Ինչպես սովորել սիրել սեփական մարմինը (մաս 2)
Նախորդ հոդվածում մենք անդրադարձանք այն խնդրին, թե ինչից է առաջանում մեր անվստահությունը և սեփական մարմնի նկատմամբ բացասական վերաբերմունքը: Իսկ ի՞նչ է օգնում ազատվել արտաքին տեսքի հետ կապված ավելորդ ամաչկոտությունից և անհամարձակությունից:
Ինչպե՞ս սովորել ընդունել ինքդ քեզ, քո մարմինը:
Մարդկանց մեծ մասն ունի այս կամ այն «թերությունները», ոմանք` նույնիսկ տարբեր բարդույթներ: Սակայն ոչ բոլորն են ցույց տալիս իրենց անհամարձակությունը և վախը կամ կարողանում են հաղթահարել այն: ☺️Չափազանց կարևոր է սովորել ուշադրություն դարձնել մարդկանց դրական և ուժեղ կողմերին և փակել աչքերը որոշ թերությունների վրա:
Եթե դու ցանկանում ես, որ մտերիմ մարդն իմանա քո վախերի մասին, անվստահ ես, որ նա քեզ ընդունում է քո «թերություններով» հանդերձ, դու կարող ես բարձրաձայնել և քննարկել այդ հարցը նրա հետ: Կարող ես խնդրել ընկերոջդ օգնել քեզ զգալ ավելի ինքնավստահ, օրինակ` հաճոյախոսություններ անելով կամ ուշադրություն դարձնելով քո լավ և ուժեղ կողմերին և արտահայտելով դրական կարծիքը:
Կարող եք միասին գնալ խանութ և ընտրել այնպիսի հագուստ, որը կընդգծի քո գեղեցկությունը և կքողարկի թերությունները: Կարող եք միասին ընտրել ոճային սանրվածք և մակիաժ, որ կընդգծի քո դիմագծերը և քո յուրահատկությունը 🙂
«Ես ամենահմայիչն եմ և ամենագրավիչը»
Մյուս խորհուրդը` կարևոր է սիրել և գնահատել ինքդ քեզ, այդ թվում նաև սիրել սեփական մարմինը: Չէ՞ որ ի շնորհիվ այդ մարմնի մենք կարող ենք քայլել, նստել, պարել, լողալ, սիրել և սիրված լինել և առհասարակ ապրել և վայելել կյանքը:
Ավելին, հարկավոր է ձեռք բերել ինքնավստահություն և ընդունել ինքդ քեզ: Իհարկե, սեփական ինքնագնահատականը բարձրացնելու համար անհրաժեշտ է որոշակի ջանքեր գործադրել: Ինքնավստահությունը միանգամից չի առաջանում, բայց քո գործադրած ջանքերը ի վերջո կտան լավ արդյունք:
Հիշո՞ւմ եք հայտնի սովետական կինոնկարը, որտեղ գլխավոր հերոսուհուն խորհուրդ տվեցին հաճախ կրկնել` «Ես ամենահմայիչն եմ և ամենագրավիչը» ☺️ Թվում է, ծիծաղելի և դատարկ բա՞ն է: Հնարավոր է, բայց այստեղ կա նաև խորը իմաստ: Հաճախ այդպիսի դրական դիրքորոշումը բավական արդյունավետ է, և նման վարժությունները պետք է դարձնել ամենօրյա սովորություն:
Ուրեմն, սեփական մարմինն ընդունելու համար բոլորովին պարտադիր չէ ունենալ կատարյալ արտաքին տեսք: Կարևոր է իմանալ, որ քո գլխավոր նպատակն է առողջ լինել և լավ ինքնազգացողություն ունենալ, իսկ մարդկանց էսթետիկ նախասիրությունները խիստ անցողիկ են և տարաբնույթ: Եվ չմոռանաս հավատալ այն բարի խոսքերին, որ դու ասում ես ինքդ քեզ 🙂 Այո′, չզարմանաս, բայց պարբերաբար պետք է ինքդ քեզ գովես:
Ուրեմն ի՞նչ, երբեք չկաշկանդվե՞լ:
Այսպիսով, կան իրավիճակներ, երբ պետք է հաղթահարել սեփական անվստահությունը և ամաչկոտությունը, սակայն կան նաև իրավիճակներ, երբ պետք չէ քեզ կոտրել և դուրս գալ կոմֆորտի գոտուց: Բնականաբար, դու պետք է լսես ինքդ քեզ, իր ներքին ձայնը, ուշադրություն դարձնես մարմնի ազդանշաններին, և եթե զգում ես արտահայտված անհարմարություն` ֆիզիկապես կամ հոգեպես, համարում ես ինչ-որ բան խիստ անտեղի, չարժե քեզ կոտրել:
Իհարկե, որոշակի անհարմարության պահը պետք է փորձես հաղթահարել, որպեսզի կարողանաս առաջ գնալ, այսպես է տեղի ունենում ներքին աճը: 🙂
Ինչևէ, եթե դու ունես նրբանկատ և հասկացող ընկերներ, ապա ամաչկոտությունն ավելի հեշտ կհաղթահարես: Սակայն, եթե դու գտնվում ես լրիվ անծանոթ մարդկանց շրջապատում և համոզված չես, որ քեզ ճիշտ կհասկանան, ապա լավ կլինի խուսափել հնարավոր անհարմար իրավիճակներից:
Իսկ թե ինչպես դառնալ ավելի ինքնավստահ, կարդա′ մեր կայքի մյուս հոդվածներում:
Նյութի աղբյուր` https://ology.sh/healthygrowth/strakh-svoego-tela/: Նկարիչ` Կատյա Շեստակովա: