Ընկճախտ (դեպրեսիա) vs. վատ տրամադրություն

Վատ լուրերը, ծնողների կամ ընկերների հետ վեճը, ցածր գնահատական ստանալը դպրոցում` դրանք այն պատճառներն են, որոնք փչացնում են մարդու տրամադրությունը: Արդյունքում մի քանի օրվա ընթացքում բացասական ապրումների և հույզերի պատճառով անտրամադիր ենք և որոշում ենք, որ ունենք դեպրեսիա: Իրականում լրիվ նորմալ և բնական է ժամական առ ժամանակ լինել տխուր, ունենալ վատ տրամադրություն և բացասական հույզեր, չէ՞ որ այսպես մենք պատասխանում ենք շրջապատի իրադարձություններին և դժվարություններին:
Իհարկե, բոլոր մարդիկ ունենում են ծանր ապրումներ, երբ օրինակ` մահանում է հարազատը (այստեղ խոսքը գնում է տխրության հատուկ տեսակի` վշտի մասին): Սովորաբար մարդկանց մեծամասնությունը կարողանում է վերապրել և հաղթահարել այդ բացասական հույզերը որոշակի ժամանակվա ընթացքում` ինքնուրույն կամ ուրիշների հոգատար վերաբերմունքի շնորհիվ:
Սակայն, ընկճախտ հիվանդություն ունեցող մարդը ինքնուրույն չի կարող կարգավորել սեփական հոգեկան վիճակը և դուրս գալ ծանր ընկճվածությունից` ոչ մեկ շաբաթվա, ոչ էլ մեկ ամսվա ընթացքում 🙁
Ինչո՞ւ է զարգանում դեպրեսիան (ընկճախտը)
Գիտնականներն ունեն մի քանի տեսություններ ընկճախտի զարգացման վերաբերյալ: Հիվանդությունն առաջանում է կենսաբանական, հոգեբանական և սոցիալական գործոնների համադրության պատճառով: Դեր ունի ժառանգական և ընտանեկան նախատրամադրվածությունը:
Ապացուցվել է, որ մեր օրգանիզմում ծանր հոգեկան ապրումների և ֆիզիկական ցավի ժամանակ արտադրվում են միանման քիմիական նյութեր: Ընկճախտի զարգացման ամենատարածված տեսությունն է մոնոամինային, որը բացատրում է հիվադության զարգացումը հատուկ նյութերի (նեյրոմեդիատորների) փոխանակության խանգարումներով` խախտելով նյարդային ազդակների փախանցումը և ուղեղի նորմալ գործունեությունը:
Մոնոամինային տեսություն | +> |
---|---|
Տարբեր նեյրոմեդիատորների փոխանակության մեխանիզմները բարդ են, ուստի դժվար է հստակ ասել, թե կոնկրետ որի պակասն է առաջացնում ընկճախտ: Ինչևէ, հիվանդության ժամանակ օգտագործվող հատուկ դեղերը (հակադեպրեսանտներ) հիմնականում աշխատում են սերոտոնինի քանակը բարձրացնելու ճանապարհով:
Նյարդային հարմարվողականության տեսություն
Գոյություն ունի ընկճախտի զարգացման այլ տեսություն` նյարդային հարմարվողականության: Այս տերմինը բացատրվում է հետևյալ կերպ. մեր ուղեղում նյարդային բջիջների միջև կապերը մշտական չեն, անընդմեջ տեղի են ունենում փոփոխություններ, նոր փորձի արդյունքում խզվում են հին կապերը և առաջանում նորերը: Նոր տպավորությունները, ստացած ինֆորմացիան, մարտահրավերները նպաստում են նոր կապերի առաջացման:
Սակայն մշտական սթրեսը բացասաբար է անդրադառնում ուղեղի գործունեության վրա: Նյարդային ազդակներ փոխանցող բջիջների վերջավորությունների քանակը պակասում է, արդյունքում վատանում է հիշողությունը, տրամադրությունը, ժամանակի հետ` նաև ինտելեկտուալ ունակությունները 🙁
Ընկճախտի բուժման համար օգտագործվող դեղերը, ազդելով միջնորդված ձևով, նպաստում են նյարդային հարմարվողականության վերականգնմանը: Սակայն երբեմն` ոչ լիովին:
Ընկճախտի նշանները
Ինչևէ, բարդ տեսությունները թողնենք գիտնականներին, իսկ մենք խոսենք ընկճախտի արտահայտությունների մասին:
Ընկճախտի ժամանակ մարդու մոտ զարգանում են տիպիկ նշաններ, որոնք օգնում են մասնագետներին ախտորոշել հիվանդությունը: Մեր հոդվածներում կանդրադառնանք ընկճախտի մասին վկայող 6 ամենացայտուն նշաններին: Ի դեպ, գանգատների թիվը ավելի մեծ է, և դրանք կարող են տարբեր ձևով համադրվել:
Եթե բացասական մտքերը և տրամադրության անկումը տևում են երկար` շաբաթներ, նկատվում են գրեթե ամեն օր, պետք է մտածել լուրջ հիվանդության մասին և դիմել մասնագետին` հոգեթերապևտին կամ հոգեբույժին:
- Ընկճախտի առաջին և հիմնական ախտանշանը կյանքից և սիրելի զբաղմունքներից հաճույք ստանալու անկարողությունն է: Այդ երևույթը կոչվում է «անհեդոնիա» (հուներենից «հեդոնիա»` հաճույք ստանալ):
Մեզանից շատերն են ունենում են վատ տրամադրության դրվագներ, երբ ոչինչ չի ուրախացնում, կորում է կյանքից հաճույք ստանալու ունակությունը: Այդ իսկ պատճառով դեպրեսիան անվանում են ընկճախտ: Սակայն հիվանդության ժամանակ ամեն ինչ շատ ավելի լուրջ է:
Օրինակ, պատկերացնենք մի ուսանողի, ով հիմնականում բավարարված է սեփական կյանքով. համալսարանի ճանապարհին նա հաճույք է ստանում լավ եղանակից, հանդիպած աղջկա արտաքին տեսքից, ուշադրություն է դարձնում յուրօրինակ մարդկանց և տեսարժան վայրերին, նկատում է ուշագրավ իրադարձություններ, ձանձրանում է որոշ դասերից և գրքերից, բայց սիրում է կարդալ հետաքրքիր բաներ, վիճում է դասընկերների հետ և հաշտվում, հաճույքով ուտում է պաղպաղակ, ժամանակ է անցկացնում ընկերների հետ:
Պատկերացրեք, որ առավոտյան տրանսպորտում նրա ոտքը տրորեցին: Բնականաբար, նա տհաճություն կզգա, կբարկանա, գուցե օրվա ընթացքում կհիշի պատահարը և կնեղվի, որ իր նոր կոշիկը կեղտոտելուց` «գոնե մի հատ ներողություն չխնդրեցին»: Ինչևէ, որոշ ժամանակ հետո նա կհանգստանա և չի էլ մտածի այդ պատահարի մասին: Չէ՞ որ երեկոյան տանը նրան սպասում է մայրիկի պատրաստած համեղ ճաշը, սիրելի ֆիլմը կամ ընկերոջ հետ հանդիպումը… 🙂
Սակայն ընկճախտի դեպքում մարդը կորցնում է հետաքրքրությունը և՛ ավտուբուսային պատահարի, և՛ դասերի, և՛ լավ եղանակի, և՛ ընտանիքի, և՛ ուտելիքի, և՛ սիրելի ֆիլմերի նկատմամբ, իսկ առօրյա զբաղմունքներն ընկալում է իբրև ծանր բեռ:
Ինչպես ընկճախտի մասին ասել է նեյրոկենսաբան Ռոբերթ Սապոլսկին. «Մարդիկ ունակ են երջանկություն և հաճույք գտնել ցանկացած, նույնիսկ ամենադժվար իրավիճակում, այդ իսկ պատճառով դժվար է պատկերացնել ավելի վատ հիվանդություն, որի հիմնական նշանն է հաճույք ստանալու ունակության կորուստը»:
Շարունակելի….
Աղբյուր` https://ology.sh/healthygrowth/