Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Արդյոք կարևո՞ր է, թե երբ ես ուտում

Շատերին հայտնի է, որ կարևոր է հետևել սննդակարգին և վերահսկել, թե ինչ ես ուտում: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ մեր սննդակարգի բաղադրությունը ազդում է մեր առողջական վիճակի վրա: Ներկայումս մասնագետները ակտիվորեն ուսումնասիրում են նաև սնվելու պարբերականության մասին հարցը և հասկանում, որ կարևոր է նաև, թե երբ ես ուտում:

Մեր հեռավոր նախնիները շատ դեպքերում սնվել են ոչ կանոնավոր, քանի որ եղել են ժամանակներ, երբ սնունդը անհասանելի էր կամ չէր բավարարում: Փաստորեն նրանք ստիպված են եղել բավականին երկար ժամանակ քաղցած մնալ: 🙁

Պատմության ընթացքում տաբեր գյուտեր, ինչպես օրինակ` սառնարանների և սառցախցիկների ստեղծումը, արհեստական լուսավորության և տրանսպորտային միջոցների առկայությունը լիովին փոխել են իրավիճակը և նպաստել, որ սնունդը հասանելի լինի գրեթե միշտ և ամենուրեք: 🙂

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները, մանակրկիտ ուսումնասիրելով մարդու սննդակարգը, պարզել են, որ ներկայումս մեր սննդային վարքագիծը և սնվելու սովորույթները բավականին փոխվել են, և միջինում մարդը ուտում է և՛ ավելի շատ, և՛ ավելի հաճախ (օրական կտրվածքով միջինում 14-ժամվա ընթացքում):

Ուսումնասիրությունները փաստում են, որ սննդի նման «մշտական» ընդունումը կարող է բերել որոշակի խնդիրների: Գիտնականները սկսեցին ուսումնասիրել տարբեր սահմանափակող դիետաների և ծոմապահության ազդեցությունը մարդու առողջության վրա:

Հաճախակի ուտե՞լ, թե՞ ոչ

Սահմանափակող և ընդմիջվող սննդակարգը հիմնականում կենտրոնացած է սնվելու ժամերի վրա: Գոյություն ունեն բազում «դիետաներ», որոնց հիմքում «ընդմիջվող» չուտելն է, երբ մարդը սնվում է որոշակի ժամերին և ունենում է բավականին մեծ ընդմիջումներ սննդի ընդունումների միջև կամ պարբերաբար անում այսպես կոչված «բեռնաթափման օրեր» (այդ օրվա ընթացքում ընդունելով շատ քիչ կալորիաներ):

Ինչևէ, նախկինում գիտնականները խորը չէին ուսումնասիրել նման սննդակարգի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Հետազոտությունների մեծամասնությունը կատարվել է լաբորատոր բջիջների կամ կենդանիների վրա: Որոշ կենդանիների մոտ սահմանափակող սննդակարգը նվազեցնում է շաքարախտի, սրտի և մտավոր ունակությունների կորստի հավանականությունը, առաջացնում է ծերացման գործընթացների դանդաղում և նույնիսկ որոշ տեսակի քաղցկեղների պակասում: 😮

Մարդկանց շրջանում կատարված նախնական հետազոտությունները ցույց են տվել որոշակի դրական փոփոխություններ շաքարի մակարդակի, արյան ճնշման ավելի լավ կարգավորման և բորբոքման նշանների պակասելու առումով: Քաղցած մնալը նաև բերում է քաշի որոշակի իջեցման: Այժմ գիտնականները ուսումնասիրում են, թե դրական փոփոխությունները կապված են քաշի իջեցման, թե՞ բուն քաղցած մնալու հետ:

Մարմնակազմության փոփոխություն և այլ առողջական օգուտներ

Շատ մարդկանց համար քաղցած մնալու և «դիետա» պահելու հիմնական դրդող պատճառը նիհարելու ցանկությունն է: Նրանք հետևում են օրվա ընթացքում օգտագործած և ծախսած կալորիաներին: Ինչևէ, մասնագետները պնդում են, որ դա միշտ չէ, որ արդյունք է տալիս, իսկ որոշ մարդկանց մոտ բերում է հոգեբանական շեղումների: 🙁

Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տվել, որ ավելցուկային քաշ և ճարպակալում ունեցող այն մեծահասակները, ովքեր խիստ սահմանափակել են իրենց սննդակարգի կալորիականությունը կամ առհասարակ չեն կերել որոշակի ժամանակահատվածի ընթացքում, կորցրել են մոտ 6.8 կգ 2 ամսվա ընթացքում: Հետազոտողները եզրակացրել են, որ որոշ մարդկանց համար ամենօրյա կտրվածքով կալորիաների սահմանափակումը լավ տարբերակ է, մյուսները նիհարելու նպատակով  կարող են պարզապես ունենալ «բեռնաթափման» օրեր կամ «ընդմիջվող» սննդակարգ:

Փաստորեն ամեն մարդու համար լավագույն սննդակարգը այն է, որ լավ է տարվում և արդյունք է տալիս: Այժմ հետազոտությունները շարունակվում են ավելի երկարատև հետևանքների ուղղությամբ:

Կորտնի Պետերսոնը Ալաբամայի համալսարանից հետազոտել է նախադիաբետ ունեցող տղամարդկանց, ովքեր պահել են «ընդմիջվող» սննդակարգ 5 շաբաթների ընթացքում` սնվելով ժամը 8-ից մինչև 14-ը, որից հետո քաղցած են մնացել հաջորդ 18 ժամերի ընթացքում: Ի դեպ, նրանք կերել են իրենց սովորական սննդամթերքները: Հետաքրքիր է, որ նրանցից ոչ ոք զգալիորեն չիջեցրեց քաշը: Սակայն նրանց մոտ տեղի են ունեցել այլ դրական փոփոխություններ` արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորում, արյան ճնշման իջեցում: 😮

Այս տվյալները ցույց են տալիս, որ սննդի ընդունման միջև ընդմիջումների որոշակի երկարացումը և առհասարակ սնվելու ժամանակը, նույնիսկ եթե քաշի վրա էապես չի անդրադառնում, կարող է թողնել դրական ազդեցություն որոշ մարդկանց մոտ:

Ժամանակ առ ժամանակ քաղցած մնալը կարող է ունենալ դրական ազդեցություն, ինչևէ, մասնագետները նախազգուշացնում են, որ կարող են լինել նաև անսպասելի ազդեցություններ, որոնց մասին մենք դեռ լավ չգիտենք:

Քաղցած մնալը որոշ մարդկանց մոտ կարող է նպաստել լուրջ առողջական խնդիրների առաջացման: Այսպես, ուսումնասիրությունները փաստում են, որ սննդի ընդունման միջև երկրար (16-17 ժամ) ընդմիջումներ անողներն ունեն լեղապարկի քարերի առաջացման բարձր ռիսկ և ավելի հաճախ են ենթարկվում վիրահատական միջամտության` լեղաքարային հիվանդության կապակցությամբ: 🙁

Այնուամենայնիվ, մեծամասնության համար 12 ժամվա ընթացքում սնվելը և 12 ժամ ընդմիջում տալը անվտանգ է: Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են նաև տարբեր սահմանափակող սննդակարգեր (պակաս վտանգավոր են, քան «ծոմապահությունը»): Օրինակ, մեկ ամսվա ընթացքում 5-օրյա «դիետան» ներառում է ցածր կալորիականություն ունեցող տարբեր սննդամթերքների ընդունում: Երեք ամիս հետո հետազոտողները պարզել են, որ «դիետայի» հետևորդներն իջեցրել են քաշը և նվազեցրել որոշ քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը:

Սակայն… 

Մասնագետները հորդորում են լինել շատ զգույշ և խուսափել գիտականորեն չհիմնավորված «դիետաներից»:

Եթե մարդը որոշել է քիչ ուտել, նախ պարտադիր պետք է խորհրդակցի մասնագետի հետ: Որոշ առողջական խնդիրներ ունենալու և դեղորայք ընդունելու պարագայում քաղցած մնալը հակացուցված է, իսկ մի շարք սննդակարգեր կարող են լինել նույնիսկ վտանգավոր:

«Դիետա» պահելը հատկապես վտանգավոր է դեռահասների համար, քանի որ կարող է բերել աճի և զարգացման համար կարևոր սննդային նյութերի պակասի և տարբեր առողջական և հոգեբանական խնդիրների առաջացման (ընդհուպ մինչև նյարդային անորեքսիա): 🙁

! Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սնվելու պարբերականությունը և ժամերը կարևոր են, սակայն սննդակարգի բաղադրամասերը, այնուամենայնիվ, ավելի կարևոր են:

Այսպիսով, նույնիսկ, եթե դու պարբերաբար սահմանափակում ես սնունդը կամ պաս ես պահում, դու պետք է օգտագործես առողջ և ռացիոնալ սննդակարգ:

Եթե սննդակարգդ առողջ է և հաշվեկշռված, իսկ դու ֆիզիկապես ակտիվ ես, ապա կարիք չկա տանջելու քեզ «դիետաներով»:

 

 

Կազմեց Ե.Մովսեսյանը

Աղբյուր` https://newsinhealth.nih.gov/