Ծանոթություն ծնողների հետ
Քայլ առ քայլ
Եթե քո սիրած մարդու ծնողների հետ սպասվող ծանոթությունը ձեզ երկուսիդ էլ վախեցնում է` ոտքերը թուլանում են, իսկ հարցուփորձի մասին մտքերից պատվում ես սառը քրտնքով 🙂 , արժե բաժանել այս կարևոր քայլը մի քանի փուլերի:
Առաջին. Դու իմիջիայլոց ասում ես ծնողներիդ, որ ունես ընկեր(-ուհի), ում հետ ժամադրվում եք: Եվ այդ ժամանակ պատմում ես նրա մասին որևէ լավ բան, գովում ես:
Երկրորդ. Դուք միասին մտնում եք տուն մի քանի վայրկյանով, մի բան (գիրք, հեռախոս, անձրևանոց կամ դրամապանակ) վերցնելու պատռվակով, հենց միջանցքում նրան ներկայացնում ես ծնողներիդ, այնուհետ դուք հեռանում եք: Այսպես ծնողներդ կկարողանան կազմել առաջին տպավորությունը, մյուս կողմից չեն հասցնի տանջել հարցուփորձով: Իսկ հետո կարող եք անցնել միասին թեյ խմելու գործընթացի պլանավորմանը, հնարավոր է` համատեղ ճաշի ընտանեկան շրջապատում: Ավելի սերտ ծանոթությունը պահանջում է ավելի լուրջ նախապատրաստություն: 🙁
Հաջողված իմպրովիզացիան լավ նախապատրաստման արդյունք է
Ցանկացած կարևոր հանդիպումից առաջ անհրաժեշտ է իմանալ այն մարդկանց անունները, ում հետ պատրաստվում ես շփվել: Անգիր արա ընկերոջդ (ընկերուհուդ) մայրիկի և հայրիկի, ինչպես նաև տատիկի և ընտանիքի ավագ անդամների անունները, ցանկալի է նաև ազգանունները և հայրանունները: Իհարկե, եթե ձեր հանդիպմանը ներկա են լինելու ընտանիքի կրտսեր անդամներ, նրանց անուններն իմանալը ևս անհրաժեշտ է:
- Նախապես հարցրու ընկերոջդ, թե ինչով են զբաղվում և հետաքրքրվում նրա ծնողները, միասին մտածեք շփման թեմաներ: Եթե մանրամասնորեն քննարկելու հնարավորություն չեք ունեցել, խնդիր չկա, կարող ես դա դարձնել ձեր շփման թեմաներից մեկը:
- Նախապատրաստվիր, որ քեզ հարցոփորձ են անելու, հարցնելու են տարբեր բաներ: Չէ՞ որ նրանց շատ հետաքրքիր է, թե ինչու իրենց աղջիկը կամ տղան ընտրել են քեզ, և ոչ հարևանի տղային/ աղջկան: Նրանք կարող են հարցնել քո կամ ձեր համատեղ ապագայի պլանների, հետաքրքրությունների, վնասակար սովորությունների, ուսումնական առաջադիմության և նույնիսկ քո ծնողների մասին: Սա ծանոթության բնական ընթացքն է, հանգիստ և ըմբռնումով վերաբերվիր դրան:
Ահա թե ինչ տեսք ունեմ, երբ ճաշում ենք ընկերուհուս ծնողների հետ
- Նախապես համաձայնեցրու, թե ինչ ես քո հետ բերելու` ծաղկեփունջ, ծաղկամանով բույս, շոկոլադ կամ տորթ, գուցե փոքրիկ հուշանվեր: Իհարկե, դա նաև կախված է քո ֆինանսական հնարավորություններից, բայց բոլոր դեպքերում դատարկ ձեռքով հյուր գնալը, հատկապես առաջին անգամ, վատ սովորություն է: Մյուս կողմից, չարժե նաև չափն անցնել, ծախսելով քո ունեցած ամբողջ գումարը` ընկերոջդ ծնողներին առատաձեռնությամբ զարմացնելու համար:
Քո գրավիչ արտաքին տեսքը
Հագնվիր կոկիկ և մաքուր: Նույնիսկ եթե դու հագնվում ես շատ նորաձև և վառ ոճի մեջ, աշխատիր, որ քո հագուստը չլինի չափազանց էքստրավագանտ, չբուրի երեկվա խնջույքի հոտերով: Աղջիկների դիմահարդարումը պետք է լինի մեղմ: Համեստությունը և բնական պահելաձևը կօգնեն լավ առաջին տպավորություն թողնել:
Հանդիպմանը գնա ժամանակին: Էլ ի՞նչ կարող ենք ավելացնել 🙂
«X» ժամը. ինչպե՞ս պետք է պահես քեզ հանդիպման ժամանակ
- Մտածիր լավ բաների մասին և հաճախ ժպտա:
- Հաճախ դիմիր ընկերոջդ ծնողներին անուն հայրանունով:
- Տղան ծանոթանալիս կարող է սեղմել հոր ձեռքը, իսկ մայրիկին կարելի է պարզապես բարևել:
- Բացի այդ, տղան կարող է վարժեցնել իր ջենտլմենական հատկանիշները` մոտեցրու աղջկա աթոռը, երբ պատրաստվում եք նստել, հոգա նրա մասին սեղանի շուրջ: Այդպես դու ցույց կտաս, որ լավ դաստիարակված ես և իսկապես կարևորում ես ձեր հարաբերությունները:
Երբ դա տեղին է, կարող ես գովել նրանց տան հարդարանքը, հյուրասիրվող ուտեստը կամ պարզապես համեղ թեյը: Կարևորն այն է, որ դա ասվի անկեղծ: Իդեալական տարբերակ է` նշել, որ նրանք ունեն փայլուն որդի/ աղջիկ, սա ոչ մի ծնողի անտարբեր չի թողնի:
- Պահպանիր զրույցը, ինքդ տուր հարցեր: Երբ քեզ հարց են ուղղում, պատասխանիր անկեղծ, շեշտելով քո դրական կողմերը: Միևնույն ժամանակ փորձիր մնալ խելամիտ սահմաններում, չարժե շատ խոսել և գլուխ գովել: Այլ խորհուրդներ, թե ինչպես լինել «շփման վարպետ», կարող ես գտնել այստեղ:
- Լավագույն տարբերակը չէ իրար գրկել և համբուրվել ծնողների ներկայությամբ, ի ցույց հանելով ձեր զգացմունքները: Ձեր սիրո արտահայտումը թողեք ձեր երկուսով շփման համար:
- Ինչպես ճիշտ նկատեց Վիննի Թուխը Ճագարին հյուր գնալուց հետո. «չարժե շատ երկար նստել ուրիշի տանը, եթե չես ուզում հայտնվել անելանելի վիճակում»: 🙂 Հետևի’ր այս խորհրդին, ինչքան էլ լավ քեզ չզգաս հանդիպման ժամանակ:
- Ընկերոջդ տուն առաջին պաշտոնական այցի ընթացքում պետք չէ առանձնանալ նրա հետ այլ սենյակում: Մի մոռացիր, որ դու առաջին հերթին այստեղ ես լավ տպավորություն թողնելու համար, և իհարկե քո համար կարևոր մարդու մասին ավելի շատ իմանալու համար:
- Հանդիպման վերջում շնորհակալություն հայտնիր տան տերերին հյուրասիրության համար:
Հանդիպումից հետո
Ամեն ինչ հաջող անցա՞վ, թե՞ ունես կասկածներ: Չարժե հեռանալուն պես անմիջապես զանգել ընկերոջդ` նրա ծնողների կարծիքը քո մասին իմանալու նպատակով: Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես որ անցավ, իսկ բոլոր մանրամասնությունները կիմանաս ձեր առաջիկա հանդիպման ժամանակ:
Եթե ամեն ինչ հարթ և հաջող անցավ, ուրախ ենք ձեր համար: Ավելի ուշ, երբ ձեր հանդիպումների ժամանակ ընկերոջդ կզանգեն ծնողները, կարող ես նրանց բարևներ ուղարկել: Դա մեկ անգամ ևս կընդգծի քո բարեհամբույր վերաբերմունքը նրանց հանդեպ:
Եթե պարզվեց, որ ձեր հանդիպումը չհաջողվեց, փորձիր ճշտել ընկերոջից, թե կոնկրետ ինչը դուր չեկավ նրա ծնողներին: Քննարկի դա քո ընկերոջ հետ: Ցանկացած դեպքում հուսահատվել պետք չէ, իրավիճակը միշտ կարելի է շտկել: Իսկ թե ինչպես, կարդա այստեղ:
Նկարի համար շնորհակալ ենք այս աղբյուրին: