Մի քանի փաստ, որ կստիպեն քեզ թողնել ծխելը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով տարեկան ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի պատճառով: Երկրորդային ծխի ազդեցությունը պատասխանատու է լրացուցիչ 1.2 միլիոն մահերի համար` հիմնականում կապված սիրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի հետ:
Ինչո՞ւ թողնել ծխելը, չէ՞ որ դա այնքան էլ հեշտ չէ: Արդյո՞ք ծխող մարդը չի վտանգի իր առողջությունը` կտրուկ թողնելով ծխելը: Համոզված ենք, որ քո մոտ ևս առաջացել են նման հարցեր: Փորձենք պարզաբանել:
Հայտնի փաստ է` որքան ավելի վաղ է մարդը սկսում ծխել, այնքան ավելի մեծ է վտանգը նրա առողջության համար: Ինչևէ, անկախ այն փաստից, թե քանի տարի ես ծխում և ինչքան շատ գլանակ ես օգտագործում օրական կտրվածքով, թողնելը միշտ օգուտ է տալու:
Հրաժարվելով ծխախոտից`դու կնվազեցնես մի շարք վտանգավոր հիվանդությունների ռիսկը, որոնց թիվը բավականին շատ է: Ի դեպ, իջնում է ոչ միայն քաղցկեղային հիվանդությունների (այդ թվում թոքերի քաղցկեղի) ռիսկը, այլ նաև տարբեր սիրտանոթային հիվանդությունների, կաթվածի, թոքերի էմֆիզեմայի, ասթմայի, իմպոտենցիայի և այլ խնդիրների զարգացման վտանգը:
Բացի այդ, թողնելով ծխելը` դու նաև օգնում ես ավելի մաքուր դարձնել օդը քո շրջապատում 🙂 և իջեցնում ես նաև քեզ շրջապատող մարդկանց` երկրորդային ծխի ազդեցության ենթարկվողների մոտ նշված վտանգավոր հիվանդությունների ռիսկը: Միևնույն ժամանակ, նվազում է երեխաների մոտ` շնչառական և ականջի ինֆեկցիաների, կանանց մոտ` պտղաբերության և հղիության հետ կապված խնդիրների հավանականությունը:
Այո՛, մի՛ զարմացիր, բայց երկրորդային ծուխը նույնքան վտանգավոր է այսպես կոչված պասիվ ծխող մարդկանց համար, ինչքան և բուն ծխելը 🙁 Հատկապես խոցելի են փոքր երեխաները և հղի կանայք:
Չնայած բոլոր տարիքային խմբերում օգուտները հայտնի են և կարևոր, ցանկալի է հրաժարվել ծխախոտից հնարավորինս վաղ, այսինքն` թողնել հենց հիմա:
Ծխախոտի մեջ պարունակովող նիկոտինը ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական (քիմիական) կախվածություն առաջացնող նյութ է: Ծխախոտային կախվածությամբ պայմանավորված ծխախոտի օգտագործումը պետք է դիտարկել որպես քրոնիկ հիվանդություն, որն ավելի հաճախ ձեռք է բերվում հենց երիտասարդ տարիքում: Ինչքան երկար ես ծխում, այդքան ավելի դժվար կլինի թողնել ծխելը: Ինչևէ, դա բավականին հարաբերական է: Քո շրջապատում հաստատ կգտնես բազմաթիվ հաջողված փորձեր, այդ թվում «ստաժավոր» ծխողների մեջ 🙂 Ծխախոտի օգտագործումը կարող է դադարեցվել կարճ ժամանակով կամ ամբողջ կյանքի համար` նպաստելով առողջական վիճակի զգալի բարելավմանը: Ուրեմն, ընդունի՛ր ճիշտ որոշում և դրսևորի՛ր կամքի ուժ` որոշումդ կյանքի կոչելու համար:
Եվ այսպես, ծխելը թողնելը թույլ կտա վաղ սկսել կազդուրվել քո մարմնի վրա ծխախոտի թողած վնասներից: Բոլոր դեպքերում, օգուտից բացի վնաս հաստատ չի լինի: Ցանկացած տարիքում թողնելով ծխելը` կարելի է երկարացնել կյանքի տևողությունը և որակը:
- Արդեն 20 րոպե անց, մարդու մոտ արյան ճնշումը և սրտի զարկերի հաճախականությունը պակասում են:
- Ծխախոտը թողնելուց հետո 12 ժամ անց օրգանիզմում շմոլ գազի (CO) քանակը հասնում է նորմայի:
- 2-ից 12 շաբաթ անց բարելավվում է արյան շրջանառությունը և թոքերի ֆունկցիան:
- 1-ից 9 ամիս հետո պակասում է քրոնիկ հազը և հևոցը:
- 2 շաբաթից մինչև 3 ամիս չծխելու դեպքում` սկսում է իջնել սրտամկանի ինֆարկտի ռիսկը, իսկ մեկ տարի անց`կրկնակի իջնում է սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը:
- 5-ից 15 տարի հետո կաթվածի զարգացման ռիսկը իջնում է` հավասարվելով չծխող մարդու մոտ առկա ռիսկին:
- 10 տարի հետո թոքի քաղցկեղի ռիսկը կրկնակի պակասում է, իջնում է նաև բերանի խոռոչի, ըմպանի, կերակրափողի, միզապարկի, արգանդի պարանոցի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղների ռիսկը:
- 15 տարի անց նախկինում ծխող մարդու մոտ սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը հավասարվում է չծխող մարդու մոտ առկա ռիսկին:
- Եթե սրտի նոպա ունեցող մարդը թողնում է ծխել, նրա մոտ հաջորդ նոպայի ռիսկը իջնում է 50%-ով:
Կարծում ենք, այդ փաստարկները համոզիչ են:
Ուրեմն, արժե՛ մեկ անգամ ևս մտածել առողջության մասին և ընդունել ճիշտ որոշում: Համոզված եղի՛ր, որ դու կարող ես թողնել ծխելը: Հավատա՛ քո ուժերին, և ամեն ինչ կստացվի: Եթե զգում ես դրա կարիքը, կարող ես դիմել ծխելը դադարեցնելու մասնագետին:
Հիշի՛ր, որ երբեք ուշ չէ թողնել ծխելը: Դա միայն օգուտ է տալու: Իսկ տնտեսած գումարը հաստատ ավելորդ չի լինի 🙂
Իսկ եթե չես ծխում, հրաշալի՜ է, քո դիրքորոշումը միանշանակ ճիշտ է և ծառայում է ի օգուտ քո և քո ընտանիքի առողջության և բարեկեցության:
Աղբյուր` who.int, U.S. Department of Health and Human Services: