Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նարգիլե` միֆեր և փաստեր

Նարգիլեի վերաբերյալ կան շատ տարբեր, երբեմն իրարամերժ կարծիքներ: Ոմանք պնդում են, որ այն ավնտանգ է, մյուսները խոսում են վտանգների մասին: Փորձենք բացահայտել բոլոր գաղտնիքները:

Ինչպե՞ս է նարգիլեն գործածվում: Ի՞նչ ազդեցություն է թողնում: Նարգիլեի կողմնակիցները պնդում են, որ այն ոչ միայն հաճելի է, այլև ծխախոտից ավելի անվնաս: Իրոք այդպե՞ս է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նարգիլեն պոտենցիալ վտանգավոր ազդեցություններ է թողնում առողջության վրա և չի համարվում ծխախոտի անվնաս փոխարինող:

Նարգիլեի, ինչպես և ծխախոտի ու սիգարի օգտագործումը վատ սովորություն է, որից մարդկությունը չի կարողանում ձերբազատվել: Կախվածությունն առաջանում է նարգիլեի համար նախատեսված հատուկ լուծույթների մեջ պարունակվող նիկոտինի ազդեցությամբ: Պարբերաբար ծխող մարդու օրգանիզմում առաջանում է նիկոտինային քաղց, երբ մարդը կրկին ծխելու պահանջ է ունենում:

 

Ներշնչվող ծուխը պարունակում է տոքսիկ նյութեր, որոնք պոտենցիալ կարող են բերել թոքերի ուռուցքի, սիրտանոթային և այլ հիվանդությունների:

Նարգիլեի սովորական միջին չափաբաժնի ծխելուց հետո մեզում 73 անգամ ավելանում է նիկոտինի քանակը, կոտինինի` 4 անգամ, քաղցկեղածին նիտրոզամինների` 2 անգամ, ավելանում է բենզոլի և ակրոլեինի քայքայման արգասիքների պարունակությունը: Այդ նյութերը կարող են առաջացնել տարբեր շնչառական և քաղցկեղային հիվանդություններ:

Նարգիլե (նաև հուքա, կալյան կամ շիշա) բառն առաջացել է պարսկերեն nārghile բառից, որը թարգմանաբար նշանակում է «կոկոս»: Սկզբանական շրջանում հենց դրանից էին պատրաստում նարգիլե:

Նարգիլեն ստեղծվել է Արևելքում (Հնդկաստանում) և մեծ տարածում գտել հատկապես իսլամական երկրներում, իսկ XIX դարից արդեն՝ Եվրոպայում: Կախված երկրից` տարբեր են դրա անվանումները: Իրանում այն անվանում են «qalyān», նույն ինքը կալյան, ինչն էլ արաբերեն «ġalīān»-ի համարժեքն է, որը թարգմանաբար նշանակում է «եռացող»:

Նարգիլեն ջրային զտիչով ծխամորճ է` ներշնչվող ծուխը ֆիլտրելու և սառեցնելու հարմարանքով։ Ֆիլտրի դեր է կատարում ջրով կամ այլ հեղուկով ամանը, իսկ թութունները կարող են տարբեր համեր ունենալ: Նարգիլեի ծուխն ծխախոտի ծխից մեղմ է, քանի որ այն մոխրացող թութունի ու ջրի միախառնման արդյունք է: Սակայն, տոքսիկ նյութերը չեն ֆիլտրվում՝ ջրի միջով անցնելով, և թոքերի միջոցով այնտեղ պարունակվող նիկոտինը և այլ նյութեր թափանցում են արյան մեջ և տարածվում: Թութունի բաղադրության մեջ մտնող խեժերը նույնպես ծխի միջոցով ներթափանցում են օրգանիզմ, մասնիկները կպչում են անոթների պատերին ու նստում թոքերում, ինչն էլ իր հերթին կարող է աթերոսկլերոզի, շնչառական օրգանների և քաղցկեղային հիվանդությունների պատճառ դառնալ:

Կալյանի վնասակար չլինելու մասին կարծիքները իրականությանը չեն համապատասխանում: Հատուկ փորձերի օգնությամբ հետազոտողները հանգեցին ոչ այդքան հուսադրող արդյունքների. ծխելով 25 գրամ կալյանի թութուն, այսինքն մեկ սովորական չափաբաժին կալյան, մարդը իրեն թունավորում է շուրջ 60 ծխախոտին համարժեք ծխով: Որոշ հետազոտողներ պնդում են, որ նարգիլեի մեկ անգամ օգտագործումը հավասարազոր է երկու գլանակ ծխելուն, և կես ժամ ծխելով` մարդը ստանում է այնքան նիկոտին, որքան ֆիլտրով երկու գլանակից: Ինչևէ, քանի որ նարգիլեի համար նախատեսված թութունն իր խտությամբ ավելի թույլ է և բուրավետ, նարգիլե ծխողը ծխում է բավականին երկար՝ ներշնչելով մեծ ծավալի ծուխ: Այլ գիտնականներ հայտարարում են, որ նարգիլեի ծուխն որոշ չափով մաքրվում է նիկոտինից ու խեժերից` ջրի միջոցով անցնելով, սակայն ոչ այնքան, որ հնարավոր լինի հայտարարել, թե սիգարետի համեմատությամբ այն առողջության համար անվնաս է: Ինչ վերաբերում է խեժի բացակայությանը, ապա դա նույնպես թյուր տեղեկություն է, քանի որ խեժերը դժվար են լուծվում ջրում:

Կանադացի գիտնականների տվյալներով` նարգիլեի սիրահարի թոքեր ընկած ածխածնի օքսիդի` շմոլ գազի (CO) պարունակությունը երեք անգամ գերազանցում է նույն ժամանակահատվածում ծխած սիգարետի խտությանը: Նրանք հայտարարեցին, որ մոտ ժամանակներս Եվրոպայում ու Կանադայում կարող է մի սերունդ ծնվի, որը թութունի կախվածություն կունենա: Գիտնականների համոզմամբ, նարգիլե ծխողները հետագայում կարող են նաև հոգեմետ դեղորայք ընդունել:

Նարգիլեի հասցրած վնասները որոշ չափով նվազեցնելու համար հարկավոր է.

  • օգտագործել նարգիլեի միայն բարձրորակ թութուններ, ինչը ոչ ոք չի կարող երաշխավորել, և հիմնականում լուծույթի բաղադրության մեջ մտնում են տարբեր, հաճախ անհասկանալի ծագման նյութեր.
  • պարբերաբար մաքրել, լվանալ սարքի մասերը: Արգելվում է անծանոթ կամ քիչ ծանոթ մարդկանց հետ մեկ ընդհանուր ծխափողից օգտվել.
  • չօգտագործել ալկոհոլային խմիչքներ նարգիլե ծխելու հետ միաժամանակ:
  • Զարմանալի կլիներ, եթե նարգիլեի ջրամանը, բացի ջրից, այլ հեղուկներով չլցվեր. կտրականապես անթույլատրելի է ջրամանում ջրի փոխարեն սպիրտային խմիչքների կիրառումը, հետևանքները կարող են ողբերգական լինել:

 

Այսպիսով, նարգիլեի ու ծխախոտի հետևանքները գրեթե հավասարազոր են` թոքերի, բերանի խոռոչի քաղցկեղ, սրտի, արյունատար անոթների հիվանդություններ, փոքր քաշով երեխաների ծնունդ (եթե ծխում է հղի կինը) և իհարկե` կախվածություն: Բացասական հետևանքները կախված են օգտագործման տևողությունից և հաճախականությունից: Նաև կան լուրջ վտանգներ սարքի անբավարար մաքրման և որոշ վարակների ներթափանցման տեսանկյունից:

Մի՛ վտանգիր քո առողջությունը և արմատավորի՛ր միմիայն առողջ սովորույթներ: