Սելֆիի թաքնված վտանգները
Ինչո՞ւ է սելֆին այդքան տարածված և պոպուլյար:
«Ինձ մեկնաբանում են, ուստի ես գոյություն ունեմ, ես կարևոր եմ: Ութ միլիարդանոց մոլորակի վրա ինձ նկատում են 5 կամ 10, կամ գուցե 50 մարդ…Կապ չունի թիվը, կարևորն այն է, որ ինձ նկատում են …»:
Այսպիսի մտքեր են պտտվում սելֆիմոլի մոտ: Միաժամանակ նրա սիրտը արագ բաբախում է, աչքերը փայլփլում են, հոգին ճախրում է՝ վայելքների մեջ պարուրված: Կան օգտատերեր, որոնք ամեն օր համացանցում տեղադրում են 30-ից 50 սելֆի նկար, որոշ մարդիկ միայն հանդիսավոր իրադարձությունների ժամանակ են դա անում, և կան մարդիկ, որոնք այդ ամենը հիմարություն են համարում 🙂
Բայց ինչո՞ւ են մարդիկ այդքան սիրում նկարել իրենք իրենց և կիսվել սոց.ցանցերում սեփական նկարներով` սպասելով բազմաթիվ լայքերի և մեկնաբանությունների:
Քննարկենք առավել հավանական մի քանի պատճառ.
1.Ինքնատիպության արտահայտում.
Ձեր լուսանկարին նայելով` հետաքրքրված դիտողը կարող է մի շարք եզրակացություններ անել ձեր անհատականության մասին: Լուսանկարը ձեր իսկ մասին հայտարարություն է, որոշակի սոցիալական խմբի պատկանելիության, ընտանեկան դրության, նախասիրությունների արտահայտում:
2. Անվճար գովազդ.
Սեփական նկարները համացանցում տեղադրելով` մարդ վերաբերվում է ինքն իրեն, ինչպես գովազդային պաստառի: Լուսանկարը որևէ կերպար ստեղծելու գործիք է հանդիսանում տվյալ դեպքում՝ ցույց տալու սեփական հաջողությունը, ինքնավստահությունը, բարեկեցությունը: Որոշ մարդիկ օգտագործում են սելֆին սեփական կարիերայի առաջխաղացման նպատակով:
3. Ստեղծագործելու լայն հորիզոն.
Սելֆիների դրական կողմն այն է, որ կարող ես ազատորեն և համարձակորեն գործի դնել երևակայությունդ: Եթե մարդ ստեղծագործ և կրեատիվ է, ապա սելֆիների վրա կարող է պատկերել հետաքրքիր սյուժեով, արկածախնդիր տեսարաններ:
4. Հաճույքի կարիք.
Ի տարբերություն վիրտուալ կյանքի, իրական կյանքում գովասանքի կամ հիացմունքի արժանալու համար պետք է որևէ արդյունքի հասնել ինչ-որ բնագավառում: Իսկ վիրտուալ աշխարհը հաճախ ծնում է խեղված իրականություն, որտեղ ստեղծվում է պատրանք, թե մարդ ինչ-որ կարևոր բան է արել: Եվ սելֆիմոլը մեծ հաճույք է ստանում այն փաստից, որ իր նկարը հավանել է սոցցանցի օգտատերերի մի ստվար զանգված: Մարդու օրգանիզմում հաճույքի հորմոնի մեծ քանակություն է արտադրվում, մարդ իրեն լավ և բավարարված է զգում: Սակայն այդ հաճույքը մեծամասամբ թվացյալ է և դատարկ:
5. Ինքնասիրահարվածություն կամ նարցիսիզմ.
Հիշենք Նարցիսի մասին լեգենդը` շատ գեղեցիկ մի երիտասարդի, ով տեսնելով ջրի մեջ իր արտացոլանքը` սիրահարվում է ինքն իրեն և, չկարողանալով մոտենալ, մահանում է անպատասխան սիրուց: Մարդիկ երբեմն փառամոլ են, հավանության, հիացմունքի, սեփական նշանակության կարևորության կարիք ունեն: Դժբախտաբար, չկա լայքերի և մեկնաբանությունների այնպիսի քանակություն, որ կարող է բավարարել ինքնասիրահարված անհատին: Ահա թե ինչու նրանք անթիվ սելֆիներ կանեն կրկին և կրկին` երբեմն դառնալով միանգամայն խելագառ հավանության արժանանալու համար:
Այսպիսով, պետք է գիտակցել թվացյալ և իրական աշխարհի սահմանը:
Փորձեք պատասխանել, թե ի՞նչն է Ձեր համար ավելի կարևոր` 100 հատ լայքը, թե՞ հանդիպումը վաղեմի ընկերոջ հետ:
ՀՀ Ոստիկանությունը նկարահանել է մի հետաքրքիր տեսանյութ, որտեղ զգուշացնում է սելֆիի վտանգների մասին:
Նյութի աղբյուր՝ http://hakhunts.wordpress.com/2014/08/26/selfie/