Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Զգուշացե՛ք, նիհարեցնող միջոցներ

Մարդիկ միտված է հավատալու տարբեր «հրաշք» միջոցներին: Հատկապես, երբ այդ միջոցները ակտիվ գովազդվում են և ունեն գեղեցիկ փաթեթավորում ու համոզիչ բնութագիր: Իսկ ի՞նչ է թաքնված նման խոստումնալից միջոցների հետևում: Պատասխանում են մասնագետները:

Նախ պարզենք, թե ի՞նչ է ավելցուկային քաշը

Ավելցուկային քաշը չի առաջանում հենց այնպես: Ամենից հաճախ այն նստակյաց վարքագծի, սխալ սննդակարգի կամ օրգանիզմի նյութափոխանակության խանգարման արդյունք է:

Ըստ մասնագետների` երբեմն ավելցուկային քաշն առաջանում է վահանաձև գեղձի, լյարդի և ենթաստամոքային գեղձի գործունեության խանգարման, էնդոկրին հիվանդությունների կամ հորմոնալ շեղումների ադրյունքում: Հենց այդ պատճառով բժիշկները հաճախ թերահավատորեն են վերաբերվում տարբեր նիհարեցնող հաբերին և թեյերին: Հրաշքներ իրականում երբեք տեղի չեն ունենում: Նիհարեցնող միջոցները լավագույն դեպքում անարդյունավետ են լինում, իսկ վատագույն դեպքում բավականին կարճատև արդյունք տալով` հանգեցնում են առողջական տարբեր խնդիրների: Նման միջոցների մեծ մասը կոպիտ ձևով խախտում են օրգանիզմում նյութափոխանակությունը և վնասակար է առողջության համար:

Ինչի՞ հաշվին է առաջանում նիհարեցնող արդյունքը

Բոլոր նիհարեցնող միջոցները ըստ իրենց ազդեցության բաժանվում են 5 հիմնական խմբի.

1. Հոգեխթանիչ դեղամիջոցներ. այս խմբի դեղամիջոցները ազդում են նյարդային համակարգի վրա և հիմնականում պարունակում են կոֆեին, կոլա և որոշ այլ նյութեր ամֆետամինի հիման վրա: Կարևոր չէ, ազդող նյութը բուսական ծագման է, թե սինթետիկ. դրանք ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա, պակասացնում են ախորժակը: Կողմնակի ազդեցություններից են կախվածության արագ զարգացումը, նյարդային համակարգի հյուծումը, որոշ ներքին օրգանների աշխատանքի խանգարումը (սիրտանոթային, լյարդի և այլն):

2. Լուծողականներ. նիհարեցնող թեյերի մեծ մասն իրենցից ներկայացնում են տարբեր խոտաբույսերի խառնուրդներ, սակայն բոլորը հիմնականում պարունակում եմ սեննա լուծողական հատկություններ ունեցող խոտաբույսը: Նա արագացնում է սննդի մնացորդների դուրս բերումն օրգանիզմից: Հեղուկի և շլակների հետ մեկտեղ օրգանիզմից դուրս են գալիս նաև դրա բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ որոշ վիտամիններ, հանքանյութեր ու միկրոտարրեր: Նման միջոցների երկարատև օգտագործումն առաջացնում է սրտի աշխատանքի խանգարումներ, թուլություն, գլխապտույտ, մաշկի թեփոտվածություն, մազաթափություն և հիպովիտամինոզի այլ նշաններ:

Նաև լուծողականների օգտագործման դեպքում հարկավոր է զգուշաթյամբ կարևոր գործեր ծրագրել և հանդիպումներ նշանակել 🙂

Պետք է գիտակցել, որ լուծողականների երկարատև կիրառումը կարող է նպաստել աղիների ատոնիայի (կծկողական ֆունկցիայի կորուստ), որի արդյունքում աղիներն ինքնուրույն չեն կարող դատարկվել:

3. Վերը նշված խոտաբույսերին շատ նման է նաև պերիստալտիկան խթանող այլ նյութը` ցելյուլոզ (բուսաբջջանք): Այդ սինթետիկ նյութն ազդում է բնական բուսական թաղանթանյութի նկան, ուռչում է ստամոքսում (առաջացնելով հագեցման զգացում) և ակտիվացնում է աղիների աշխատանքը: Արդյունքը վատ չէ, բայց նիհարելու համար ցելյուլոզը պետք է օգտագործել բավականին մեծ քանակներով, իսկ դա բերում է աղիների պատերի գրգռման, գազերի առաջացման և որովայնի փքվածության, իսկ ժամանակի հետ` այսպես կոչված «ծույլ աղու համախտանիշի», երբ աղիների կծկումներն ապահովող մկանները մշտական արտաքին խթանման պատճառով դադարում են կատարել իրենց սովորական գործառույթները և արդյունքում ինքնուրույն չեն գործում:

4. Միզամուղներ. բավականին վնասակար կարող են լինել նաև արտահայտված միզամուղ հատկություններ ունեցող միջոցները, որոնք նպաստում են օրգանիզմից հեղուկի դուրս բերմանը: Արդյունքում քաշն իրոք նվազում է, սակայն դրանց երկարատև և սխալ օգտագործումը կարող է առաջացնել  ջրաաղային հավասարակշռության լուրջ խախտում, կալիումի կորուստ և ջրազրկում:

5. Ճարպն այրող նյութեր. որոշ միջոցներ պարունակում են ճարպի այրմանը նպաստող մրգաթթուներ, ինչպես օրինակ` արքայախնձոր կամ պապայա մրգերի մեջ գտնվող հատուկ նյութեր: Սակայն արքայախնձորում պարունակվող բրոմելայն նյութը արագացնում է սպիտակուցների քայքայումն ու լավացնում մարսողության գործընթացը և չի ազդում ճարպային փոխանակության վրա 🙁

Ճարպն աղիներից դուրս բերող նյութեր պարունակվում են հատուկ խումբ դեղամիջոցներում, որոնց ընդունման դեպքում օրգանիզմը չի յուրացնում սննդի հետ ստացված ճարպը: Արդյունքում նման դեղամիջոցներ խմող մարդը չի ստանում բավարար քանակությամբ սննդարար նյութեր, որոշ վիտամիններ, ուստի հնարավոր վնասներից խուսափելու համար` դրանք պետք է նշանակվեն միայն բժշկի կողմից:

Հակացուցումների մասին

Բոլոր դեղամիջոցներն ունեն իրենց ցուցումները և հակացուցումները: Վերջիններիս շարքում են սիրտանոթային, մարսողական համակարգի, երիկամների և նյարդային համակարգի տարբեր հիվանդությունները:

Մինչդեռ, ոչ բոլոր արտադրողներ բարեխիղճ են և զգուշացնում են այդ մասին: Որոշ արտադրողներ, օրինակ, շեշտադրում են, որ դեղամիջոցը լավացնում է մտավոր և ֆիզիկական աշխատունակությունը, մինչդեռ մասնագետները հասկանում են, որ նման արտահայտության հետևում մեծ հավանականությամբ թաքնվում է հոգեխթանիչ դեղամիջոցը:

Նաև որոշ դեղաբույսեր առհասարակ լավ չեն ուսումնասիրված և կարող են շատ անկանխատեսելի արդյունք տալ: Առհասարակ, շատ միջոցները արդյունավետ են միայն ցածր կալորիականություն ունեցող սննդակարգի պահպանման պարագայում:

Հարկավոր է իմանալ, որ նման միջոցների զգալի մասն առհասարակ հակացուցված է երեխաներին:

Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ նման միջոցները թուլացնում են մարդու զգոնությունը, և որոշ մարդիկ դրանց պատճառով թուլացնում են սննդակարգի նկատմամբ վերահսկողությունը և նորմայից շատ են ուտում 🙁 Նաև դրանք չեն փոխում վատ սովորությունները, իսկ ավելորդ քաշից ազատվելու և այլևս չգիրանալու համար հարկավոր է արմատապես վերանայել սննդակարգն ու կենսակերպը:

Իսկ ինչպե՞ս նիհարել, առանց վնասելու սեփական առողջությանը

Նիհարելու գործընթացը հեշտ բան չէ, և այդ խնդիրը պետք է լուծել համապարփակ եղանակով` պարտադիր նախապես խորհրդակցելով մասնագետի հետ: Իհարկե, պետք է կարգավորել սննդակարգը, հրաժարվել դատարկ կալորիաներ պարունակող մթերքներից, խմել շատ մաքուր ջուր և ավելացնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:

Եվ իհարկե, պետք է փոխել վերաբերմունքը սեփական մարմնի, սննդի և կենսակերպի հանդեպ: Միմիայն այսպես դու կարող ես ազատվել ավելորդ կիլոգրամներից ոչ թե շաբաթների ընթացքում (ինչպես խոստանում են նիհարեցնող դեղամիջոցները), այլ աստիճանաբար` դարձնելով այդ փոփոխությունները կայուն, քո առօրյա կենսակերպի մի մասը:

 

Կազմեց` Ե.Մովսեսյանը: