«Մեդիա զոմբիացում» կամ ինչպես խուսափել մարքեթինգային հնարքներից
Զանգվածային լրատվության միջոցները (սովորաբար դրանց ասում են ԶԼՄ-ներ կամ մեդիա), ներառյալ համացանցը, ազդում են մեր կյանքի բոլոր կողմերի վրա: ԶԼՄ-ների ազդեցությունը դժվար է բնորոշել մեկ բառով, այն բազմակողմանի է և ունի և′ դրական, և′ բացասական կողմեր: Խոսենք բացասական կողմերի մասին:
Մարդու սեքսուալությունն անշուշտ ամենասիրված թեմաներից է, որ հետաքրքրություն է առաջացնում շատերի մոտ: Այդ իսկ պատճառով բիզնեսը և ԶԼՄ-ները լայն օգտագործում են սեքսուալությունը` տարբեր ապրանքների, ծառայությունների և նորությունների նկատմամբ ուշադրություն գրավելու համար: Սեռական ենթատեքստն առկա է գրեթե ամեն ապրանքի գովազդում, բացահայտ ինտիմ տեսարաններ պարունակում են շատ ֆիլմեր, իսկ համացանցում դժվար է խուսափել ձանձրացնող էրոտիկ բնույթի գովազդային պատուհաններից կամ տեքստային հաղորդագրություններից: Ի դեպ, ինտիմ հարաբերությունները ներկայացվում են պարզեցված, կոպիտ կամ խեղաթյուրված ձևով: Դժվար չէ կռահել, թե ինչպես է դա ազդում մեր վարվելակերպի, վարքագծային կանոնների, ներառյալ սեռական վարքագծի վրա: 🙁
Ժամանակակից մեդիա տարածքում մարդու գեղեցկության և սեռական գրավչության պատկերացումները բերում են դրան, որ շատ մարդիկ ընդունում են մեդիա կերպարը որպես ընդօրինակման օբյեկտ: Սա հատկապես վերաբերում է հագուստի ոճին, արտաքինին և վարվելակերպին: Ինչևէ, ցուցադրվող «գեղեցիկ» կյանքը բոլորովին էլ չի համապատասխանում իրականությանը։
Արևմտյան մշակույթն ունի որոշակի պատկերացումներ տղամարդու և կնոջ արտաքինի վերաբերյալ, որոնք իրականում շատ տարբերվում է արևելյան մշակույթին բնորոշ կամ օրինակ` աֆրիկյան ցեղերի պատկերացումներից: 🙂 Գեղեցկությունը շատ հարաբերական և անհատական հասկացություն է. տարբեր մշակույթներում և հասարակություններում, տարբեր ժամանակներում գեղեցկության ընկալումները տարբեր են եղել: Չկան գեղեցկության հստակ չափանիշներ: Եվ ի վերջո` առողջ և երջանիկ մարդն է իրականում գեղեցիկ: 🙂
Սովորական երիտասարդը տարբերվում է մեզ պարտադրվող «իդեալական» պատկերից: Դեռահասները, հատկապես աղջիկները բավականին հաճախ ունենում են կոմպլեքսներ, կապված սեփական մարմնի հետ: Ցանկացած դեռահաս զարգացման որոշակի փուլում խիստ մտահոգվում է արտաքինով և ցանկանում է ավելի գրավիչ երևալ հասակակիցների աչքերում: Անվստահ դեռահասը, հատկապես ֆիզիկական որևէ առանձնահատկություն կամ խնդիր ունեցող, իրեն համարում է ոչ գրավիչ:
Իհարկե, վատ չէ ունենալ Քիմ Քարդաշյանի արտաքինը կամ շատ լավ պարել տվերք (twerk): Բայց երբ աղջիկները նորաձև կազմվածքի պատճառաբանությամբ իրենց տանջում են «դիետաներով», օգտագործում են կասկածելի ծագման դեղամիջոցներ ու սննդային հավելումներ և նիհարում են մինչև «XXXXXS» չափսը, դա դառնում է շատ վտանգավոր: 🙁
Կամ մեկ այլ երևույթ: Հեռուստատեսությամբ և համացանցում հաճախ գովազդում են պլաստիկ վիրահատություններ, որոնք հրաշքներ են անում, փոխելով արտաքին տեսքն այնպես, որ բարձրանում է մարդու ինքնագնահատականը, նա դառնում է ավելի գրավիչ, սեքսուալ և արդյունքում` պարտադիր գտնում է սեր և երջանկություն: Մի՞թե դու հավատում ես, որ դա ճշմարտություն է: Իհարկե, ո´չ, ավելի ճիշտ` այն իմաստով, որ խոստանում է գովազդը: Վիրահատությունները միշտ չէ, որ տալիս են ցանկալի արդյունք: Որոշ մարդիկ չեն համակերպվում նոր արտաքինի հետ և չեն երջանկանում: Իսկ կան վիրահատություններ, որոնք բավականին վտանգավոր են: Եվ ինքդ մտածիր, արդյոք հնարավո՞ր է միայն արտաքինը փոխելով լուծել մարդու հոգեբանական և կյանքի բոլոր խնդիրները:
Գովազդն ասում է` գնի´ր այս զգեստը/ բաճկոնը/ կոշիկները/ մոտոցիկլետը/ ժամացույցը և կլինես գեղեցիկ, գրավիչ կամ առնական հեռոսին նման, և քո առջև կբացվեն բոլոր դռները:
Գովազդից ազատվել հնարավոր չէ, բայց որպեսզի հեշտությամբ չենթարկվես, պետք է սովորես դիտել այն քննադատաբար` ճանաչելով չափազանցված արդյունքները, անիրականանալի խոստումները կամ պարզ խաբեությունը: Հիշի´ր, որ այսպիսի մարքեթինգային հնարքների հիմնանպատակն է վաճարել շատ ապրանքներ և ներգրավել ավելի շատ մարդկանց:
Փորձիր փնտրել համացանցում հայտնի մարդկանց նկարներ` առանց շպարի, նկարներ, որոնք չեն մշակվել Photoshop ծրագրի օգնությամբ, և համեմատիր նրանց գովազդվող կերպարների հետ: Դու ամեն ինչ կտեսնես ինքդ:
Քրիստեն Ստյուարդ
Միլա Կունիս
Դուր գալու համար հարկավոր չէ ունենալ Սելենա Գոմեսի կամ Բրեդ Փիթի արտաքինը, ունենալ վերջին մոդելի iPhone կամ կրել հայտնի բրենդի հագուստ և կոշիկներ: Չէ՞ որ նորաձևությունը փոփոխվում է հաճախակի: Իսկ քեզ բավական է լինել այնպիսին, ինչպիսին դու կաս իրականում: Սիրի՛ր և գնահատի՛ր ինքդ քեզ, և կգտնվի այն իսկական մարդը, որ կսիրի քեզ քո իրական կերպարում: 🙂
Ֆոտոները գտել ենք այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ: