Երբ քեզ օգնություն է հարկավոր…
Ժամանակ առ ժամանակ ցանկացած մարդ հայտնվում է մի իրավիճակում, երբ ինքնուրույն լուծում գտնել հնարավոր չէ կամ շատ դժվար է, և մեզ անհրաժեշտ է ուրիշների օգնությունը: Դու ինքդ կարող ես շատ այդպիսի օրինակներ հիշել: Օգնություն խնդրելը բոլորովին էլ չի նշանակում, որ դու մյուսներից թույլ ես կամ խեղճ, քանի որ իրար օգնելը լրիվ բնական երևույթ է մարդկային հարաբերություններում: Սակայն իրականում արդյո՞ք միշտ այդքան հեշտ է օգնություն խնդրել: Երբեմն նույնիսկ խնդրել հարկավոր չէ. մեր ընկերները, ծանոթները, ծնողները իրենք են առաջարկում որևէ բանով օգտակար լինել, բայց մենք հրաժարվում ենք: Ինչու՞:
Մեկին խանգարում է չափազանց ամաչկոտ լինելը, մյուսը միշտ սեփական ուժերի վրա է հույս դնում, մեկ ուրիշն էլ պատրաստ չէ շրջապատողներին ցույց տալ, որ ինքնուրույն չի կարող պրոբլեմը լուծել.
- չեմ ուզում ուրիշին նեղություն տալ,
- անհարմար եմ զգում ինչ-որ մեկին խնդրել,
- ինքս գլուխ կհանեմ, ինքս կարող եմ ամեն ինչ անել,
- օգնություն են խնդրում միայն թույլ մարդիկ,
- դա էր պակաս, որ օգնություն խնդրեմ ուրիշից:
Բացի այդ, երբեմն մարդիկ վախենում են մերժում ստանալ ի պատասխան իրենց խնդրանքի, հատկապես եթե ունեցել են նման բացասական փորձ: Պետք չէ այդ պատճառով ապրումների մեջ ընկնել: Պարզապես մարդը կամ չի կարողացել, կամ էլ չի ցանկացել օգնության գալ, և միշտ կգտնվի ուրիշ մեկը, ով կկարողանա քեզ օգնել:
Ինչպե՞ս օգնություն խնդրել: Առաջին հերթին պետք է ընդունել, որ քեզ օգնություն է հարկավոր: Նաև հավատալ, որ օգնության դիմելը և օգնելը սովորական բաներ են, մարդկանց միջև շփման բնական ձև, որը թույլ է տալիս ավելի լավ իրար ճանաչել և լավ հարաբերություններ հաստատել:
Բերենք մի քանի իրավիճակներ, երբ քեզ անհրաժեշտ է օգնություն խնդրել: Ծնողներդ բաժանվում են, և դու քեզ շատ վատ, միայնակ և մեղավոր ես զգում: Ընկերդ, ով անցել է նույն իրավիճակով, կարող է օգնել քեզ հաղթահարելու քո տխրությունը: Քո ուսուցիչը կարող է օգնել և խորհուրդ տալ համալսարանի ընտրության և փաստաթղթերի լրացման հարցում: Եթե քեզ հետապնդում են կամ ճնշում գործադրում, կարող ես դիմել ծնողիդ կամ մեկ այլ վստահելի մեծահասակին:
Օգնություն խնդրելու ունակությունը կարելի է վարժեցնել: Ցանկալի է սկսել փոքր խնդրանքներից, երբ դու ունես լավ տրամադրություն: Այս դեպքում ամեն ինչ հեշտ և բնական կստացվի, և մերժում ստանալու դեպքում ոչ մի վախենալու կամ վատ բան չի լինի:
Բոլորովին պետք չէ թաքցնել քո խնդրանքը կամ արտահայտվել երկար-բարակ, բարդ նախադասություններով: Կարելի է և պետք է արտահայտվել շատ հստակ ձևով, օրինակ`
- ես ուզում եմ քեզ խնդրել ինձ օգնել…
- Ինձ պետք է քո օգնությունը…
- Դու չէի՞ր կարող…
- Կարո՞ղ եմ քեզ խնդրել…
Բայց, չարժե առաջին պատահածի հետ կիսվել խնդիրներով և զգացմունքներով, ավելի ճիշտ է, որ նա լինի այն մարդը, ում դու լրիվ վստահում ես: Եվ իհարկե, մի մոռացիր միշտ շնորհակալություն հայտնել ստացած օգնության համար:
Ընկերներդ, ծնողներդ, ուսուցիչդ և այլ ծանոթ մեծահասակները միշտ օգնության կգան, բայց կան իրավիճակներ, հատկապես կապված առողջության և հիվանդության, հոգեկան ապրումների կամ անձնական հարցերի հետ, երբ քեզ հարկավոր է լրացուցիչ օժանդակություն և ավելի մասնագիտացված օգնություն: Այն կարող ես ստանալ հոգեբանից, բուժաշխատողից կամ խորհրդատուից առողջության և հոգեբանական աջակցության կենտրոններում, որոշ երիտասարդական կենտրոններում, կամ էլ մասնագիտացված կայքերում անանուն նամակագրության միջոցով: Դիմի′ր, առանց քաշվելու, և քեզ անպայման կօգնեն:
Կարող ես գրել մեզ այս կայքի միջոցով կամ հրատապ դեպքերում զանգել թեժ գծի հեռախոսահամարներով (տե′ս Օգտակար ռեսուրսներ բաժինը):
Ֆոտոն գտել ենք այստեղ: