Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սեռը գենդեր չէ

«Գենդեր», «գենդերային հավասարություն» հասկացությունները ներկայումս բոլորի կողմից հաճախ են օգտագործվում, չնայած քչերը կարող են ճիշտ և հասկանալի բացատրել, թե ինչ է դա: Փորձենք մանրամասնել:

Սեռ և գենդեր հասկացությունների միջև կա ընդհանրություն, սակայն կան շատ տարբերություններ: Երկու հասկացությունները վերաբերում են մարդկանց բնութագրող հատկանիշներին: Բայց սեռը բնորոշ է շատ կենդանիներին և բույսերին, իսկ գենդերը ոչ մի կապ չունի կենդանական և բուսական աշխարհի հետ, առավել ևս անշունչ առարկաների: Եվ այսպես, սեռը կենսաբանական հատկանիշ է: Բոլոր մարդիկ ծնվում են կենսաբանորեն տարբեր` արական կամ իգական սեռի, տղա կամ աղջիկ (շատ հազվադեպ հանդիպում են որոշ հիվանդություններ, երբ սեռը դժվար է տարբերակել): Իր հերթին գենդերը մարդու բնութագիրն է հասարակության տեսակետից, այսինքն` սոցիալական վիճակ է:

Սեռը  վերաբերում է կենսաբանական բնութագրերին, որոնք տարբերակում են կնոջը տղամարդուց:
Գենդերը  վերաբերում է սոցիալական դերերին, վարքագծին, գործունեության տեսակներին և այնպիսի բնութագրիչներին, որոնք վերագրվում են  տղամարդկանց և կանանց տվյալ հասարակությունում:

Երբ ասում են գենդերային, նկատի ունեն այն որակները կամ բնութագրերը, որոնք հասարակությունն է վերագրում յուրաքանչյուր սեռին: Մարդիկ ծնվում են արական կամ իգական սեռի, սակայն երեխան սովորում է լինել կին կամ տղամարդ դաստիարակման, հասարակության պահանջների և շրջապատող մարդկանց ազդեցության արդյունքում:

gender

Սեռային հատկանիշների կամ բնութագրիչների օրինակներն են` +

Գենդերային բնութագրերի օրինակներ (հասարակական պատկերացումների`կարծրատիպերի հիման վրա)` +

Բացատրենք հասկանալի լեզվով: Գենդերային բնութագրիչն այն է, ինչ հասարակությունը սպասում է տղայից կամ աղջկանից, այսինքն նախապես վերագրում է նրան այս կամ այն «գենդերայի դերեր»: Այդ դերերը համապատասխանում են կոնկրետ երկրում և տեղանքում տարածված գենդերային պատկերացումներին` կարծրատիպերին: Վերջիններս հաճախ ենթադրում են որոշակի գենդերային անհավասարություն: Դու, իհարկե, գիտես, որ կան շատ լավ ֆուտբոլ խաղացող աղջիկներ և հրաշալի պարող տղաներ:

football girl

Գենդերային դերերը այն նորմերն են և վարքագիծը կամ պահելաձևը, հաճախ և մտածելակերպը («ա՜խ, էդ կանանց տրամաբանությունից գլուխ չես հանի», «դու պետք է տղամարդու պես քեզ պահես»), որը վերագրվում է աղջիկներին և տղաներին, կանանց և տղամարդկանց հասարակության կողմից: Այդ դերերը շատ տարբեր են, կախված պատմական և մշակութային սովորույթներից և ավանդույթներից, սոցիալական և տնտեսական զարգացման մակարդակից, տեղանքից և կոնկրետ հասարակության տեսակից: Հաճախ մեծ քաղաքում և փոքր գյուղում դրանք տարբերվում են: 

Ընտանիքը, դպրոցը, զանգվածային լրատվության միջոցները, համացանցը, կինոնկարները և շատ տարբեր գործոններ ոչ միայն ազդում են մարդու գենդերային դերերի ձևավորման վրա, այլ ծառայում են գենդերային կարծրատիպերի (պատկերացումների) պահպանմանը և փոխանցմանը:

Օրինակ` կինոնկարներում կինը հաճախ պասիվ դերում է, տղամարդն է նրան ընտրում, առաջինը մոտենում և ուշադրություն ցուցաբերում, սեր բացատրում, առևանգում կամ խաբում է աղջկան, նրանից հեռանում:

glitter audrey girl

Իսկ տղամարդ կինոհերոսը հաճախ սուպերմեն է, գեղեցիկ կնոջ սիրտը գրավող և մարդկությունը փրկող խիզախ տղա կամ էլ սրիկա, բացասական հերոս, որը փորձում է այդ  կանանց և ողջ մարդկությունը կործանել: Այնուամենայնիվ, տղամարդիկ հաճախ ցուցադրվում են իբրև ուժեղ, առնական, ակտիվ, հնարամիտ:

green lantern joker scientist

Կինոնկարները, նորությունները, գովազդը միշտ ընդգծում են «կատարյալ տղամարդու» այդ հատկանիշները` ուժը, աշխատանքում և սիրո մեջ հաջողությունները, իսկ կանանց հաճախ գնահատում են արտաքին հատկանիշներով: Բացի այդ, կանացի գեղեցկությունը լայնորեն օգտագործվում է գովազդում Մեդիա զոմբիացում»)` սպառողների ուշադրությունը գրավելու համար:

Գենդերային պատկերացումները և համապատասխանաբար` գենդերային դերերը փոփոխվում են ժամանակի հետ: Դեռ նախորդ դարի սկզբին ենթադրվում էր, որ կանայք զբաղված էին տնային գործերով և երեխաներով, իսկ տղամարդիկ` գումար վաստակելով և ընտանիքը պահելով: Որոշ գենդերային կարծրատիպեր կարող են հանգեցնել բացասական հետևանքների, երբ օրինակ` «կնոջ տեղը խոհանոցում է» ասելով, արդարացվում է աղջիկներին ուսումը շարունակելուց զրկելը կամ «տղամարդ է, թո՛ղ ծխի, խմի, ման գա» ասելով, նպաստում են հոգեմետ միջոցների չարաշահմանը, անպատասխանատու վարքագծին և առողջության խաթարմանը:

Կան շատ ասույթներ այդ թեմայով.
«Աղջկա լավ լինելը հարս դառնալուց կերևա»:
«Տղամարդը դրսի պատն է, կինը` ներսի»:
«Ծամը երկար, խելքը` կարճ»:
«Կնոջ արցունքը աչքի ծերին է»:

Այսօր կանանց և տղամարդկանց դերերը շատ բաներում հավասարվել են. կանայք տղամարդկանց պես աշխատում են, ղեկավարում ձեռնարկություններ (և պետություններ), ընտանիք են պահում, երեխա դաստիարակում և հոգ տանում մտերիմների համար:

4896822030_e7fa872658_b
Այնուամենայնիվ, նկատի ունեցիր, որ ցանկացած մարդ, անկախ սեռից, ունի հավասար իրավունքներ, հնարավորություններ և պարտականություններ կյանքի բոլոր ոլորտներում: Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ ունեն հավասար իրավունք կրթություն ստանալու, բուժծառայություններից օգտվելու, մասնագիտություն ստանալու, նույն աշխատանքի դիմաց հավասարապես վարձատրություն ստանալու, պետական կառավարմանը մասնակցելու, սեփական տաղանդը իրագործելու արվեստի և ստեղծագործության մեջ և ինքնուրույն որոշելու, թե ում հետ և երբ ընտանիք կազմել, երեխա ունենալ և ինչպես դաստիարակել երեխաներին:

Գենդերային հավասարությունը այն է, երբ կանանց և տղամարդկանց համար տրամադրվում են հավասար հնարավորություններ հասարակական և անձնական կյանքի բոլոր ոլորտներում: Դա չի նշանակում, որ երկու սեռերը նույն են: Ավելի ճիշտ այն, որ չնայած սեռերի միջև առկա տարբերության` կանայք և տղամարդիկ լրիվ հավասար են իրենց իրավունքների և արժանապատվության հարգանքի մեջ:

Հնարավոր է, լսել ես սեռով պայմանավորված կամ այսպես կոչված` սելեկտիվ (ընտրողական) աբորտների մասին, երբ որոշ երկրներում (նաև Հայաստանում) կինը կամ ամուսնական զույգը, չծնված երեխայի սեռը որոշելուց հետո, դիմում է հղիության արհեստական ընդհատման` նախապատվությունը տալով կոնկրետ սեռի երեխային: Սովորաբար, Հայաստանում և ասիական այն երկրներում, որտեղ առկա է նման երևույթը, նախապատվությունը տրվում է տղա երեխայի ծնվելուն, հատկապես, եթե ընտանիքում արդեն կա աղջիկ երեխա: Սա սեռով պայմանավորված խտրականության տիպիկ օրինակներից է, իսկ այդ երևույթը դատապարտվում է շատերի կողմից:  Չէ՞ որ ցանկացած երեխա Աստծո պարգևն է, և չի կարելի զրկել չծնված երեխային ապրելու իրավունքից, առավելևս նրա սեռի պատճառով: Առաջարկում ենք քեզ մտորել այդ հարցի շուրջ: