Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպե՞ս պատրաստվել առաջին ժամադրությանը. խորհուրդներ տղաներին

Առաջին ժամադրություն… Թե ինչպես կզարգանան ձեր հարաբերությունները աղջկա հետ (եթե ընդհանրապես զարգանան), 90%-ով կախված է առաջին ժամադրությունից: Քեզ օգնելու նպատակով` մենք հարցրել ենք աղջիկներին, թե ինչպես են պատկերացնում իդեալական առաջին ժամադրությունը: Կարդա 10 լավագույն խորհուրդները:
  1. Պլանավորիր ձեր հանդիպումը: Նախապես պլանավորիր ձեր ժամադրությունը՝ ընտրիր հանդիպման և զբոսանքի այնպիսի վայրեր, որոնց դու լավ ծանոթ ես: Այդպես դու քեզ վստահ կզգաս և կկարողանաս հետաքրքիր պատմություններ պատմել  քաղաքի տեսարժան վայրերի մասին: Եթե եղանակը բարենպաստ չէ զբոսանքի համար, ապա կարող ես ընտրել որևէ հետաքրքիր, բայց ոչ աղմկոտ սրճարան: Կինոթատրոնը նպատակահարմար չէ, որովհետև դուք պետք է միմյանց հետ շփվեք:
  2. Մի՛ ուշացիր ժամադրությունից: Դրանով դու հարգանք ես ցուցաբերում աղջկա նկատմամբ: Դրական տպավորություն թողնելու համար կարող ես նվիրել ծաղիկ: Չէ՞ որ աղջիկները սիրում են ծաղիկներ:
  3. Խոսիր քիչ, լսիր շատ: Երբ մարդիկ իրար չեն ճանաչում կամ ճանաչում են շատ քիչ, բնական է, որ խոսակցության ընթացքում կառաջանան դադարներ: Այդ ժամանակ հարցրու աղջկան նրա նախասիրությունների մասին և ուշադիր լսիր, թե ինչպիսի երաժշտություն, ֆիլմեր, հերոսներ, գույներ է նախընտրում:
  4. Վայր դիր բջջային հեռախոսը: Փորձիր լուծել բոլոր կարևոր գործերը մինչ ժամադրությունը: Հակառակ դեպքում, տեսնելով, որ դու անընդհատ պատասխանում ես զանգերի և կարճ հաղորդագրությունների, կամ անընդմեջ ստուգում ես սոցիալական ցանցերը, աղջիկը կմտածի, որ այդքան էլ հետաքրքիր չէ քեզ համար:
  5. Եղիր այնպիսին, ինչպիսին որ կաս: Մի՛ փորձիր հերոս ձևանալ: Ուշ թե շուտ պարզ կդառնա, թե իրականում դու ինչպիսին ես: first date_gif1
  6. Հաճոյախոսի՛ր: Փորձիր աղջկա արտաքինում գտնել քեզ գրավող մի գիծ՝ ժպիտ, մազեր, ծիծաղ, աչքերի գույն, և խոսել այդ մասին: Հաճելի խոսքեր լսելով՝ աղջիկը կփորձի էլ ավելի դրական և անկեղծ զգացմունքներ ցուցաբերել, ինչի հետևանքով ձեր հարաբերությունները կարող են շարունակվել:
  7. Մոռացի՛ր քո նախկին ընկերուհիների մասին: Կարիք չկա ձեր առաջին հանդիպմանը հիշել նախկին ընկերուհիներիդ մասին: Նրանք անցյալում են, իսկ դուք հնարավոր է կունենաք ընդհանուր ապագա: Առավել ևս չի կարելի համեմատել աղջկան նախկին ընկերուհիների հետ, նույնիսկ եթե վերջինս ավելի լավն է, ավելի գեղեցիկ և այլն: Բավական տհաճ է, երբ ձեր հանդիպմանը ներկա է «երրորդ» անձ:
  8. Եղի՛ր դրական: Զգացմունքներ և զգացումներ առաջացնելու նպատակով որոշ տղաներ տարբեր պատմություններ են պատմում: Այս դեպքում էլ պետք է զգուշանալ. կարիք չկա պատմել ծնողների կամ դասախոսների հետ անախորժությունների և վեճերի մասին: Նման դեպքերի մասին պատմիր ընկերոջդ: Աղջիկը ուզում է տեսնել ուժեղ տղամարդու, ով կարող է դրականորեն լուծել ցանկացած խնդիր: Իսկ տհաճ, բացասական պատմություններից հետո դժվար թե կուզենա նորից հանդիպել քեզ հետ:
  9. Հետաձգի՛ր բարձր խոստովանություններն ու խոստումները: Նույնիսկ եթե տեսնում ես փոխադարձ համակրանք, կարիք չկա բարձրաձայնել ապագա պլանները կամ սիրո խոստովանություն անել հենց առաջին ժամադրության ընթացքում: Ժամանակ տուր աղջկան ճանաչելու քեզ:
  10. Հիշեցրու՛ քո մասին ժամադրությունից հետո: Ճանապարհիր աղջկան մինչև տան շքամուտքը՝ քննարկելով հաջորդ հանդիպման հնարավորությունը: Համոզվիր, որ բարեհաջող հասել է տուն, ուղարկիր կարճ հաղորդագրություն՝ հանդիպման համար շնորհակալական խոսքերով: first date_gif2

Հիշի՛ր. առաջին ժամադրությունը շատ հուզիչ է աղջկա համար: Ինքն էլ քեզ պես պատրաստվում և անհանգստանում է: Պարզապես եղիր այնպիսին, ինչպիսին որ կաս, նույնիսկ եթե ինչ-որ սխալներ ես անում: Կարևորն այն է, որ դուք հավանեք ձեր առաջին հանդիպումը և ուզենաք նորից ու նորից հանդիպել:

Հոդվածը կազմել է Ս. Վերտոլան: