Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպե՞ս հասցնել ամեն ինչ, երբ սիրահարված ես

Երբ սիրահարված ես, ամբողջությամբ ընկղմվում ես հարաբերությունների մեջ և չես նկատում ոչ ոքի և ոչինչ: Ինչպե՞ս հասցնել դասերը, հաղորդակցվել ծնողների և ընտանիքի անդամների հետ, երբ ամբողջ ժամանակդ ծախսում ես սիրած մարդու հետ շփվելու վրա:

Սիրահարված լինելը հրաշալի բան է 😉  Սիրային հարաբերությունները փոխում են մեր կյանքը` հաճախ հետին պլան մղելով մնացած հետաքրքրությունները: Խնդիրը բավականին արդիական է ցանկացած տարիքի մարդու համար, այնպես չէ՞:

Տեսնենք, թե ի՞նչ խորհուրդներ են տալիս հոգեբանները:

Բոլոր մարդիկ մշտապես հաղորդակցվում են ծնողների և ընտանիքի անդամների, ընկերների, դպրոցի, համալսարանի, տարբեր մարդկանց և նույնիսկ իրենց սեփական մարմնի հետ: Եվ եթե մենք բավարար ժամանակ չենք տրամադրում մեր կյանքի տարբեր ոլորտներին, այդ մասին կստանանք համապատասխան ազդանշաններ: Ծնողները կբողոքեն, որ կարոտում են, իսկ դուք ուշադրություն չեք դարձնում իրենց վրա, դպրոցում կամ ինստիտուտում կգրանցվի առաջադիմության անկում, ձեր մարմինը կազդանշի հոգնածությամբ և այլն: Եվ շատ կարևոր է ժամանակին նկատել և չարհամարհել համապատասխան ազդանշանները:

Այդ ազդանշանները վաղ ճանաչելու համար խորհուրդ է տրվում թղթի վրա նկարել շրջագիծ, հետո բաժանել մասերի (ինչպես պիցցան) և ամեն մասին վերագրել կյանքի մեկ ոլորտ` վերնագրելով «հարաբերություններ», «ընկերներ», «ծնողներ», «դպրոցի դասեր», «հոբբի», «առողջություն/ մարմին»: Կարող ես ինքդ ավելացնել բաժինների քանակը և վերնագրել քո ուզած ձևով: Հետո պետք է վերցնել մատիտ և ներկել ամեն բաժինը կենտրոնից դեպի ծայրամաս այնպես, որ այն արտահայտի այդ ոլորտի լցվածության մակարդակը` ըստ քո սեփական զգացողությունների: Եթե միայն կենտրոնն է ներկված, դա 0% է, եթե ամբողջ շրջագիծը` 100%: Այսպես կպատկերացնես` ինչ մակարդակում է գտնվում այս կամ այն ոլորտը, և արդյունքում կստանաս մի յուրահատուկ «կյանքի բալանսի պիցցա» 🙂

 

Այնուհետ, պետք է վերլուծես յուրաքանչյուր ոլորտ` ինքդ քեզ հարցեր ուղղելով: Ի՞նչ կլինի, ի՞նչ ձեռք կբերեմ, եթե կենտրոնանամ այս ոլորտի վրա: Իսկ ի՞նչ կկորցնեմ, եթե ուշադրությունս կենտրոնացնեմ մյուս ոլորտի վրա, ի՞նչ կլինի, եթե դա չանեմ:

«Բալանսի պիցցան» նկարելիս` ամենակարևորն է լինել անկեղծ ինքդ քեզ հետ և ստանալ ճիշտ պատկեր` քո կյանքի տարբեր ոլորտները վերլուծելու արդյունքում: Եվ եթե ռեալ ես նայում իրավիճակին, ապա պետք է անմիջապես արձագանքես, եթե որևէ ոլորտի «ավելցուկը» կամ «պակասը» քեզ անհարմարություն և անհանգստություն է պատճառում 🙁

Սակայն, եթե զգում ես, որ քո կյանքի «բալանսի պիցցա»-ի  վրա որևէ ոլորտ չափազանց մեծ մասնաբաժին է կազմում, բայց դու ոչինչ չես կարող անել այդ կապակցության, արժե մտածել: Գուցե պետք է փոխել մի բան քո կյանքում…

Մարդու համար շատ կարևոր է ճանաչել ինքն իրեն կյանքի տարբեր բնագավառների միջոցով, և նորմալ է, եթե կյանքի որոշակի փուլում որևէ ոլորտ դառնում է առավել կարևոր և առաջնային: Ինչևէ, պարտադիր  է զգալ ընդհանուր բավարարվածություն և լինել համերաշխ ինքդ քեզ հետ:

Ցանկանում ենք բոլորին անձնական երջանկություն և ներքին համերաշխություն:

 

Հեղինակ` Լյուբով Չերկասովա, կլին. հոգեբան: Աղբյուր` https://ology.sh/healthygrowth/