Պատերազմներ ծնողների հետ
– Էդ ու՞ր ես գնում: Ման գալու՞: Իսկ դասերդ արե՞լ ես: Ինչու՞ գլխարկ չես դրել, հե՛տ արի: Տանը լինես ժամը 7-ին և ոչ մի րոպե չուշանալ:
Շատ հնարավոր է, որ այսպիսի խոսքերը քեզ ծանոթ են, և ամենայն հավանականությամբ, դու ի պատասխան բարկանում ես, վրդովվում, երբեմն` նաև խոսքեր ասում: Բայց… Մեր մեջ մնա: Ծնողներիդ էլ հեշտ չէ: Հիշիր, թե քանի տարի նրանք կառավարել են քո կյանքը, որոշել են, թե ինչ հագնել և ինչ ուտել, ինչպիսի գրքեր կարդալ, որ խաղերը խաղալ, երբ գնալ քնելու, երբ արթնանալ, ում հետ ընկերություն անել, իսկ ումից` խուսափել: Նրանք սովոր են հոգս տանել քո մասին, և այժմ, երբ դու արդեն կարող ես ինքնուրույն քո գլխի ճառը տեսնել, նրանք շարունակում են անհանգստանալ և հոգալ քո մասին, հսկել քո կյանքը, ինչպես դա արել են անցյալում: Եվ առաջանում է մի տարօրինակ վիճակ, կարծես արատավոր շրջան` դու ուզում ես, որ քեզ վերջապես ինքնուրույնության իրավունք տան, իսկ ծնողներդ շարունակում են քեզ որպես երեխա ընկալել: Եվ եթե խոսքը գնար միայն հագուստի ընտրության կամ երաժշտության բարձրության մասին, դա դեռ կարելի է հանդուրժել: Բայց նրանք փորձում են քո փոխարեն ընտրել, թե ում հետ ընկերություն անել և նույնիսկ` ում սիրահարվել…
Հենց այն ժամանակաշրջանը, երբ դու սովորում ես պաշտպանել քո ինքնուրույնությունը և անկախությունը, շատ ընտանիքներում հանդիսանում է ամենալարված և նույնիսկ ճգնաժամային` երեխաների և ծնողների միջև հարաբերությունների տեսակետից: Քեզ կարող է թվալ, որ ընտանիքում քեզ չեն հարգում, քո կարծիքը հաշվի չեն առնում: Բայց չէ՞ որ նույն ձևով մտածում են քո ծնողները: Մի բան էլ ավել, նրանք իսկապես անհանգստանում են, վախենում են, որ առանց նրանց խորհուրդների դու կարող ես շատ սխալներ անել և վտանգավոր իրավիճակներում հայտնվել:
Եվ ի՞նչ անել: Ինչպե՞ս հաշտեցնել այդ երկու շատ տարբեր տեսակետները: Ինչպե՞ս զերծ մնալ «պատերազմական գործողություններից», լինի դա առիթով, թե առանց առիթի: Ահա մի քանի պարզ, բայց շատ ազդեցիկ խորհուրդներ: Փորձարկված է:
Հարգանք և քաղաքավարություն: Նույնիսկ, երբ ծնողներիդ խոսքերը, որոշումները քեզ թվում են անարդար, դու պետք է նրանց վերաբերվես հարգանքով: Դա բոլորովին չի նշանակում, որ դու չունես քո սեփական կարծիքը կամ ամբողջությամբ կկատարես նրանց խրատները և հրահանգները: Դու կարող ես և պետք է ասես, թե կոնկրետ ինչը քեզ չի բավարարում: Ամբողջ իմաստը նրանում է, թե դա ինչպես կասես: Առաջարկում ենք օգտագործել որոշակի արտահայտություններ` «Ես հարգում եմ քո կարծիքը, բայց ուզում եմ ասել, որ …», «Ես ձեզ լսեցի, հիմա խնդրում եմ, լսեք նաև ինձ»:
Սեփական սխալի ընդունում: Երևի թե հիշում ես մի ասացվածք` «ով ոչինչ չի անում, նա չի սխալվում»:
Շփում: Մի ափսոսիր ժամանակ պատմելու և տեղեկացնելու հարազատներին քո կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, պատմիր քո գործերի, հետաքրքրությունների և պլանների մասին: Ինչքան շատ ծնողներդ գիտեն քո մասին, այնքան նրանք քեզ կվստահեն և ուրեմն` անհրաժեշտություն չեն ունենա վերահսկելու քո ամեն մի քայլը:
Փոխվել «դերերով»: Անհասկացողության և ըմբռնողության բացակայության իրավիճակում շատ օգնում է հասարակ մի հնարք` մտովի փոխվել տեղերով վեճի մյուս կողմի հետ: Փորձի՛ր քեզ դնել ծնողներիդ տեղում և շատ հնարավոր է, կկարողանաս տեսնել ամեն ինչ այլ աչքերով: Կարելի է առաջարկել ծնողներին «մտնել քո կաշվի մեջ», չէ՞ որ նրանք էլ են երեխա և դեռահաս եղել և հաստատ պայքարել են սեփական որոշումներ կայացնելու իրավունքի համար:
Չկռվել, այլ ընկերություն անել: Ժամանակի հետ, երբ դու կսովորես ինքդ ապահովել սեփական անվտանգությունը և ինքնուրույն լուծել քո խնդիրները, գնահատել քո ուժերը և հնարավորությունները, ձեր կոնֆլիկտները և վեճերը աստիճանաբար կպակասեն և կվերջանան: Բայց նույնիսկ ամենասուր պահերին և դժվար ժամանակներում մի՛ մոռացիր, որ քո ծնողները միշտ քո կողմից են:
Ծնողների հետ շփման մասին կարդա նաև`
Շփում ծնողների հետ (մաս 1)
Շփում ծնողների հետ (մաս 2)