Խոսենք իմիջի մասին
Իմիջ (լատիներեն – imaginis) բառացի նշանակում է պատկեր, արտացոլում:
Իմիջ հասկացությանը մոտ հասկացություններից են կարծիք, համբավ: Փաստորեն իմիջը մարդու մասին այն կարծիքն է, որը ձևավորվում է մարդկանց որոշակի խմբի մոտ` անձի տեսանելի հատկանիշների հիման վրա:
Սովորաբար իմիջը բնորոշում են որպես պատկեր, որը նպատակային կերպով ձևավորում է անձը մարդկանց մոտ որոշակի տպավորություն ստեղծելու համար:
Բավականին հաճախ իմիջը սահմանվում է որպես օբյեկտի նպատակաուղղված արտացոլման կամ պատկերի ստեղծումը մարդկանց գիտակցության մեջ: Իմիջը իրազեկում է կոնկրետ` օբյեկտին հատուկ նշանների մասին` ինչպես իրական կամ ուղղակի վերագրվող: Ի դեպ, իմիջը դինամիկ է, այն փոփոխվում է համապատասխան իմիջը կրողի կամ խմբային գիտակցության փոփոխման դեպքում:
Իմիջը հաճախ շփոթում ու նույնացնում են համբավի հետ, այն ինչ համբավը որևէ մեկի մասին դրական կամ բացասական կարծիքն է, ձևավորված տվյալ մարդու արժեքների, թերությունների մասին հասարակական կարծիքի հիման վրա:
Հետաքրքրական է, որ իմիջը կարող է ազդել ինչպես անհատների, այնպես էլ խմբերի գործողությունների, հույզերի, գիտակցության վրա, երբ օրինակ մարդիկ նախապատվություն են տալիս որևէ ապրանքի, բանկի, խանութի: Ի դեպ, այն բավականին լայն օգտագործվում է մարքետինգում` արտադրանքը գովազդելու համար:
Իմիջաբանության տեսանկյունից իմիջը մարդու, խմբի նպատակաուղղված, պրոֆեսիոնալ ջանքերն են` ուղղված վերջիններիս որևէ հստակ գործունեության հաջողության բարձրացմանը, և լսարանի մոտ սուբյեկտիվ հոգեբանական էֆեկտի ձեռքբերումը: Այն լայնորեն օգտագործվում է օրինակ քաղաքականության մեջ:
Իսկ իմիջմեյքերը (մասնագետ, ով օգնում է ձևավորել անձի գրավիչ, հիշվող կերպարը և ցուցադրել նրա դրական հատկանիշները 🙂 ) Ժամանակակից պահանջված մասնագիտություններից է:
Իսկ դու ինչպիսի՞ իմիջ ունես կամ ցանկանում ես ձևավորել:
Կիսվիր այդ մասին մեր սոց.խմբերում:
Աղբյուր` https://psylab.am/