողոքելուց: Դուք կմոռանաք ձեր վեճը, իսկ ծնողները դեռ երկար կհիշեն այդ տհաճ իրավիճակը:

Եթե ձեր հարաբերությունները ծնողների հետ հեռու են իդեալականից, և նրանք շատ բան չգիտեն քո մասին, ապա մինչ ընկերոջդ հետ ծանոթացնելը պետք է նախ լուծես ընտանեկան խնդիրները և լավացնես ծնողներիդ հետ հարաբերությունները: Իսկ թե ինչպես դա անել, կարդա այստեղ և այստեղ:

 

Հանում ենք վարդագուն ակնոցները

Հաճախ սիրահարվածության փուլում մենք չենք նկատում սիրած մարդու թերությունները, և հենց ծնողները կարող են օգնել տեսնել և վերլուծել իրավիճակը խելամտորեն: Կողքից ձեզ տեսնելով և նկատելով ձեր բնավորությունները և վարքագիծը` նրանք կարող են ինչ-որ չափով կանխատեսել հետագա զարգացումները, և հաճախ ճշմարիտ են լինում: Կյանքի փորձը թույլ է տալիս ծնողներին ձեզանից լավ հասկանալ որոշ բաներ: Արժե լսել նրանց կարծիքը, հատկապես եթե.

  • քո ընկերը օգտագործում է ալկոհոլ, թմրամիջոցներ, խաղամոլ է, նույնիսկ եթե նա վստահեցնում է, որ հեշտությամբ կարող է հրաժարվել այդ սովորություններից,
  • նա չափազանց խանդոտ է կամ դավաճանում է քեզ,
  • դուք հաճախ վիճում եք, կռվում, առավել ևս եթե ձեզ թույլ եք տալիս ֆիզիկական ուժ գործադրել,
  • քո երկրորդ կեսը ստիպում է քեզ սեռական հարաբերություններ ունենալ կամ որևէ այլ գործողոթյունների է դրդում` քո կամքին հակառակ:

Նշված իրավիճակները ցանկացած դեպքում կբերեն ձեր հարաբերությունների ձախողման, և լավ կլինի, որ վաղաժամ ընդունես ճիշտ որոշում:

Իսկ եթե ամեն ինչ կարգին է, և դուք իրականում երջանիկ եք միասին, ընդունեք ծնողների դիրքորոշումը իբրև ժամանակավոր խոչընդոտ ձեր հարաբերությունների համար: Եթե համոզված եք ձեր սիրո մեջ, տեսնում եք երջանիկ ապագա միասին, կա փոխադարձ վստահություն, ապա ձեր ծնողները վաղ թե ուշ կընդունեն ձեր կողմը և չեն խոչընդոտի ձեր հանդիպումներին:

 

Նկարի համար շնորհակալություն այս աղբյուրին:

Հոդվածի կազմող` Սվետլանա Վերտոլա: