Ընկճախտ…(մաս 2)
Նախորդ հոդվածում խոսեցինք դեպրեսիայի ամենացայտուն նշանի մասին` կյանքից և սիրելի զբաղմունքներից հաճույք ստանալու կարողության կորուստ:
- Ընկճախտի մյուս արտահայտություններն են էներգիայի պակասը, դյուրահոգնածությունը և դանդաղաշարժությունը:
Ինչպես գրել է Էնդրյու Սոլոմոնը` «…մարդկանց թվում է, որ ընկճախտը պարզապես տխրություն է, բայց իրականում դա ավելին է, քան սովորական տխրությունը»: Այդ վիճակը կոչվում է հոգեշարժական արգելակում:
Նման վիճակում մարդու մոտ նկատվում է մտածողական պրոցեսների դանդաղում, ուժասպառություն, նա իրեն զգում է թույլ ու տկար և դժվարությամբ է կատարում առօրյա ամենապարզ գործողությունները: Արտահայտված հոգեշարժական արգելակումը խանգարում է մարդուն հոգալ սեփական կարիքները, և նա ուրիշների օգնության կարիք ունի:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ ծանր ընկճախտ ունեցող մարդը պարզապես ծույլ է և անտրամադիր: Իրականում ընկճախտի բոլոր արտահայտությունները հոգեկան հողի վրա են, սակայն նկատվում է նաև «մարմնական» դրսևորումներ, երբ տուժում են ֆիզիկական գործընթացները: Իսկ այդ դրսևորումները օրգանիզմի պատասխանն է ուժեղ սթրեսին:
- Մեղքի զգացում.
Հիշենք մեր ուսանողին: Երեկոյան նա կարող է ակամայից հիշել անցած օրը տեղի ունեցած պատահարը կամ սխալ արարքը: Հետո հիշում է նման իրավիճակ, որ տեղի էր ունեցել տարիներ առաջ, սկսում է ինքն իրեն մեղադրել և ափսոսալ արած- չարածի համար: Հանկարծ տղան լսում է հեռախոսի զանգը կամ մայրիկի ձայնը, և միտքը գնում է այլ ուղությամբ: Նա որոշում է այդ մասին այլևս չմտածել կամ խոստանում է մյուս անգամ լրիվ այլ կերպ վարվել:
Սա նորմալ ռեակցիա է. բոլոր մարդիկ ունենում են պահեր, երբ առաջանում է մեղքի կամ ափսոսանքի զգացում: Սովորաբար նման մտքերը երկար չեն պահպանվում, և մարդը կարողանում է թողնել տխուր մտքերը և ուշադրությունը կենտրոնացնել առօրյա խնդիրներին:
Ընկճախտի դեպքում նախկինում տեղի ունեցած իրադարձությունը մարդու գլխից դուրս չի գալիս, և նա անընդմեջ մտածում է այդ մասին 🙁 Նրան թվում է, թե հենց այդ ժամանակվանից հետո նրա կյանքը «թարսվեց», և դժբախտությունները հետապնդում են իրեն: Բացասական հույզերը կարող են հասնել զառանցանքի, երբ մարդն իրեն մեղավոր է զգում իր հետ կապ չունեցող դեպքի համար: Նա իրեն զգում է անպետք և անբան, դառնում է հոռետես. նույնիսկ արտաքուստ նորմալ պայմաններում ոչ մի լավ բան չի նկատում և սպասում է վատին: Նա նաև կարող է որոշել, որ լուրջ հիվանդություն ունի:
Սեփական մեղավորության մեջ համոզված` մարդը տանջում է ինքն իրեն: Գալիս է մի պահ, երբ նա զգում է, որ հայտնվել է արատավոր շրջանակում, որից չկա ելք: Թվում է, թե կյանքը անիմաստ է, քանի որ ինքը մեղավոր է բոլոր դժբախտությունների մեջ, և ոչինչ փոխել այլևս հնարավոր չէ: Հենց այսպիսի մտքեր բերում են ինքնասպանության:
- Ընկճախտի մյուս ախտանշանը ինքնավնասումն է և ինքնասպանության մասին մտքերը:
Այսպիսի մտքերին կարող է հանգեցնել հաճույք ստանալու կարողության կարուստը, անպետքության և մեղքի զգացումը, արտահայտված տկարությունը: Հաճախ ինքնավնասումը պայմանավորված է մեղքի զգացումով, և մարդուն կարող է թվալ, որ այդպես նա ինքն իրեն պատժում է:
! Եթե ձեր ծանոթի կամ ընկերոջ մոտ նկատվում են նման մտքեր, սա ահազանգ է հրատապ օգնության դիմելու համար:
Նման վիճակում մարդը կարող է դինել ծայրահեղ քայլերի և պետք է գտնվի հսկողության տակ: Բժիշկը կնշանակի համապատսխան դեղորայք, որպեսզի հիվանդին հանի այդ իրավիճակից:
- Քնի խանգարում.
Կրկին համեմատենք վատ տրամադրությունը և ընկճախտը մեր ուսանողի օրինակով: Պատկերացնենք, որ տղան վիճեց ընկերուհու հետ: Բնականաբար, նրա տրամադրությունը փչացավ, նա նեղված է: Այդ օրը և հաջորդ մի քանի օրերին նա չի կարող հանգիստ քնել` անընդհատ մտածելով դեպքի մասին: Սակայն, բավական է, որ հաշտվեն աղջկա հետ, քունը կարգավորվում է, և նա քուն է մտնում պառկելուն պես 🙂
Իհարկե, նրա կյանքում դեռ կլինեն անքուն գիշերներ, նույնիսկ գիշերային մղձավանջներ, բայց ժամանակ առ ժամանակ:
Ընկճախտով հիվանդ մարդն ունենում է քնի խանգարումներ, որոնք կայուն են և օրինաչափ: Կարող է լինել անքնություն, գիշերային արթնացումներ կամ չափից երկար քուն և ցերեկային քնկոտություն: Բավական է մարդը պառկի և փորձի քնել, նրա մտքին գալիս են ծանր ապրումները, անհասկանալի տագնապը: Այս խանգարումները դառնում են մշտական:
Ծանր ընկճախտի դեպքում այս օրինաչափությունը հստակ է. մարդը քնում է անհանգիստ, հաճախ արթնանում է, առավոտյան զարթնում է ուժասպառ, սովորական ժամանակից 2-3 ժամ շուտ: Նա չի կարող նորմալ հանգստանալ, քանի որ քնի ցիկլը խանգարված է, արդյունքում նա իրեն զգում է գերհոգնած և ընկճված:
- Սննդային վարքագծի խանգարումներ.
Ֆիլմերում և սերիալներում հաճախ են ցույց տալիս մարդկանց, ովքեր իրենց սթրեսը կամ «դեպրեսիան» անցկացնում են քաղցր կամ համեղ բան ուտելով: Իրականում մարդիկ իսկապես պայքարում են վշտի դեմ ուտելով, ինչը թույլ է տալիս նվազեցնել սթրեսի հորմոնի արտադրությունը: Շոկոլադը մեր տղա ուսանողին կօգնի բարձրացնել վատ գնահատականի պատճառով փչացած տրամադրությունը 🙂
Ընկճախտի դեպքում խախտվում է օրգանիզմում հատուկ նյութերի հավասարակշռությունը, որը, սակայն, չի կարող նորմալանալ քացրից: Եթե ընկճված մարդը լավ տրամադրություն ունենալու համար փորձում է համեղ մի բան ուտել, ոչինչ չի փոխվում, իսկ տրամադրությունն էլ ավելի է վատանում:
Մյուս տարբերակը վատ ախորժակն է, ինչը նպաստում է ֆիզիկական հյուծման և վիճակի վատացման: Քանի որ ընկճախտով մարդը դառնում է անտարբեր սննդի նկատմամբ և կորցնում է ուտելուց հաճույք ստանալու կարողությունը (ուտում է «էնքան որ սովից չմեռնի»), նա չունի ոչ ուժ, ոչ էլ ցանկություն ճաշ պատրաստելու կամ սնունդ գնելու համար:
Եվ այսպես,
Թվարկած նշանների առկայությունը խոսում է ընկճախտի, իսկ դրանց համադրությունը` վիճակի ծանրության մասին: Թեթև դեպքերում կարող է լինել մեկ-երկու նշան, տրամադրության անկում կարող է և չնկատվել, այնուամենայնիվ, միևնույնը` պահանջվում է միջամտություն:
Ընկճախտի նշանները կարող են հուշել հիվանդության մասին, բայց ախտորոշումը, բնականաբար, դնում է միայն բժիշկը: Ուստի, եթե տեսնում եք նման արտահայտություններ, պարտադիր դիմեք մասնագետի, հատկապես, եթե իրավիճակը դառնում է հրատապ (առկա է ինքնասպանության վտանգ):
Շարունակելի…
Աղբյուր` https://ology.sh/healthygrowth/