Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Էլեկտրոնային սիգարետներ. նոր չարի՞ք

Վերջին տարիներին բավականին տարածում են գտել նիկոտին պարունակող տարբեր էլեկտրոնային սարքերը, որոնք ներկայացվում են իբրև ծխախոտից պակաս վնասակար տարբերակ: Այնուամենայնիվ, մասնագետների կարծիքը միանշանակ է` այդ արտադրանքը բոլորովին էլ անվնաս չէ և նույնիսկ կարող է լինել վտանգավոր: Բացահայտենք բոլոր գաղտնիքները:

Ներկայումս ծխախոտ արտադրողներն ակտիվորեն տարածում են նիկոտին պարունակող նոր արտադրանքը` էլեկտրոնային սիգարետները, իբրև նվազ վնասակար և նորաձև տարբերակ: Այդ արտադրանքը բավականին արագ ներխուժում է նաև միջին եկամուտ ունեցող երկրների շուկաներ:

Էլեկտրոնային սիգարետները (e-cigarettes use, vaping) նիկոտինի օգտագործման նոր եղանակ է` հատուկ էլեկտրոնային սարքերի միջոցով (այդ սարքերը կոչվում են e-cigarettes, vapes, electronic nicotine delivery systems):

Էլ.սարքերը աշխատում են հետևյալ մեխանիզմով` տաքացվում է սարքի մեջ լցված հատուկ հեղուկը, ինչի արդյունքում առաջանում է աէրոզոլ, որն էլ ներշնչվում է օգտագործողի կողմից` հայտնվելով թոքերում: Գրավչության նպատակով վեյպերը հաճախ պարունակում են տարբեր բուրումնավետ նյութեր:

Էլ.սիգարետներում օգտագործվող հեղուկները պարունակում են նիկոտին, տետրահիդրոկանաբինոլ (THC) և կանաբինոիդների յուղեր, տարբեր այլ քիմիական միացություններ և հավելումներ: Օգտագործման համար հաճելի դարձնելու նպատակով` ավելացվում են նաև հատուկ բուրումնավետ նյութեր:

Մինչդեռ, տարբեր մասնագետների գնահատմամբ` այդ արտադրանքը այդքան էլ անվնաս չէ, ինչպես ներկայացվում է: Հեղուկները պարունակում են նիկոտին, որը հայտնի է իբրև շատ ուժեղ կախվածություն առաջացնող նյութ (ուրեմն, կախվածությունը միանշանակ զարգանում է), իսկ վերը նշված և մի շարք այլ քիմիական նյութեր, որ պարունակվում են էլ. սիգարետներում, պոտենցիալ վնասակար են օրգանիզմի համար Դրանց մի մասը դեռ լավ ուսումնասիրված չեն 🙁

Ավելին, վերջերս հրապարակված տվյալները փաստում են, որ ԱՄՆ տարածքում գրանցվել է թոքերի վնասման 2051 դեպք և 39 մահ (CDC Media Statement, Nov.7, 2019): Հայտնի է, որ այդ հիվանդների մեծամասնությունն օգտագործել է էլ. սիգարետներ, որոնք պարունակել են THC և նիկոտին, մի մասը` միայն նիկոտին: Այդ հիվանդների մոտ զարգացել է հազ, դժվարաշնչություն կամ ցավեր կրծքավանդակում, սրտխառնոց, փսխում կամ փորլուծություն, թուլություն, տենդ կամ որովայնի ցավեր: Որոշ հիվանդների մոտ նշված գանգատները զարգացել են մի քանի օրերի ընթացքում, մյուսների մոտ` շաբաթների: Բոլորի մոտ հերքվել է հիվանդության կապը շնչառական վարակների հետ:

Արդյունքում, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (ամբողջ աշխարհում հայտնի և շատ հեղինակավոր կառույց) հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հորդորում է զերծ մնալ էլ. սիգարետների օգտագործումից` հաշվի առնելով վերը նշված առողջական ռիսկերը😮

Ի լրումն, մասնագետները մանրամասնում են. եթե մարդը ծխում է էլ.սիգարետներ, նա չպետք է անցնի սովորական ծխախոտի, նույնանման` ծխախոտ օգտագործող մարդը չպետք է անցնի էլ. սիգարետների:

 

 

Բոլոր դեպքերում խորհուրդ է տրվում ուշադիր լինել կասկածելի նշաններին նկատմամբ և դիմել բժշկի` անհրաժեշտ հետազոտություններ անցնելու և ծխախոտից հրաժարվելու համար մասնագիտական օգնություն ստանալու նպատակով:

Ի դեպ, մի շարք երկրներ լուրջ քայլեր են ձեռնարկում էլ. սիգարետների դեմ պայքարելու նպատակով: Այսպես, Հնդկաստանի կառավարությունն արգելել է էլ. սիգարետների վաճառքը:

Հատկապես վտանգավոր է ձեռք բերել էլ. սիգարետներ կամ նման արտադրանք փողոցից, կասկածելի վայրերից կամ ոչ հուսալի արտադրողներից, ինքնուրույն ավելացնել տարբեր նյութեր պատրաստի հեղուկի մեջ:

Երեխաները և երիտասարդները, հղի կանայք առհասարակ պետք է զերծ մնան էլ. սիգարետներից (ինչպես և ծխախոտի այլ տեսակներից):

 

Եթե ուզում ես իմանալ ավելին ծխախոտի վնասների մասին կամ ցանկանում ես թողնել ծխելը, կարդա այս և այս հոդվածները, ուսումնասիրիր նյութերը կայքի Օգտակար ռեսուրսներ բաժնում, ծանոթացիր վստահելի տեղեկատվական աղբյուրներին և բջջային հավելվածներին: Անհրաժեշտության դեպքում խորհրդակցիր բժշկի հետ:

Թողնելով ծխելը` իջեցնում ես մի շարք հիվանդությունների առաջացման հավանականությունը: Բոլոր ժամկետներում և տարիքային խմբերում ծխախոտից հրաժարվելու օգուտները հայտնի են: Ինչևէ, ցանկալի է թողնել ծխելը հնարավորինս շուտ, ինչը թույլ կտա սկսել ազատվել ծխախոտի թողած վնասներից (մանրամասները կարդա այս հոդվածում):

Անկախ այն փաստից, թե քանի տարի եք ծխում և ինչքան շատ, թողնելը միշտ օգուտ է տալու:

Թողնել հնարավոր է: Ամեն փորձ, նույնիսկ եթե լրիվ հրաժարվել չի հաջողվել, կարևոր է և օգտակար: Մի՛ հուսահատվիր և կրկին փորձիր: Հիշի՛ր, որ դու միշտ կարող ես դիմել նաև մասնագիտական օգնության:

Արմատավորի՛ր միայն առողջ սովորույթներ և վայելի՛ր քո կյանքը` զերծ մնալով կախվածությունից: Իսկ սիգարետների վրա ծախսվող գումարը օգտագործիր ավելի օգտակար և հաճելի զբաղմունքների վրա 🙂

 

Աղբյուրներ` cdc.gov, who.int