Շփում ծնողների հետ: Ինչպես կառուցել նոր հարաբերություններ
Դեռ բոլորովին վերջերս, ծնողներդ աշխատանքից հազիվ տուն էին վերադառնում, դու վրա էիր հասնում քո նորություններով, արած-չարածների մասին մանրամասն պատմություններով, կիսվելով ամեն ինչի մասին, օրինակ, թե ինչ եք անցել անգլերենի դասին, որ քո կողքին նստացրել են նոր զվարճալի մի աշակերտի, որ հայերենի դասատուն հիվանդացել է, և ստուգողական չեք գրել (ուռա՜), որ գտել ես շատ հետաքրքիր նոր համակարգչային խաղ… և այսպես շարունակ: Իսկ հիմա դու միայն քմծիծաղ ես տալիս, երբ նույնը անում է քո փոքրիկ քույրը կամ եղբայրը, իսկ երբ խոսքը հասնում է քեզ, բոլոր հարցերին պատասխանում ես կարճ «նորմալա» և շտապում ես քո սենյակ, որ առանձին հանգիստ խոսես ընկերոջդ հետ սկայպով կամ սոց. ցանցով:
Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե երբ է գալիս այն պահը, երբ երեխաները հեռանում են իրենց ծնողներից, երբ փոխվում է զրույցների բովանդակությունը, բայց փաստ է, որ այդ ճանապարհով անցնում են բոլոր մեծացող երեխաները: Համաձայնվիր, որ այժմ քո համար ավելի կարևոր է շփվել ընկերների հետ, քան ծնողներիդ հետ: Եվ դա բնական է, դու սովորում ես ինքնուրույն ապրել և գոյատևել, և քեզ հարկավոր չէ ձեռքից բռնել ու տանել, հսկելով ամեն քո քայլը:
Ինչպես խոսել ծնողների հետ
Ամենայն հավանականությամբ, դու ավելի հաճախ և երկար խոսում ես ընկերներիդ և ոչ` ծնողներիդ հետ: Դա բնական է: Ինչքան էլ լավ և հրաշալի հարաբերություններ ունեք ձեր ընտանիքում, դու չես կարող մնալ այդ ջերմ, բայց նեղ շրջանակում քո ամբողջ կյանքի ընթացքում: Դու սովորում ես անկախության և ինքնուրույնության, դու ցանկանում ես քո սեփական որոշումները կայացնել, ընտրել կյանքի ճանապարհը և ապրելակերպը, և դա շատ լավ է և ուրախալի: Կարևոր է չմոռանալ, որ պետք չէ հրաժարվել ծնողներիդ օգնությունից և խորհուրդներից: Դու կարող ես ասել, որ նրանց հետ դժվար է քննարկել լուրջ հարցեր: Այո՛, դա իրոք հեշտ չէ: Բայց մինչև քո համար շատ կարևոր և լուրջ հարցերին անցնելը` կարելի է վարժվել ավելի պարզ ու հեշտ թեմաների վրա:
Դու միշտ կգտնես մի բան, որով կարող ես կիսվել մեծահասակների հետ: Ամեն օր քո կյանքում տեղի են ունենում բազմաթիվ իրադարձություններ, և դու հեշտությամբ կարող ես ուրախացնել ծնողներիդ տարբեր նորություններով, օրինակ` ձեր դասղեկը ամուսնացել է, դպրոցի տնօրենը գնում է թոշակի, արձակուրդներին դուք դասարանով գնում եք արշավի կամ շաբաթ օրերին կունենաք ինֆորմատիկայի լրացուցիչ դասեր: Եթե չունես ցանկություն խոսել դպրոցի գործերից, կարող ես պատմել այլ բաներ, օրինակ` ձեր կամ հարևանի շնիկի չարությունների մասին, մի խոսքով, ամեն ինչի մասին, ինչ մտքիդ կգա: Կարևորն այն է, որ դու զարգացնես քո կյանքի տարբեր իրադարձություններով ծնողներիդ հետ կիսվելու սովորությունը: Դա շատ կօգնի քեզ ամրացնել ծնողների հետ կապը և ձեր շփումը: Իսկ երբ կգա լուրջ կամ կարևոր հարցի մասին կիսվելու պահը, քեզ շատ ավելի հեշտ կլինի դա անել: Իսկ թե ինչպե՞ս, կարդա հաջորդ մասում:
Շփում ծնողների հետ: Ինչպես խոսել ծնողների հետ «դժվար» թեմաներով:
Նկարը գտել են այստեղ: