Սննդային վարքագծի խանգարումներ
Ժամանակակից արևմտյան մշակույթում կան որոշակի պատկերացումներ տղամարդու և կնոջ արտաքինի վերաբերյալ. հիմնականում գեղեցիկ են համարվում բարձրահասակ, նիհար կազմվածք ունեցողները, իսկ «շարքային» մարդը, բնականաբար, տարբերվում է «իդեալական» պատկերից 🙁
Մյուս կողմից, դեռահասներին շատ բնորոշ է անհանգստություն և կոմպլեքսներ` կապված սեփական արտաքինի և մարմնի հետ: Ցանկացած դեռահաս, նույնիսկ բարետես լինելով, զարգացման որոշակի փուլում խիստ մտահոգվում է սեփական արտաքինով և ցանկանում է ավելի գրավիչ երևալ հասակակիցների աչքերում: Հատկապես ֆիզիկական որևէ առանձնահատկություն կամ խնդիր ունեցող դեռահասն ինքն իրեն համարում է անհամակրելի և ոչ այդքան գրավիչ:
Մինչդեռ, հայտնի է, որ գեղեցկությունը հարաբերական հասկացություն է, և տարբեր երկրներում և մշակույթներում գեղեցիկ են համարվում շատ տարբեր, երբեմն` նույնիսկ տարօրինակ թվացող հատկանիշներ: Վստահաբար կարելի է ասել, որ մարդկանց մեծ մասի կարծիքով, եթե մարդն ունի առողջ և խնամված տեսք, բարի և գրավիչ ժպիտ, նա արդեն գեղեցիկ է 🙂
Սննդային վարքագծի խանգարումները, որոնք արտահայտվում են սննդից հրաժարումով և ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական ֆունկցիաների զգալի խանգարումներով, վերջին տասնամյակում հանդիպում են բավականին հաճախ: Որոշ մասնագետների կարծիքով դրանք հասել են համաճարակի մակարդակի: Ըստ որոշ հետազոտությունների` նյարդային անորեքսիայի տարածվածությունը 16–18 տարեկան աղջիկների շրջանում կազմում է 1:100 (այսինքն, 100 աղջիկներից մեկն ունի այս խնդիրը): Ծանր դեպքերում, հատկապես, երբ բուժումն ուշ է սկսվում, անորեքսիայից հնարավոր է նույնիսկ մահանալ: Բուլիմիան (շատակերության դրվագներ, որոնց հաջորդում են ընդունած սննդից ազատվելու գործողությունները) ավելի տարածված է, քան անորեքսիան:
Ապացուցված է, որ սննդային վարքագծի խանգարումները զարգանում են ինչպես ժառանգական, այնպես էլ տարբեր միջավայրային գործոնների ազդեցության արդյունքում:
Ո՞ր գործոններն են նպաստում անորեքիսայի զարգացմանը: | +> |
---|---|
Մասնագետները պարզել են, որ անորեքսիայի հիմքում ընկած է հոգեբանական խնդիր, երբ խանգարվում / խեղաթյուրվում է սեփական մարմնի ընկալումը և առաջանում է նիհարելու հիվանդագին ձգտում:
Ինչպե՞ս ճանաչել հիվանդությունը
Առաջին նշանները կարող են լինել նորմալ կամ նույնիսկ ցածր քաշ ունեցող մարդու կողմից սահմանափակող դիետաների կիրառումը (երբ մարդը համառորեն չի ուտում որոշակի սննդամթերքներ): Ձգտելով նիհարել` ուտում է միայն հատուկենտ մթերքներ, հաշվում է ընդունած կալորիաները, և ինչքան շատ է նիհարում, այնքան շատ է անհանգստանում ենթադրյալ «ավելորդ» կիլոգրամների պատճառով: Հատկանշական է, որ մարդն իրեն վատ չի զգում և նույնիսկ հյուծվածության աստիճանի հասած` իրեն հիվանդ չի համարում: Նրա միակ անհանգստությունը լինում է «ավելորդ քաշը»: Նա հրաժարվում է սննդից կամ ընդունում է չափազանց փոքր չափաբաժիններ, այն պարագայում, երբ սիրում է խոսել սննդի մասին և հաճույքով ուրիշների համար կերակուր է պատրաստում: Բնորոշ է սեփական քաշի և սննդակարգի մասին զրուցելուց կտրականապես հրաժարվելը, նյարդայնությունը և նույնիսկ զայրույթը, և «գեր» լինելու մեջ համոզված լինելը:
Կան երիտասարդներ, ովքեր տանջում են իրենց ծանր ֆիզիկական վարժանքներով` ցանկանալով ունենալ «բարեկազմ» մարմին: Արդյունքում, հյուծվածության պայմաններում առաջանում են նյութափոխանակության ծանր խանգարումներ, աղջիկների մոտ դադարում է դաշտանը (ինչպես հիշում ես, սեռական հորմոնները առաջանում են ճարպերից): Այդ փոփոխությունները կարող են շատ խորանալ և լինելով անդարձելի` բերել մահվան, սրտի ռիթմի ծանր խանգարումների կամ այլ ծանր բարդությունների պատճառով: 🙁
Պետք է հասկանալ, որ ծանր վիճակում հոգեբանը արդեն չի կարող օգնել, և անհրաժեշտ է հոգեբույժի, ինչպես նաև այլ բժիշկ-մասնագետների օգնությունը:
Եթե անորեքսիայի դեպքում անձը հրաժարվում է սննդից և նիհարում է, ապա բուլիմիան տարբերվում է անկառավարելի շատակերության դրվագներով, որոնք ուղեկցվում են կերածից ազատվելու փորձերով` արհեստականորեն առաջացրած փսխումներ, հոգնաների, լուծողականների և միզամուղների օգտագործում:
Նյարդային անորեքսիայով հիվանդը հաճախ ունենում է սառը վերջույթներ, չոր մաշկ, մազաթափություն, փորկապություն, գլխացավեր, ձեռքերի դող, քնկոտություն, ախորժակի բացակայություն, դանդաղ անոթազարկ և ցածր արյան ճնշում, կենտրոնանալու և որոշումներ կայացնելու դժվարություն, գրգռվածություն կամ դեպրեսիա:
Եթե քո շրջապատում նկատում ես նման անսովոր սննդային վարքագիծ դրսևորող դեռահասների, ապա նրանք հաստատ օգնության կարիք ունեն: Եվ խոսքը գնում է ոչ միայն նրանց առողջության, այլ կյանքի մասին:
Դիմի՛ր մեծահասակների և մասնագետների օգնության:
Կազմեց` Ե.Մովսեսյանը: