Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

6 խորհուրդ տղաներին` աղջկա հետ ծանոթանալու համար

Որտե՞ղ ծանոթանալ, ի՞նչ ասել, ինչպե՞ս պահել` լավ տպավորություն ստեղծելու համար: Եվ ոչ միայն իմանալ նրա անունը, այլ հետաքրքրություն առաջացնել, որպեսզի աղջիկը համաձայնվի շարունակել քո հետ շփումը: Հետևի՛ր մեր հոդվածի խորհուրդներին, և ամեն ինչ կհաջողվի:

Միանգամից զգուշացնենք, որ սրանք աղջկան «կապելու» խորհուրդներ չեն: Խոսքը գնալու է այնպիսի վարքագծի մասին, որ կօգնի քեզ ցուցադրել քո լավ և հետաքրքիր կողմերը, առանձնահատկությունները, որպեսզի աղջիկը ուշադրություն դարձնի հենց քեզ վրա: Եվ չնայած ծանոթությունը միջանձնային հարաբերությունների միայն առաջին փուլն է, այն վճռորոշ դեր է խաղում աղջկա աչքերում քո կերպարի ստեղծման համար: Իսկ հետագա քայլերը արդեն կօգնեն լրացնել քո կերպարը: Ուրեմն.

1. Միշտ եղի՛ր պատրաստ 

Աղջկա հետ կարող ես ծանոթանալ ցանկացած վայրում. երբեք չգիտես, երբ և որտեղ կհանդիպես քո անկրկնելի և միակ երկրորդ կեսին: Եվ հաստատ լավ կլինի, որ դա չպատահի այն օրը, երբ առավոտյան դուրս ես եկել տնից քնաթաթախ և թափթփված տեսքով: Ուրեմն, չզլանաս հետևել քեզ, քո հագուստի մաքրությանը, տնից դուրս գալուց առաջ սանրվիր, կտրիր և մաքրիր եղունգներդ. սա պետք է քո համար լինի սովորական մի բան:

2. Ծանոթացիր տարբեր վայրերում 

Դիսկոտեկներ, սպորտային խմբակներ, ակումբներ, սրճարաններ և նման այլ վայրեր, որտեղ հավաքվում է երիտասարդությունը` հրաշալի տարբերակներ են: Բայց այսպիսի վայրերում կա վտանգ, որ դու կունենաս «մրցակիցներ», ինչ-որ մեկը ձեզ կարող է խանգարել, կամ մարդկանց մեջ հնարավոր է անհարմար զգաք: Այդ պատճառով ընտրիր այնպիսի վայր, որտեղ դուք կունենաք հնարավորություն հանգիստ զրուցելու, անկաշկանդ շփվելու և գտնելու հարմար առիթ զրույցն սկսելու համար:

Մարզասրահ. Եթե այցելում եք մարզասրահ, ուրեմն երկուսդ էլ ցանկանում եք ունենալ լավ մարմին և հետևում եք առողջ կենսակերպին: Իսկ ընդհանուր նպատակներ և հետաքրքրություններ ունենալն արդեն առիթ է հաճելի և հետաքրքիր զրույցի համար:  Ուրեմն գրանցվիր լողավազան, մարզասրահ կամ սպորտային խմբակ, ծանոթացիր նոր հետաքրքիր մարդկանց հետ: Ի դեպ, դա միշտ չէ, որ թանկ հաճույք է, որ փնտրես, հաստատ կարող ես գտնել մատչելի տարբերակ:  

Հետաքրքիր խմբակներ և դասընթացներ. Նոր գիտելիքները կօգնեն քեզ զարգանալ այս կամ այլ ոլորտում` լինի դա օտար լեզու, թե որևէ հոբբի: Եվ դու կարող ես ստանալ ոչ միայն նոր գիտելիքներ, այլ ծանոթանալ նոր մարդկանց հետ: Չկա ավելի լավ առիթ ծանոթանալու աղջկա հետ, քան դասի նյութի վերաբերյալ նրան հարցով դիմելը կամ հանձնարարությունը քննարկելը:

Սոցիալական ցանցերը և ծանոթությունների կայքերը վատ տարբերակ չէ: ԲԱՅՑ, այստեղ կա մի վտանգ` մշտապես գտնվելով համացանցում, դու զրկում ես քեզ իրական, իրադարձություններով լի հետաքրքիր կյանքից: Նաև մի՛ մոռացիր համացանցային անվտանգության կանոնների մասին: Փոխարենը, ավելի հաճախ պայմանավորվիր ընկերների/ծանոթների հետ հանդիպելու և հետաքրքիր տեղ միասին գնալու համար: Սոց.ցանցերից կարող ես իմանալ, թե ինչ հետաքրքիր միջացառում կա քաղաքում: Գնա այնտեղ, շփվիր և ծանոթացիր իրական մարդկանց հետ:

Կամավորական միջոցառումներ. Եթե ժամանակդ նվիրում ես ինչ-որ խնդրի լուծմանը կամ հանրօգուտ գործերին, ուրեմն դու անտարբեր մարդ չես, իսկ այդ հատկանիշը շատ է գնահատվում աղջիկների կողմից և գրավում է նրանց: Օրինակ, շատ կարևոր է հոգ տանել ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի մասին, օրինակ` անօթևան կենդանիների կամ կարիքի մեջ գտնվող մարդկանց:

ԲԱՅՑ, այստեղ կարևոր է լինել անկեղծ և չձևանալ, որ հետաքրքրվում ես քո համար ոչ հաճելի բանով: Աղջիկը շատ շուտ գլխի կընկնի, եթե դու ձևացնում ես` նրա ուշադրությունը գրավելու համար, և ոչ միայն քեզանից կհիասթափվի, այլ առհասարակ քո մասին լսել չի ցանկանա:

3. Եղի՛ր քաղաքավարի և առաջարկիր քո օգնությունը

Մենք չենք պնդում, որ եթե զիջես տեղդ տրանսպորտում, բացես և պահես կնոջ համար դուռը կամ օգնես ծանր բան բարձրացնել վերևի հարկ, ուրեմն հաստատ կծանոթանաս կողքին գտնվող սիրուն աղջկա հետ: Բայց եթե քաղաքավարի քեզ չպահես, շրջապատողների աչքերում հաստատ դրական կերպարով չես ներկայանա (hիշիր կետեր 1, 2):

 4. Ընտրի՛ր հարմար պահ մոտենալու և ներկայանալու համար 

Իհարկե, ամեն ինչ կախված է իրավիճակից: Իդեալում, դու պետք է արձագանքես աղջկա կողմից քեզ հասցեագրված ուշադրության նշաններին, եթե օրինակ` նա նայեց քո ուղղությամբ կամ ժպտաց: Չարժե մոտենալ նրան և ընդհատել, եթե նա զբաղված է կամ զրուցում է մեկ ուրիշի հետ:  Եթե արդեն մոտեցել ես, ժպտա, պահիր քեզ վստահ, բայց մի՛ եղիր չափազանց համառ կամ անհամեստ, էլ չասած` լկտի: Եթե դժվարանում ես մոտենալ աղջկան, կարող ես ուսումնասիրել, թե ինչպես են դա անում ուրիշները իրական կյանքում կամ կինոներում: Եթե մեկ-երկու անգամ չհաջողվեց, ոչի՛նչ: Փորձառություն ձեռքբերելուց հետո ամեն ինչ ավելի հեշտ կստացվի:

5. Գրավի՛ր աղջկան քո պատմություններով 

Գրեթե բոլոր տղաները գիտեն մի քանի հետաքրքիր կամ զվարճալի պատմություններ, որոնք դրական արձագանք են առաջացնում շրջապատողների մոտ:  Այդպիսի պատմությունները շատ օգտակար են, քանի որ թուլացնում են լարվածությունը, թույլ են տալիս խուսափել անհարմար վիճակներից ձեր զրույցի ընթացքում, ինչպես նաև տեսնել ունկնդիրների պատասխան ռեակցիան: Եթե հնարավոր է, ավելացրու քո իմացած հետաքրքիր պատմությունների և զվարճալի արկածների ցանկը:

6. Եղի՛ր ավելի ինքնավստահ 

Բոլոր խորհուրդները քիչ իմաստ կունենան, եթե դու մշտապես վախենաս օգտվել քեզ ընձեռնված հնարավորություններից: Եթե ունես առիթ ծանոթանալու աղջկա հետ և ցանկանում ես շփվել նրա հետ, պետք չէ սպասել, որ նա ամեն ինչ կանի քո փոխարեն: Վստահությունը նման է մարդկային մյուս հատկանիշներին, այն կարելի է զարգացնել, եթե ջանք գործադրես: Իսկ ձեռքերը ծալած նստելով և սպասելով` մի օր հանկարծակի ինքնավստահ չես դառնա: Եղի՛ր նախաձեռնող և բաց մի՛ թող լավ առիթը:

 

Հոդվածի համար տեղեկատվությունը գտել ենք այստեղ: