Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կանխարգելում ենք պապիլոմավիրուսային վարակը

Մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ) սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված վարակներից մեկն է, որի հետ առնչվում է սեռական կյանք վարող մարդկանց մինչև 70%-ը: Ինչո՞վ է վտանգավոր այս հիվանդությունը: Ինչպե՞ս պայքարել հիվանդության դեմ:

Հայտնի է, որ Մարդու պապիլոմավիրուսային վարակը (ՄՊՎ) ամենատարածված սեռավարակներից մեկն է: Ապացուցվել է, որ աշխարհի բնակչության շուրջ 13%-ը, իսկ ակտիվ սեռական կյանք վարող մարդկանց 70-80%-ն իրենց կյանքում հանդիպել են վիրուսի այս կամ այն տեսակի հետ։

Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ վարակված անձանց մեծ մասի մոտ վիրուսը փոխանցվել է սեռական կյանքի առաջին 2-3 տարիների ընթացքում։ Սեռական զուգընկերների հաճախակի փոփոխությունը 10 անգամ ավելի է մեծացնում պապիլոմավիրուսային վարակի վտանգը։ 😮

Պապիլոմավիրուսային վարակը հիմնականում փոխանցվում է սեռական հարաբերությունների ժամանակ, սակայն կարող է փոխանցվել վարակակիր զուգընկերոջ մաշկի կամ լորձաթաղանթի հետ շփման միջոցով։

Պապիլոմավիրուսով վարակմանն ավելի հակված են դեռահաս աղջիկները և երիտասարդ կանայք։ 

 

Այս վարակը հիմնականում ընթանում է առանց ակնհայտ նշանների և ախտորոշվում է հատուկ հետազոտման ընթացքում: ՄՊՎ կարող է առաջացնել սեռական գորտնուկներ, այլ նորագոյացություններ, կանանց մոտ` արգանդի պարանոցի լորձաթաղանթի ախտահարում:

Պապիլոմավիրուսի որոշ վտանգավոր տեսակներ (շտամներ) կնոջ մոտ կարող են հանգեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի, տղամարդկանց մոտ` առնանդամի քաղցկեղի: ՄՊՎ առանձին տեսակներ առաջացնում են նաև այլ քաղցկեղներ` հետանցքի, վուլվայի քաղցկեղ, կոկորդի և ըմպանի պապիլոմատոզ ախտահարում:

 

Պապիլոմավիրուսային վարակը ամբողջությամբ չի բուժվում, սակայն արդյունավետորեն կարող է կանխարգելվել պատվաստման շնորհիվ։ Հետևաբար, վարակից պաշտպանության լավագույն միջոցը կանխարգելիչ պատվաստումն է։

Պատվաստման ժամանակ ներարկվում է վիրուսի սպիտակուցային մասնիկը, որը չի կարող առաջացնել հիվանդություն, սակայն մարդու օրգանիզմում առաջացնում է իմունային պատասխան, այսինքն` հատուկ հակամարմինների սինթեզ, որոնք կպաշտպանեն մարդուն վարակից վիրուսի հետ հանդիպելիս:

Մասնագետների կարծիքով, ՄՊՎ դեպ պատվաստումը թույլ կտա ապագայում կանխարգելել զգալի թվով քաղցկեղի դեպքեր 🙂  Իսկ արգանդի պարանոցի լորձաթաղանթի ախտահարումները և քաղցկեղային փոփոխությունները վաղ հայտնաբերելու նպատակով` կնոջն անհրաժեշտ է անցնել հատուկ հետազոտություն` հանձնելով ՊԱՊ քսուք:

ՄՊՎ դեպ պատվաստումը խորհուրդ է տրվում իրականացնել մինչև վիրուսի հետ հանդիպելը, այսինքն դեռահասության շրջանում, մինչ սեռական կյանքի սկիզբը:

Շատ երկրներում ՄՊՎ դեմ պատվաստումն իրականացվում է աղջիկների շրջանում, որոշ երկրներում պատվաստում են նաև տղաներին, ինչպես նաև երիտասարդ կանանց։ Հայաստանում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է Գարդասիլ պատվաստանյութով` դեռահաս աղջիկների շրջանում: Ի դեպ, կարող են պատվաստվել նաև ոչ վարակակիր կանայք (մինչև 40-45 տ.): Այս պատվաստանյութը պարունակում է 4 ամենավտանգավոր (քաղցկեղ առաջացնող) շտամներ: Վարակից ամբողջական պաշտպանություն ապահովելու համար անհրաժեշտ է պատվաստանյութի 2 դեղաչափ, իսկ 15-16 տարեկանից բարձր անձանց` 3 դեղաչափ:

Բազմաթիվ հետազոտությունների տվյալները շարունակում են վկայել, որ ՄՊՎ պատվաստանյութն անվտանգ է և արդյունավետ:

Ի դեպ, վերջերս Շվեդիան պատվաստումների օրացույցում ընդգրկել է նաև դեռահաս տղաներին: Հիշեցնենք, որ Շվեդիայում ՄՊՎ-ի դեմ պատվաստումն իրականացվում է դեռահաս աղջիկների շրջանում սկսած 2010թ.-ից:

 

Եվ այսպես, կանխարգելե′ք ՄՊՎ-ը` իրականացնելով կանխարգելիչ պատվաստումներ:

 

Որոշ մանրամասներ ՄՊՎ -ի և պատվաստման մասին կարող ես կարդալ այս նյութում:

 

Աղբյուրներ` www.who.int, www.cdc.gov/HPV: